Շիրակի մարզը մնացել է առանց նոտարի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2011 13:03

Արդարադատության նախարարության նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննությունների առաջին փուլին այսօր մասնակցեցին 79 հայտատուների մի մասը, որոնք համակարգչով 2 ժամվա ընթացքում թեստային տարբերակի փուլը հաղթահարելուց հետո պետք է մասնակցեն երկրորդ և երրորդ փուլերին:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ` երրորդ փուլն ինքն անձամբ է անկացնելու. «Նախկինում նոտարական քննություններին կարող էին մասնակցել բացառապես նոտարի մոտ ստաժովորում անցած մարդիկ: Իսկ նոտարը կարող էր վերցնել իր ցանկությամբ, և մենք կարող էինք հայտնվել փակուղային իրավիճակում, երբ գործող 70-75 նոտարները ոչ մեկին չէին վերցնում, իսկ կատարված փոփոխություններից հետո նոտարական քննություններին կարող են մասնակցել հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք, անկախ այն հանգամանքից` նոտարի մոտ անցել են ստաժավորում, թե ոչ, կամ երեք տարվա մասնագիտական ստաժ ունեցող և երեք ամիս նոտարի մոտ ստաժավորում անցած անձինք, ինչպես նաև 6 ամիս նոտարի մոտ ստաժավորում անցած անձինք»,- նշեց նախարարը։

Գործունեության ծրագրով նախատեսված է նոտարական տեղերը ավելացնել 20-25-ով: Ըստ Հրայր Թովմասյանի՝ հատկապես մարզկենտրոններում, որտեղ ընդամենը մեկ նոտար է գործում, խնդիրներ են առաջանում նոտարի հիվանդանալու կամ արձակուրդի մեկնելու դեպքում: Նման պարագայում ստիպված են լինում մոտակա քաղաքներից նոտար ուղարկել։ Այդ պատճառով էլ այժմ որոշվել է նոտարների թիվն ավելացնել։ «Մոտավոր հետևյալ պատկերը մենք պետք է ունենանք. բոլոր տարածքներում ունենալ առնվազն 2 նոտար, որպեսզի այդպիսի խնդիրները հետագայում չառաջանան: Թեպետ, հավակնորդների ցուցակը երբ նայում եմ՝ ըստ տարածաշրջանների, վստահ չեմ, որ կհաջողվի այս ամբողջը իրականացնել: Որովհետև Շիրակի մարզում մենք ունենք այսօր թափուր տեղ. նոտարի մահանալուց հետո թափուր է մնացել, բայց երբ նայում եմ մասնակիցների ցուցակը, այդ տարածաշրջանից չկան»,- նշեց նախարարը։

 

Tert.am

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply