Արմեն Աշոտյանի պաշտոնական հանդիպումները Լիբանանում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 26, 2011 16:01

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պաշտոնական հանդիպում է ունեցել Լիբանանի հանրակրթության և բարձրագույն կրթության նախարար Հասսան Տիապի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի զարգացման, մշակված կրթական նոր ծրագրերի և երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Պաշտոնական հանդիպումից հետո նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է փոխանցել Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված 120 լաբորատոր սարքավորումները և նմուշները, որոնք պետք է տրամադրվեն լիբանանյան 120 պետական դպրոցներին:
Ինչպես տեղեկանում ենք “Ազդակ” օրաթերթից, հանձնման արարողությունից հետո նախարարներ Ա. Աշոտյանը և Հ. Տիապը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում երկկողմ հանդիպումը գնահատել են արդյունավետ ու հեռանկարային: Լիբանանի Հանրապետության հանրակրթության և բարձրագույն կրթության նախարար Հ. Տիապը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` տրամադրած նվիրատվության համար և ընդգծել, որ սարքավորումների կիրառումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը:

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կողմից հատկացված այս նվիրատվությունը խորհրդանշում է երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությունն ու պատմական հարաբերությունները: Նա վսատահություն է արտահայտել Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցության կապերի հետագա զարգացման վերաբերյալ:
ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցի շրջանակում այցելել է նաև Հայկազյան համալսարան և հանդիպում ունեցել տեղի ուսանողության հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստան-Լիբանան կրթական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է  ՀՀ-ում  տեղի ունեցող կրթական բարեփոխումների գործընթացին:
Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպանատանը ՀՀ ԿԳ նախարարը  հանդիպում է  ունեցել Լիբանանի հայկական վարժարանների տնօրենների և կրթական ոլորտի մի շարք  ներկայացուցիչների հետ: Վերջիններս նախարարին  ներկայացրել են լիբանանահայ կրթօջախներում առկա խնդիրներն ու դժվարությունները:

Ավելի ուշ Արմեն Աշոտյանը հանդիպել է նաև Լիբանանի հայկական գաղթօջախի ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում զրույց է ծավալվել է հայկական գաղթօջախի խնդիրների շուրջ:  Սփյուռքահայ լրագրողները ՀՀ ԿԳ նախարարաի հետ հանդիպման ընթացքում մտահոգություն  են հայտնել Լիբանանի կրթության բնագավառում  թուրքական պետության միջամտությունների առնչությամբ, որոնք մասնավորապես դրսևորվում են  քարոզչական բնույթի ագրեսիվ նախաձեռնություններով:

Նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը կավարտվի նոյեմբերի 27-ին:


Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply