Քուվեյթի էմիրն ընդունել է կառավարության հրաժարականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2011 9:26

Քուվեյթի կառավարությունը լրիվ կազմով նոյեմբերի 28-ին հեռացել է պաշտոնից:

Էմիրաթի կառավարիչ Սաբահ ալ-Ահմադ աս-Սաբահը  նախարարների խորհրդի արտակարգ նիստում արդեն ընդունել է խորհրդի հրաժարականը: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել  Էլ Քուվեյթի կենտրոնում գտնվող Էրադա հրապարակում` բազմահազարանոց ցույցի, տեղի հասարակայնության ճնշման ներքո, որոնք պահանջում էին վարչապետ Նասեր Մուհամեդ ալ-Ահմադ  աս-Սաբահին ազատել աշխատանքից (վերջինս  մեղադրվում է կաշառակերության մեջ):

Ցույցին մասնակցում էին ամենատարբեր քաղաքական ուժեր. լիբերալներից մինչև իսլամականներ, տեղի համայնքային միավորումների առաջնորդներ, ուսանողներ: Քուվեյթի տեղեկատվության նախարար Սահադ ալ-Աջմին հայտարարել է, որ այս ցույցը երկրի պատմությանը հայտնի ամենաբազմամարդն էր: Ավելի քան  10 հազար մասնակից է եղել, ինչը  ոչ մեծ էմիրաթի համար տպավորիչ  թիվ է:

Արդեն նախկին վարչապետին մեղադրում են պետական միջոցներից  արտասահմանում իր անձնական հաշվեհամարին մլն դոլարներ փոխանցելու մեջ: Բացի այդ, նրա անունը կապված է   տեղական խորհրդարանի   15 պատգամավորի կաշառելու (ընդհանուր հաշվով 350 մլն դոլար)  աղմուկ հանած պատմության հետ: Նախկին վարչապետն ամեն անգամ հերքել է  իր հասցեին հնչած մեղադրանքները, սակայն, վերջերս  նոր ապացույցներ հայտնվելու հետ դժվարացել է նրան արդարացնելը:

Քուվեյթը տարածաշրջանի ամենահարուստ երկրներից է, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն  կազմում է տարեկան 48 հազար դոլար:

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply