Ալլահշուքյուր Փաշազադեն կժամանի Երեւան, իսկ Իլյա 2-րդը` ոչ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 26, 2011 22:44

Կովկասի մահմեդականների վարչության հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանելու է Երեւան` մասնակցելու նոյեմբերի 29-30-ը կայանալիք ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տարբեր մեկնաբանություններ էին տարածում ԿՄՎ հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի գալու վերաբերյալ, մի մասը պնդում էր, որ նա չի գալու, իսկ մյուսը` հակառակը: Իսկ Ռուսական ուղղափառ եկեղեցու հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Ռոման Սիլանտեւը դեռեւս ամիսներ առաջ հայտնելով, որ Փաշազադեն եւս հրավիրվել է Երեւան` մասնակցելու այդ նիստին, ընդգծել էր. « դա կլինի Փաշազադեի պատմական այցը Հայաստան»:

Ինչ վերաբերում է վրաց պատրիարք Իլիա Երկրորդի մասնակցությանը նիստին, ապա Տեր Վահրամը նշեց, որ նա չի ժամանելու Երեւան:

Նիստի ընթացքում նախատեսվում է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Կովկասի մուսուլմանների վարչության հոգեւոր առաջնորդները կստորագրեն համաձայնագիր:

Հիշեցնենք, որ 2010-ի ապրիլին Բաքվում կայացած համաշխարհային կրոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջան էր մեկնել նաեւ Գարեգին Երկրորդը: Բաքվում կայացել էր Ամենայն հայոց կաթողիկոսի, Կովկասի մահմեդականների առաջնորդի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եռակողմ հանդիպումը:

NEWS.am

Դիտվել է 2140 անգամ:
Print Friendly

Leave a Reply