Հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար ընթացիկ տարին բավականին արդյունավետ է եղել,լուսանկարներ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 29, 2011 21:47

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Նախագահ Սարգսյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր, ընդգծելով, որ հարյուրամյակների պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար ընթացիկ տարին բավականին արդյունավետ է եղել, ինչին նպաստել են տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է ակտիվացնել  միջխորհրդարանական հարաբերությունները: Այս առումով կարևորվել է Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, պատգամավորների և պատգամավորական խմբերի փոխայցելությունները:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը և Դավիթ Բաքրաձեն խոսել են նաև հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության մասին, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների ու երկու պետությունների կյանքում: Նշվել է, որ պատմության ընթացքում դժվարին իրավիճակներում եկեղեցին փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:

Նախագահ Սարգսյանը և Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը ընդգծելով, որ երկու բարեկամ ժողովուրդների մշակույթները միշտ փոխլրացրել են միմյանց, կարևորել են դրացի երկու ժողովուրդների և պետությունների միջև համագործակցության ընդլայնումն ու հարաբերությունների շարունակական զարգացումը:

Մինչ վերոնշյալ հանդիպումները Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Երեկոյան ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և տիկին Սանդրա Ռուլովսի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

 

Դիտվել է 2274 անգամ:
Print Friendly

Leave a Reply