Կյանքի է կոչվել «Հայկական վիրտուալ գիտական գրադարանը»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 29, 2011 17:09

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել “Հայկական վիրտուալ գիտական գրադարան” ծրագրի շնորհանդեսը, որն իրականություն է դարձել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Բացելով միջոցառումը` ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կարևորել է Հայկական վիրտուալ գիտական գրադարանի ստեղծման նշանակությունը և նշել, որ այն “մեկ պատուհանի” սկզբունքով հնարավորություն կտա հայ գիտնականներին առցանց օգտվել համաշխարհային գիտական ամսագրերից ու շտեմարաններից:

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունելով մասնակիցներին, նշել է, որ համաշխարհային գիտական գրականության հասանելիությունն այսօր հայ գիտնականների թիվ մեկ խնդիրն է: Վիրտուալ գրադարանի ստեղծումը հնարավորություն կտա հայ գիտնականներին ոչ միայն ծանոթանալ համաշխարհային գիտական մտքին, այլև իրենց աշխատությունները ներկայացնել համաշխարհային հանրությանը: Ս. Հարությունայանն ընդգծել է, որ տարվում են աշխատանքներ և  մինչև 2015թ. համաշխարհային գիտական գրականության 70-80%-ը հայ գիտնականներին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Շնորհանդեսի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Կարևորելով գիտությունը և տեխնոլոգիական ոլոտները’ ԱՄՆ դեսպանն իր խոսքում նշել է, որ այս ուղղությամբ  նախատեսվում է զարգացնել համագործակցությունը ՀՀ ԿԳՆ –ի ԳԱԱ-ի հետ:

“Հայկական վիրտուալ գիտական գրադարան” ծրագիրը ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն գիտական հոդված և ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր: Ծրագրի իրականացմանն աջակցում են ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը և ԱՄՆ պետդեպարտամենտը։

 

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply