Տարոն Մարգարյանը հանձնարարել է համակարգել վթարների վերաբերյալ տեղեկատվությունը եւ օպերատիվ արձագանքման աշխատանքները կազմակերպել սեղմ ժամկետում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2011 18:23

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներում, քաղաքային ենթակայության կազմակերպություններում մուտքագրված քաղաքացիների դիմումների քննարկման ընթացքի հետ կապված` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ընդգծել է բնակչության հետ հետադարձ կապ պաշտպանելու անհրաժեշտությունը եւ նամակներին ու դիմումներին պատասխանելու ժամկետների պահպանումը:

«Մենք 2000 համայքային ծառայող ունենք Երեւանի կառավարման համակարգում: Մենք բոլորս պատասխանատու ենք եւ օր ու գիշեր աշխատելով մեր ծրագրերը պետք է հասցնենք ամբողջությամբ իրականացնել, որպեսզի մեր քաղաքի բնակչության համար կարողանանք ստեղծել հարմարավետ պայմաններ:»,-նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով մայրաքաղաքում գրանցվող էլեկտրաէներգիայի, գազամատարակարարման, ջրամատակարարման համակարգերում գրանցվող վթարների եւ դրանց վերականգնման աշխատանքների կազմակերպմանը`Տարոն Մարգարյանը հանձնարարել է համակարգել վթարների վերաբերյալ տեղեկատվությունը եւ օպերատիվ արձագանքման աշխատանքները կազմակերպել սեղմ ժամկետում:

Տարոն Մարգարյանը, շնորհակալություն է հայտնելով բոլոր այն վարչական շրջանների ղեկավարներին, որոնք  հանգստյան օրերին մայրաքաղաքում գրացված տեղումների արդյունքում անձամբ համակարգել եւ օպերատիվ կազմակերպել են սանմաքրման աշխատանքները, հանձնարարել է խիստ հետեւողական լինել եւ տեղումների դեպքում աշխատել շուրջօրյա գրաֆիկով, ապահովել ձնածածկույթի եւ մերկասառույցների մաքրման աշխատանքները, ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված կոմունալ տնտեսության վարչության պատասխանատուի կողմից զեկուցվել է, որ շարունակվում է աղի ու ավազի պահեստավորումը եւ օգտագործված քանակը մշտապես լրացվում է:

 

Մերձքաղաքային ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ մայրաքաղաքում հասարակական տրասպորտի աշխատանքը վերահսկելու եւ կանոնակարգելու հետ կապված` տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա մոնիտորինգի աշխատանքները եւ հսկողություն է իրականացվում հատկապես չնախատեսված կանգառներում կայանելու խախտման դեպքերի մասով: Զեկուցվել է նաեւ, որ հասարակական տրասպորտի փոխադրամիջոցների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման հետ կապված 88 մեքենա ժամանակավորապես դուրս են բերվել երթուղագծերից:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ այդ աշխատանքներում ծնողների ներգրավումն ապահովելու մասով հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ համապատասխան հաստատություններում ստեղծվել են հանձնաժողովներ` ներգրավելով ծնողներին: Վերահսկողություն իրականացնելու նպատակով դեկտեմբերի 1-ից բոլոր ՆՈՒՀ-երում վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների հետ մեկտեղ կազմակերպվելու են անակնկալ այցեր: Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին եւ պատասխանատուներին անձամբ այցելել մանկապարտեզներ եւ տեղեկանալ իրավիճակին:

Անդրադառնալով բազմաբնակարան շենքերի շքամուտքերի մալուխային ցանցի կարգաբերման աշխատանքների հետ կապված խնդրին`քաղաքապետը նշել է, որ չնայած այդ աշխատանքները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պայմանագրային պարտավորությունն է, բայց կան թերացումներ եւ առկա վիճակը հակասում է անվտանգության պահանջներին: Տարոն Մարգարյանը ընդգծել է նաեւ, որ շքամուտքերում մալուխային ցանցի անբավարար վիճակը խանգարում է քաղաքապետարանի եւ համատիրությունների կողմից շքամուտքերում վերանորգման աշխատանքների իրականացմանը:

«Պետք է հետեւողական լինել եւ 2012 թվականի ծրագրերով ամբողջությամբ ավարտել մալուխային ցանցի հետ կապված բոլոր խնդիրները:  Չնայած աշխատանքների ծավալին` առաջնահերթ պետք է մտածել մեր բնակիչների անվտանգության մասին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով բակային տարածքներում մանկական խաղերի տեղադրման ծրագրին Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների կողմից գույքագրել եւ ներկայացնել այն հասցները, որտեղ նպատակահարմար է խաղահրապարկների տեղադրումը: 2012 թվականի բյուջեում նախատեսվող միջոցներից բացի, քաղաքապետն առաջարկել մանկական խաղերի տեղադրման ծրագրի հետ կապված բանակցել նաեւ հնարավոր ներդրողների հետ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն երկրորդական փողոցներն ու բակային տարածքները, որոնք արտաքին լուսավորության ապահովման անհրաժեշտություն ունեն:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ, չնայած վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում լուսավորության անցկացման եւ ապահովման ուղղությամբ, այդուամենայնիվ դեռ 10 տոկոսի չափով աշխատանքներ կան, որի համար կատարվել է համապատասխան ֆինանսական հաշվարկ:

Տարոն Մարգարյանը, կարեւորելով գործընկեր քաղաքների հետ ստորագրված համաձայնագրերի շրջանակում մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերի ակտիվացումը, առաջարկել է վարչական շրջանների եւ ՀՀ մարզերի միջեւ ձեւավորել գործընկերային հարաբերություններ եւ իրականացնել մշակութային, ինչպես նաեւ փորձի փոխանակման ծրագրեր:

Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաեւ հստակեցնել ամանորյա միջոցառումների ծրագրերը եւ մինչեւ դեկտեմբերի 20-ն ավարտել քաղաքի արտաքին ձեւավորման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply