Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է.Մոնրեալի արձանագրությունը կփրկի՞ աշխարհը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | Գայանե Գալստյան | September 16, 2009 12:36
1998թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ` սեպտեմբերի 16-ը հայտարարվել է օզոնային շերտի պահպանության միջազգային օր:
Հայաստանը 1999թ. վավերացրել է Վիեննայի կոնվենցիան և Մոնրեալի արձանագրությունը, որից հետո վավերացնելով արձանագրության բոլոր 4 ուղղումները` 2004թ. սեպտեմբերից դարձել է «օզոնային ընտանիքի» լիիրավ անդամ:
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը մի շարք միջոցառումներ է կազմակերպել օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա առթիվ:
ՀՀ բնապնախարար Արամ Հարությունյանն այսօր հանդիպեց Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր Նորք Մարաշի հացի գործարանի և «Տարոն» գեղագիտական կենտրոնի բակի պարիսպներին կնկարեն օզոնաանվտանգ ներկերով:
Նախարար ասաց, որ 2008թ. մի քանի ձեռքբերումներ են եղել օզոնային շերտի պահպանության վերաբերյալ: Երկու ձեռնարկություններում` «ՍԱԳԱ» արդյունաբերական և «Հայկենցաղքիմ» աերոզոլներ արտադրող գործարաններում անցում է կատարվել օզոնաանվտանգ տեխնոլոգիաների:
Բնապահպանության նախարարության տվյալներով` օզոնային շերտի պահպանման գործունեությունը թույլ է տվել կանխել մաշկի քաղցկեղից տասնյակ միլիոնավոր, իսկ քաղցկեղ ու կատարախտ հիվանդություններից` հարյուր միլիոնավոր մահացու դեպքեր:
Օզոնային շերտը սուր հոտով, կապույտ գույնի թունավոր գազ է, որը գտնվում է երկրագնդից 20-30կմ բարձրության վրա և կլանում է Արեգակից դեպի Երկիր եկող ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը և վահանի նման պաշտպանում մարդկանց, կենդանիներին, բույսերին:
Գիտնականները համարում են, որ Մոնրեալի արձանագրության պարտավորությունների լիովին կատարման դեպքում 2065թ. օզոնային շերտը կվերականգնվի` հասնելով այն մակարդակին, որն արձանագրվել էր 1986թ.-ից առաջ:






Facebook
Tweet This
Email This Post
