Արտգործնախարարն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 28, 2011 16:11


Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին (Philippe Lefort):

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադարձան արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Հայաստան այցելության եւ անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը հանգամանալից քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Բանակցությունների օրակարգում էին նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցերը: Այս առումով նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասայական խտրականության քարոզչության վրա:

 

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply