Նախագահն այցելել է «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի շինհրապարակ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 26, 2011 15:17

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզից աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Դիլիջանում նախագահն այցելել է Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի շինհրապարակ, որտեղ տեղեկացել է կատարված ու ընթացիկ աշխատանքների և նախագծերի մասին:

Լրագրողների հետ զրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է, որ կենտրոնում միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետների հետ կանցկացվեն ազգային ու տարածաշրջանային դասընթացներ` նշելով, որ արդեն պայմանավորվածություններ կան այնպեսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Եվրոպայի զարգացման բանկը և այլն: Նախատեսվում է, որ  այդ կենտրոնում տարեկան կանցկացվի 30 միջազգային սեմինար:

Նախատեսվում է նաև կենտրոնում աշխատող ԿԲ աշխատակիցների համար կառուցել բազմաբնակարան շենք, որի առաջին հարկում կտեղակայվեն մանկապարտեզ և առևտրային կենտրոններ. շենքը կունենա 64 բնակարան, իսկ մանկապարտեզ հնարավորություն կունենան հաճախելու 80 երեխա: ԿԲ նախագահը նշել է, որ մանկապարտեզը գործելու է ոչ միայն բանկի աշխատակիցների երեխաների, այլև դիլիջանցիների համար:

Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առևտրային բանկերին ու վարկային կազմակերպություններին: ԿԲ-ի կողմից կառուցվում է նաև Դիլիջանի նախկին գրադարանի շենքը, որտեղ նախտեսվում է ստեղծել ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը, որտեղ գործելու է տեխնիկապես հագեցված և արդի տեղեկատվական տեխնոլագիաներով կառավորվող ժամանակակից քաղաքային գրադարան:

Կենտրոնի կառուցման հիմնական նպատակն է ստեղծել ժամանակակից տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան տնտեսագիտության ու ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային ու միջազգային կոնֆերանսներ, ուսումնական ծրագրեր և այլն: Կենտրոնի շինաշխատանքները կավարտվեն 2013-ին:

 

 

 

Դիտվել է 1540 անգամ:
Print Friendly

Leave a Reply