Պահանջում են ԱԺ օրակարգից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2011 16:45

Մի խումբ հասարակական, բնապահպանական կազմակերպություններ ու քաղաքացիներ այսօր հայտարարություն են տարածել՝ պահանջելով ԱԺ արտահերթի օրակարգից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ՀԱյտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծը: Արձանագրում ենք, որ նշված նախագիծը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ կողմից վավերացված Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների, ինչպես նաև ՀՀ ազգային օրեսնդրության պահանջների բացահայտ ու կոպիտ խախտումներով: Մասնավորապես.

– չի ապահովվել վերոնշյալ կոնվենցիաներից բխող ընթացակարգերը,

– հասարակությունը զրկվել է իր հիմնարար իրավունքները իրագործելու հնարավորությունից,

– չի ապահովվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով և ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշմամբ սահմանված, նախագծի քննարկման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու ընթացակարգը:

Ներկայացված նախագիծն ամբողջությամբ թերի է:

Այն.
– չի ապահովվում հասարակության պատշաճ ծանուցման, ձեռնարկողի/ներկայացնողի կողմից ՇՄԱԳ/ՌԷԳ իրականացման և դրանում հասարակության նախնական փուլում պատշաճ ներգրավման ու հասարակության կարծիքի հաշվի առնելու հարցերը,

– չի ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակի իրականացմանը, քանի որ բացակայում է օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված նորմատիվա-իրավական հիմքը, մասնավորապես` շրջակա միջավայրին հասցվող վնասի տնտեսական գնահատման կարգը,

– բացակայում է փորձաքննությունն իրականացնող պետական լիազոր մարմնի և փորձագետների համապատասխան իրավական պատասխանատվությունը սահմանող նորմերը:

Հաշվի առնելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի կարևորությունը, դատապարտում ենք գործադրի նման ոչ թափանցիկ գործելաոճը, պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգից հանել սույն նախագիծը և ապահովել հասարակության պատշաճ մասնակցությունը»,- ասվում է հայտարարությունում:

Հայտարարությանը միացել են Էկոլոգիական հասարակական դաշինքը, «Սոս Սևան» նախաձեռնող խումբը, Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող նախաձեռնող խումբը, «Չենք լռելու» նախաձեռնությունը, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ն, «Փրոփուս» ՀԿ-ն, բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը, իրավաբան Մերի Խաչատրյանը, «Սոնա-Դալմա» հիմնադրամը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, «Էկոդար» ՀԿ-ն, «Պահպանենք «Թռչկան» ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ, կենսաբան Նինա Ստեփանյանը, Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը, Սպառողների աջակցման կենտրոնը, «Հրազդան» մարզադաշտի փրկության խումբը։

 

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply