Նաիրա Զոհրաբյանը բարկացել է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 29, 2011 23:36

Կոնգրեսի հանրահավաքում ԲՀԿ-ի վերաբերյալ արված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը լուրջ խառնաշփոթ է առաջացրել քաղաքական դաշտում: Որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերեւս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին:

Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես ինքը որակեց` ընդամենը քաղաքագիտական վերլուծությունն ինչո՞ւ է նման անառողջ աժիոտաժ առաջացրել քաղաքական, եւ ոչ քաղաքական շրջանակներում: Ցանկացած ոք, ցանկացած քաղաքական գործիչ իրավունք ունի ներկայացնելու իր տեսակետն ու իր մոտեցումները` այդ թվում նաեւ առաջին նախգահը: Ի վերջո, մենք անընդհատ խոսում ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունից, հանդուրժողականությունից, Եվրոպաներում հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ամենաարդար ընտրությունները եւ հարգելու ենք յուրաքանչյուրի քվեն եւ կարծիքը: Ի՞նչն է խագարում իրականում անել այդ ամենը, նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել:

Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի անունը մարտիմեկյան ողբեգության համատեքստում շահարկելու փորձերին, ապա ես նման շահարկողներին եւ նրանց պատվիրատուներին ուղղակի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման անբարոյական քայլերից եւ չխաղալ կրակի հետ: Գագիկ Ծառուկյանը փոխանցում է, որ թե՛ ինքը, եւ թե՛ իր կուսակիցները կարեւորում են մարտիմեկյան դեպքերի ողջ իրողությունը բացահայտելը:

Իմ կողմից ավելացնեմ, որ իրոք, անչափ կարեւոր է մինչեւ նոր ընտրությունները ամբողջովին հասկանալ, թե ինչո՞ւ մեր երկրում հնարավոր եղավ մարտի 1-ը, ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց, ովքե՞ր կարող էին կանխել, որ չկանխեցին: Իսկ ընդհանրապես, բոլորին պարզ ու հասկանալի պետք է լինի, որ մենք թույլ չենք տալու շահարկել մեր կուսակցության անունը` ով էլ որ այդ շահարկողը լինի:

Ի դեպ, տարօրինակ զոգադիպությամբ` որոշակի պարբերականությամբ մամուլում սպրդում եմ նման ստահոդ տեղեկություններ, որոնց մենք դեռ երկու տարի առաջ պաշտոնապես պատասխանել ենք: Հարկ եմ համարում մեջբերել այդ հայտարարությունից մի հատված:

ՙԳագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարում է, որ հրապարակված տեղեկությունները բացարձակապես սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որևէ մեկը որևէ կերպ մարտի 1-ի դեպքերին ներգրավված չի եղել: Նման կեղծ և ստահոդ տեղեկություններ տարածողները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական պատասխանատուներից, տարաբնույթ հերյուրանքների միջոցով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանի բարի անունն ու պատիվը՚:

ՀՀ ԱԺ պատգամավոր,

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյան

 

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply