BMI-ը կարծում է, որ հաջորդ տարի ՀՆԱ-ի աճը Հայաստանում կկազմի 2%

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 29, 2011 12:58

Business Monitor International-ը (BMI) 2011-ին Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 3,4%, իսկ 2012-ին` 2% աճ` հաշվի առնելով եվրոգոտու ճգնաժամի հետեւանքով ներդրումների ծավալի կրճատումը:

Հայաստանյան տնտեսության աճի վերաբերյալ BMI-ի նախորդ կանխատեսումները 2011 եւ 2012-ի համար կազմում էին, համապատասխանաբար, 6.2% եւ 5.8%:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, BMI-ը կանխատեսում է, որ կարճաժամկետ հեռանկարում հայկական դրամը կարժեզրկվի մինչեւ 390 դրամ $1-ի դիմաց:

BMI-ի կանխատեսումներով, դրամի արժեզրկումը տեղի կունենա վճարային հաշվեկշռի վատթարացման, փոխանցումների նվազեցման եւ  զարգացող երկրներից կապիտալի տարածվող արտահոսքի պատճառով: Միաժամանակ, BMI-ի կարծիքով, $1-ի գինը չի գերազանցի 400 դրամը:

Լոնդոնում գործող Business Monitor International-ը հրապարակում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված տարածաշրջանային ամենամսյա ամփոփագիր քաղաքական ռիսկերի եւ մակրոտնտեսական հեռանկարների գնահատման շուրջ:

Հունիսին հրապարակված նախորդ վերլուծության համաձայն, ընթացիկ տարվա վերջին հայկական արժույթի փոխարժեքը պետք է կազմեր $1-ի դիմաց 350 դրամ, 2012-ի վերջին` $1-ի դիմաց 340 դրամ: Այսօր Հայաստանում $1-ն արժե 380 դրամ:

 

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply