Եթե պատերազմ սկսվի, մենք կազատագրենք Բաքուն. Գրիգորի Այվազյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 29, 2011 14:47
Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Հայաստան չէր ժամանել խաղաղություն հաստատելու համար։ Նման համոզմունք այսօր հայտնեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը։ Ադրբեջանի վտարանդի հայ համայնքը կոչ է անում Փաշազադեին համոզել իր երկրի ղեկավարությանը զերծ մնալ Հայաստանի դեմ սադրանքներից և պատերազմը վերսկսելու փորձերից, քանի որ, հակառակ դեպքում, «Ալլահը կպատժի Ադրբեջանին»:
«Հայոց փառահեղ բանակը կազատագրի ոչ միայն գերության մեջ գտնվող հողերը, այլ նաև Բաքու քաղաքը: Եթե նա խաղաղության կողմնակից լիներ, ապա ներողություն կխնդրեր 1990թ. Բաքվի ջարդերի և վերջերս սահմանում սպանված հայ զինվորների համար»,- ասաց Գրիգորի Այվազյանն ու ավելացրեց, որ այս անգամ իրենք բողոքի ակցիա չարեցին Փաշազադեի այցի կապակցությամբ, սակայն դա անպայման կանեն հաջորդ անգամ:
«Մեզ հետ են Հայաստանի հայրենասիրական ուժեր, երիտասարդ համալսարանականները և մեզ համար դժվար չէր լինի պատշաճ դիմավորել, պարզապես այս անգամ դա չցանկացանք անել»,– ասաց նա։
Ի տարբերություն ադրբեջանցիների՝ Այվազյանը կարծում է, որ Հայաստանը խաղաղության կողմնակիցն է։ Նա վիրավորական է համարում այն, որ հայ կաթողիկոսին Բաքվում չդիմավորեցին ըստ արժանվույն. խոսքը ցուցարարների մասին է։
«Այդ պետությունն ինքն է իրեն դարձնում հայ թշնամու կերպար։ Նրանք սադրանք կազմակերպեցին սահմանին, սահմանից այն կողմ կանգնած էին իրենց երկրի փոքրամասնությունները։ Սակայն, չեն մտածում, որ եթե պատերազմ սկսվի, ազգային փոքրամասնությունները զենքերը կթողնեն և կփախնեն հեռու»,– ասաց Այվազյանը։
Վերջում Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը հայտարարեց, թե ադրբեջանահայերը կարիք չունեն, որ Ադրբեջանն իրենց համար քաղաք կառուցի, ինչպես վերջերս հայտարարել էին։
«Ադրբեջանահայությունը այնքան ուժ ունի, որ իրեն պաշտպանի և կարիք չունի, որ իրենք մեզ համար քաղաք ստեղծեն։ Մենք արդեն ունենք մեր քաղաքը` Բաքուն։ Եթե պատերազմ սկսվի, մենք կազատագրենք Բաքուն: Կիսատ թողած գործը կհասցնենք ավարտին»,– ասաց նա։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
