Վարչապետը կարևորել է ԱՊՀ անդամ-պետությունների միջև քաղաքաշինության ոլորտում համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 29, 2011 19:36


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին՝ Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի գլխավորությամբ: «Վստահ եմ, որ նման հանդիպումները շատ օգտակար են, որոնք նպաստում են ոչ միայն փորձի փոխանակմանը և առկա խնդիրների լուծման նոր ուղիների ու քայլերի մշակմանը, այլև համագործակցության խորացմանը և մեր պետությունների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչն ամենակարևոր քայլերից է»,– նշել է վարչապետը:
Վիկտոր Բասարգինը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ ԱՊՀ անդամ-պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման համար, այնուհետև ներկայացրել է նիստի օրակարգը և քննարկման առաջնային հարցերը: Նիստի մասնակիցները նշել են, որ առկա են ԱՊՀ անդամ-պետությունների միջև շինարարական բնագավառի զարգացման համար հնարավոր բոլոր նախապայմանները: Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարարն ասել է, որ այդ ուղղությամբ մշակված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է լիցենզավորման, ատեստավորման, շինարարական նորմերի ներդրման նոր գործընթաց, որը կնպաստի համակարգային հարցերի լուծմանը:
Տիգրան Սարգսյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և զարգացման ռազմավարական գործողությունների իրականացումը: Վարչապետը նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում դեռևս խորհրդային ժամանակներից կառուցված բնակֆոնդի վերականմգնման և վերջինիս սեյսմակայունության ապահովման խնդիրը, որոնց լուծման ուղղությամբ մշակվում են նոր մեխանիզմներ և ծրագրեր:

 

 

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply