Համաձայնագիր՝ Հայաստանի ու Նիդեռլանդների միջև. Հայաստանը բիզնեսի կազմակերպման գործում 183 երկրների շարքում 43-րդն է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2009 13:16

111Այսօր Հայաստանի Գործարարների ու արդյունաբերողների միության և Նիդեռլանդների Գործատուների համագործակցության ծրագրի(DECP) միջև ստորագրվեց համաձայնագիր:

«DECP»-ն Նիդեռլանդների Գործատուների կազմակերպության և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության գործընկերային կազմակերպություն է, որի առաքելությունն է ուժեղացնել գործատուների կազմակերպությունների դիրքերն ու հնարավորությունները՝ անցումային տնտեսություն ունեցող երկրներում: Հայաստանը «DECP»-ի հետ համագործակցում է արդեն 3 տարի:

Հայաստանի Գործարարների ու արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասում է, որ 3 տարիների ընթացքում հոլանդական փորձագետների մի քանի այցելություններ են եղել Հայաստան, որոնց ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունք է ստորագրված համաձայնագիրը:

Համաձայնագրով «DECP»-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի տեղական կազմակերպություններին եվրոպական կազմակերպությունների հետ կապերի և շփումների առումով, ռիսկերի գնահատման իրականացման ու աշխատանքային միջավայրի լավացման և այլ հարցերում:

«Մենք ֆինանսական օժանդակություն չենք ցուցաբերում մեր գործընկեր կազմակերպություններին,- ասում է Հոլանդական գործատուների միության ծրագրի հատուկ մասնագետ Ժան Մարի Ստանդարտը,- Եվ դա նրանից չէ, որ մենք գումարներ չունենք, այլ որովհետև մենք կարծում ենք, որ գործատուների միությունները պետք է ֆինանսավորվեն իրենց անդամների միջոցներով»:

Ստանդարտն ասում է, որ «DECP»-ն փորձում է ուժեղացնել գործատուների միությունների դիրքը մասնավորապես Հայաստանում՝ կառավարությունից անկախ գործելու իմաստով. «Այդ պատճառով էլ մենք կարծում ենք, որ ֆինանսավորումը պետք է իրականացվի միմիայն անդամ կազմակերպությունների կողմից»:

Համաշխարհային բանկը, ներկայացնելով 2010թ. զեկույցը, Հայաստանի դիրքերը` բիզնեսի կազմակերպման գործում գնահատել է բավարար՝ 183-ից 43-րդ տեղը: Այն բարելավվել է նախորդ տարվա 50-րդ տեղի համեմատ: Վրաստանը  զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 38-րդ տեղը: Իսկ հարկային պարտականությունների կատարման հարցում Հայաստանը զբաղեցնում է 153-րդ տեղը:

Ստանդարտն ասում է, որ Հայաստանում հարկերի վճարման պրոցեսը շատ դանդաղ է ընթանում, «իսկ համաձայն հաշվարկների՝ միջինում հարկ վճարելու պրոցեսը տևում է 958 ժամ(մոտ 401 օր)»:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply