Թեհրանը հերքում է իր առնչությունն ադրբեջանցի հրապարակախոսի սպանության հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2011 21:14

Օրեր առաջ զինված հարձակման ենթարկված ադրբեջանցի գրող, հրապարակախոս Ռաֆիկ Թագին, որը հայտնի էր Իրանի, քաղաքական Իսլամի եւ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ, մահացել է հիվանդանոցում:

61-ամյա Ռաֆիկ Թագիի նկատմամբ կատարված հարձակման ժամանակ, վերջինս դանակի 7 հարված էր ստացել թիկունքին, որից հետո նա մեկ օր անցկացրել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այնուհետեւ բժիշկները որոշել էին, որ Թագիի կյանքին այլեւս վտանգ չէր սպառնում եւ տեղափոխել վերջինիս սովորական հիվանդասենյակ, սակայն հրապարակախոսի վիճակն անսպասելիորեն վատթարացել էր, որից հետո նա մահացել էր նոյեմբերի 23-ին:

«Ռաֆիկ Թագիի դրությունը վատթարացավ կեսօրին`մոտավորապես ժամը երեքին: Նրան սկսեցին արհեստական շնչառություն տալ, իսկ հետո որոշեցին տեղափոխել վերակենդանացման բաժին, բայց նա այդ ընթացքում մահացավ», – պատմում է մահացածի եղբայրը`Իլգար Թագիեւը, որը մինչեւ վերջին րոպեն Ռաֆիկ Թագիի հետ է եղել:

Մահվանից ընդամենը 2 ժամ առաջ Թագին այնքան լավ էր իրեն զգում, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշել էր. «Վիճակս գնահատվում է ծանր, բայց կայուն եւ չի վատթարանում»:

2006-ին Ռաֆիկ Թագին «Եվրոպան եւ մենք» խորագրով հոդված էր հրապարակել, որտեղ քննադատության էր ենթարկվում Իսլամը եւ որը նկարազարդված էր Մուհամմեդ մարգարեի հանրահայտ ծաղրանկարներով, որոնք աշխարհում վրդովմունքի ալիք էին բարձրացրել:

Հոդվածի հրապարակմանը հետեւեց 100-ից ավելի ցուցարարների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիան, որի ժամանակ հրապարակախոսին սպառնում էին սպանել: Բողոքի ցույցը տեղի էր ունեցել Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան գյուղում, որն Ադրբեջանում շիա մահմեդականների կենտրոնն է համարվում: Իսկ հարեւան Իրանում այաթոլլա Ֆազիլ Լանքյարանին մահվան ֆեթվա (վճիռ) հրապարակեց Ռաֆիկ Թագիի նկատմամբ։

Այնուհետեւ ադրբեջանական դատարանը հրապարակախոսը 3 տարվա ազատազրկման դատապարտեց կրոնական թշնամանք սերմանելու մեղադրանքով: 8 ամիս անցկացնելով անազատության մեջ`Թագին ազատ արձակվեց նախագահ Իլհամ Ալիեւ ներման հիման վրա:

Անցյալ շաբաթ հրապարակողի նկատմամբ կատարված հարձակմանը հետեւեց Ադրբեջանում Իրանի դեսպանատան արագ արձագանքը. դեսպանատան տարածած հայտարարությունը հերքում էր Թագիի դեմ կատարված հարձակման հետ իր առնչության վերաբերյալ բլոգերում տարածված ենթադրությունները: Ավելին, հայտարարության մեջ այդօրինակ պնդումները դիտարկվում եին որպես «սիոնիստական-ամերիկյան սադրանք, որը կոչված է քայքայելու իրանա-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունները»:

Մահվանից մեկ օր առաջ, Թագին IWPR-ի թղթակցին ասել էր, որ իր կարծիքով այս հարձակումը կազմակերպվել էր իր հոդվածներից դժգոհ ուժերի կողմից: Հրապարակախոսը չէր բացառել, որ հարձակման պատճառը կարող էր լինել kulis.az կայքում նոյեմբերի 11-ին հրապարակած «Իրանը եւ գլոբալիզացիայի անխուսափելիությունը» խորագրով հոդվածը, որտեղ Թագին քննադատության էր ենթարկել Իրանի աստվածապետական ռեժիմը։

«Հարձակումը, հավանաբար, կապված է իմ հոդվածների հետ, որովհետեւ ես ոչ ոքի հետ չեմ վիճել: Ենթադրում եմ, որ այն կապված էր Իրանի եւ գլոբալիզացիայի վերաբերյալ իմ հոդվածի հետ, քանի որ այս նյութը բազում ագրեսիվ արձագանքներ է ստացել», – նշել է Թագին:

Կարծիքներ կան, որ հրապարակախոսի նկատմամբ հարձակումն իրականում ադրբեջանաբնակ մահմեդական հավատացյալների շրջանում կրքերը բորբոքելու նպատակ էր հետապնդում:

«Այս միջադեպը սադրանք է`ուղղված երկրում բնակվող հավատացյալների դեմ: Կան մարդիկ, որոնք իրենց շահերն ունեն այստեղ: Այս դեպքից հետո կսկսվի թշնամիների որսը: Սա սադրանք է Իսլամի դեմ», – ասում է Ադրբեջանի Իսլամական կուսակցության փոխնախագահ Ռովշան Ահմեդովը:

Ռաֆիկ Թագիի մահը նաեւ նրա ստացած բուժման որակի վերաբերյալ կասկածների տեղիք տվեց:

«Եթե Թագիի կյանքին դեռեւս վտանգ էր սպառնում, ինչո՞ւ էին նրան սովորական հիվանդասենյակ տեղափոխել: Եթե ճգնաժամը հաղթահարված էր, ինչո՞ւ նա հանկարծամահ եղավ երեք օր անց: Կան բազում հարցեր եւ մութ կետեր, որոնց վրա անհրաժեշտ է լույս սփռել», – ասում է «Qanun» տպագրական ընկերության ներկայացուցիչ Շահբազ Խուդուօղլուն:

Իրավաբան Խալիդ Բագիրովը նշում է, որ ներկայում Թագիի մահը պետք է դիտարկվի որպես սպանություն եւ ահաբեկչական ակտ:

«Ռաֆիկ Թագին հասարակական գործիչ էր: Նրա սպանությունը հանցագործություն է հասարակության դեմ`որպես այդպիսին: Եթե հանցագործները չպատժվեն, ապա Ադրբեջանում ապրող ոչ մի այլախոհ չի կարող իրեն ապահով զգալ», – ասում է իրավաբանը:

Ռաֆիկ Թագին հայտնի էր իրանական աստվածապետական վարչակարգի եւ Ադրբեջանում քաղաքական Իսլամի վերաբերյալ իր քննադատական հրապարակումներով:

Սաբուհի Մամեդլի, Կովկաս

Կովկասյան լրատու # 619

Սաբուհի Մամեդլին www.lent.az կայքի թղթակիցն է Ադրբեջանում:

 

 

 

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply