Հարկային տեսուչի մասին օրինագծի ընդունումը բացառում են
Օրվա լուր | Աննա Մուրադյան | June 9, 2009 17:34
Հարկային տեսուչի մասին աղմկահարույց օրինագիծն ամենայն հավանականությամբ ԱԺ-ն կմերժի. այս համոզմանն է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: «Յուրաքանչյուր անձ պարտավոր է պետության առաջ կատարել իր հարկային պարտականությունները, դա քննարկման ենթակա չէ: Բայց հարկային տեսուչի ներկայությունը խոշոր բիզնեսում հակասում է ոչ միայն առողջ տրամաբանությանը, այլ նաև սահմանադրությանը»,-ասում է նա:
Համաձայն նոր օրինագծի` 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն և 500 մլն դրամի ներմուծում կատարող ընկերություններում վերահսկողական դեր կկատարեն հարկային տեսուչները:
Ըստ Բոստանջյանի` ԲՀԿ-ն անընդունելի է համարում հարկային փաթեթի ցանկացած խմբագրում` նկատի ունենալով երեկ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հայտարարությունը, համաձայն որի` «հարկային տեսուչը տնտեսվարողի մոտ վերահսկելու է այն, թե ինչ է բաց թողնվում, ում և ինչ գնով»: «Հարկային տեսուչն օժտված է այնպիսի լիազորություններով, ինչպիսին չունի անգամ տնտեսվարողը»,-ասում է Բոստանջյանը:
Հարկային նոր փաթեթի մերժումը հավանական է համարում նաև տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը, քանի որ, նրա դիտարկմամբ, ԱԺ-ում նկատվում է կոնսոլիդացում այդ հարցի շուրջ:
Թևանյանն ասում է, որ կառավարությունը, գնալով մեծ բյուջեի քաղաքականության, իրականացնում է ամբողջ տնտեսությունն իր ձեռքը հավաքելու քաղաքականություն:
Այդ քաղաքականության առաջին զոհը դարձավ փոքր ու միջին բիզնեսը(ՓՄՁ), որի համար վերացվեց պարզեցված հարկը, և առաջ քաշվեց ՀԴՄ-ների հարցը: Առաջին 4 ամիսների վիճակագրական տվյալների համաձայն` տնտեսության բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում, բացի ՓՄՁ-ից: «Դա բյուջեն լցնելու ձև է: Եվ նրանցից քամելով այն, ինչ հնարավոր է` այժմ անցել են մեծածախին` չեկիստներ նշանակելով»,- ասում է Թևանյանը:
Ըստ Թևանյանի` ՓՄՁ-ից պահանջելով ՀԴՄ-ներով ցույց տալ ամբողջ շրջանառությունը և հիմնավորել դրանք հաշիվ-ապրանքագրերով` իշխանությունը նպատակ ունի անուղղակի հարվածել մեծածախ բիզնեսին: «Իրենք շատ լավ գիտեն, որ մեծածախը հաշիվ-ապրանքագիր չի տալիս, բայց ՓՄՁ-իó պահանջում են, որ նա էլ իր հերթին ստիպի մեծածախին տրամադրել»,- ասում է Թևանյանը:
Բոստանջյանը կարծում է, որ ԱԺ-ում դեռևս ուզում են գալ քաղաքական որոշման շուրջ համաձայնության, բայց բացառում է օրինագծի հաստատման տարբերակը:






Facebook
Tweet This
Email This Post
