Կլոր սեղան. քննարկել են մրցակցության հարցերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 28, 2011 12:43
Ցանկացած երկրում մրցակցային դաշտի առկայությունը խիստ կարևոր է ոչ միայն տնտեսական աճի և բարեկեցության բարձր մակարդակի, միջազգային մրցունակության ապահովման, այլ նաև սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից:
Նոյեմբերի 26-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ Աղվերանում անցկացրեց կլոր սեղանի ձևաչափով քննարկում` լրագրողների մասնակցությամբ:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը անդրադառնալով Հայաստանում առկա մրցակցային խնդիրներին և դրանց հետ կապված սպառողների շահերի պաշտպանությանը, ասաց, որ օրինախախտ տնտեսվարողների հանդեպ Հանձնաժողովի կողմից կիրառվող տուգանքներն ինքնանպատակ չեն: «Մեր հիմնական նպատակը տվյալ իրավախախտման վերացումն է, ինչի հարցում հետևողական ենք: Բազմաթիվ դեպքերում հենց վարույթի իրականացման ընթացքում արդեն իսկ արձանագրել ենք, որ իրավախախտումն ամբողջությամն վերացվել է և սպառողների իրավունքները վերականգնվել են»: Ինչ վերաբերում է օրենքի տարբեր խախտումների համար Հանձնաժողովի կողմից կիրառվող տուգանքներին, ապա պարոն Շաբոյանը նշեց, որ բացի տուգանքների չափից, տնտեսվարողների համար առավել անհանգստացնող է նաև այն, որ վնասվում է իրենց ընկերության վարկանիշը, ինչի հետևանքով արժանանում են սպառողների անվստահությանը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը կարևորեց նման միջոցառումների իրականացումը` ընդգծելով, որ դրանց շնորհիվ բարձրանում է լրագրողների մասնագիտական տեղեկացվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է Հանձնաժողովի և մամուլի, հետևապես նաև հասարակության ակտիվ համագործակցությանը:
Կլոր սեղան-քննարկման ընթացքում բացման ելույթով հանդես եկավ Հայաստանում ԵՄ Պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար պրն Ժան Քրիստոֆ Գերանդը: Նա շեշտեց, որ մրցակցությունը հանդիսանում է ռեսուրսների օպտիմալ բաշխումը և, հետևաբար, օպտիմալ արտադրողականությունը երաշխավորող ամենաարդյունավետ գործիքը: «Մրցակցությունը նպաստում է եկամուտների ավելի լավ բաշխմանը, քանի որ այն պարգևատրում է առավել արդյունավետ աշխատող մարդկանց` միևնույն ժամանակ կանխելով մշտապես չվերահսկվող տնտեսական իշխանության ձևավորումը»:
ԵՄ թվինինգ ծրագրի փորձագետ պրն Շարունաս Կեզերաուսկասը, ով ղեկավարում է Լիտվայի մրցակացային մարմինը, ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են իրականացվում ԵՄ-ում գերիշխող դիրքի չարաշահման արգելման և միաձուլումների վերահսկողության առումով: Նա լրագրողներին և մյուս մասնակիցներին տեղեկացրեց ԵՄ մրցակցության հարցերով գլխավոր տնօրինության` տարբեր ժամանակահատվածներում կայացրած երեք առանձին վարույթների, մասնավորապես հանրահայտ «Մայքրոսոֆտ» (Microsoft), «Ինտել» (Intel) և Լեհաստանի հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ՏՊՍԱ (Telekomunikacja Polska S.A.) ընկերության գործերի մասին: Պրն Կեզերաուսկասը իր ելույթում անդրադառնալով գերիշխող դիրքին և դրա չարաշահմանը, ընդգծեց, որ գերիշխող դիրքը չի արգելվում, արգելվում է դրա չարաշահումը:
Գերմանիայից ժամանած փորձագետը` տկն. Սաբինե Զիգելսկին, ով հանդիսանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսկարտելամտի (Մրցակցային մարմին) ավագ վարույթ իրականացնող, լրագրողներին տեղեկացրեց նաև, թե որքանով են մրցակցային խնդիրները բացասաբար անդրադառնում սպառողների շահերի վրա, ինչպես նաև ներկայացրեց ԵՄ անդամ երկրներում գործող վնասների փոխհատուցման տեսակները:
Միջոցառումն անցավ լրագրողների ակտիվ մասնակցությամբ, քանի որ նրանց հետ միասին փորձագետները քննարկեցին նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրված երկու գործեր, որոնցից մեկը վերաբերում էր հեռահաղորդակցության և ինտերնետ կապի ոլորտում գործող Յուքոմ ընկերությանը, իսկ մյուսը` Հայաստանի էլեկտրական ցանցերին: Երկու դեպքում էլ տեղի էր ունեցել իրավախախտում, որի արդյունքնում սահմանափակվել էին սպառողների իրավունքները, և վերջիններս տևական ժամանակ վնաս էին կրել: ՀՀ ՏՄՊՊՀ միջամտության շնորհիվ, արդեն իսկ վարույթի իրականցման ընթացքում վերականգնվել էին տուժողների իրավունքները, իսկ վարույթի ավարտին խնդիրն արդեն ամբողջությամբ լուծված էր: Միջոցառման ընթացքում քննարկվեց նաև «Մրցակցային մշակույթը Հայաստանում» թեման. փորձագետները դիտարկեցին և հայտնեցին իրենց կարծիքը ներկա լրագրողների կողմից արդեն իսկ տպագրված ՀՀ ՏՄՊՊՀ գործունեությունը լուսաբանող մի քանի հրապարակումների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող Թվինինգ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ֆինանսավորումը կազմում է 1.1 միլիոն եվրո: Ծրագիրն իրականացում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ ԵՄ երկու անդամ պետությունների` Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարությունը եւ Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհուրդը համատեղ՝ 2011-2013 թվականներին:






Facebook
Tweet This
Email This Post
