Աղը ոչ միայն մաքրում է ճանապարհը, այլև քայքայում է ասֆալտն ու արագացնում մեքենաների կոռոզիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 29, 2011 13:06
Հայաստանի 11 եղանակային գոտու բոլոր ճանապարհները դեռևս պահպանվում են ավանդական աղի ու ավազի խառնուրդով. դրանց վերականգնման համար ամեն տարի բյուջեից հատկացումներ են արվում։ Սակայն արդեն իսկ կառուցվում է առաջին բետոնե «Հյուսիս-հարավ» մայրուղին, որի կյանքի 25 տարին նախագծողները երաշխավորում են։ Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականը»։
Հայաստանի ճանապարհների ձմեռային անվտանգության խնդիրը դրված է 35 ընկերությունների վրա, որոնք այս եղանակին գրեթե անընդմեջ աշխատում են շուրջ 200 ձյուն մաքրող և 200 ինքնաթափ մեքենաներով՝ ճանապահի անցանելությունն ապահովելով աղի, ավազի և տուֆի մանրուքի խառնուրդներով։
Այս մեթոդով ճանապարհ բացելը, սակայն, խնդրի լուծում չէ։ Թվում է, թե ճանապարհն արագ մաքրվում է, սակայն հալված աղաջուրը ևս լցվում է ասֆալտի անցքերից ներս, գիշերվա ժամերին սառչում-ընդարձակվում և կոտրատում ասֆալտը, լայնացնում եղած ճեղքերը։ Աղի կիրառումը վնասում է նաև ավտոմեքենաներին. արագանում դրանց կոռոզիան։
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության շուրջ 3400 կմ ճանապարհների պահպանության համար 2011թ հատկացվել է 4 մլրդ 88 մլն դրամ, որի մեծ մասը հատկացվել է ձմեռային շրջանից հետո ճանապարհների վերականգնման համար։
Մասնագետների դիտարկմամբ՝ Հայաստանի առավել տաք՝ դաշտավայրային ճանապարհները կրկնակի ավելի երկարակյաց են, քան՝ բարձր-լեռնայինները։
«Հյուսիս-հարավ» բետոնե մայրուղին, բնականաբար, ունենալու է պահպանության այլ համակարգ, որի առավել արդյունավետության մեջ համոզվելու դեպքում, փորձը թերևս կկիրառվի մյուս ճանապարհների շինարարության համար։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
