Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է գրքերի համար մաքսատուրք սահմանելու հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2011 12:57

Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների` գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 2012թ-ից նախատեսվում է 10 տոկոս մաքսատուրք սահմանել  ՀՀ ներմուծվող գրքերի և հրապարակումների համար: Այս առնչությամբ հայտնում ենք, որ

ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը Հայաստանի Հանրապետություն գրքերի և հրապարակում­ների ներմուծումը մաքսատուրքով հարկելու նպատակ չի հետապնդում:

Նշված ապրանքները (ԱՏԳ ԱԱ 49 ծածկագրին դասվող) Հայաստանի Հանրապե­տություն ներմուծելիս մաքսատուրք չի կարող կիրառվել, քանի որ համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թվականի ապրիլի 28-ին վավերացված «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներկրման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի Ֆլորենցիայի համաձայնագրի, որի դրույթները գերակայում են ՀՀ օրենքների դրույթների նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է այդ ապրանքների ներմուծումը մաքսատուրքով չհարկելու պարտավորություն:

ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրինագիծը նպատակ ունի մաքսա­տուրք կիրառել ԱՏԳ ԱԱ 49 ծածկագրին դասվող այն ապրանքների (մասնավորապես ապրանքային կատալոգներ, գովազդային նյութեր, բացիկներ և այլն) ներմուծման նկատմամբ, որոնց մասով վերը նշված համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը կարող է կիրառել մաքսատուրք:

Սակայն հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագծում տեղ գտած ձևակերպումները տարընկալումների տեղիք  են տվել, օրինագծում ձևակերպումները կվերանայվեն` դրանք շարադրելով կոնկրետ ապ­րան­քային խմբերով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply