Անցած օրերին գրանցված երկրաշարժերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 14:58
Ս.թ. նոյեմբերի 17-23-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալից ավելի ուժգնությամբ գրանցել է մեկ զգալի երկրաշարժ: Այն տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Աշտարակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Մայրաքաղաքում զգացվել է 3 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 203 երկրաշարժ, որից 195-ը Թուրքիայի արևելքում` Վան քաղաքի շրջանում: Նոյեմբերի 17-ին 4 բալ ուժգնությամբ 2 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Իրանի տարածքում` Մարանդ քաղաքից 28 կմ և Խոյ քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը Թուրքիայի Կարս քաղաքից 24 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը 3-4 բալ էր: Այդ օրը նույն էպիկենտրոնային գոտում հետևել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում: Նոյեմբերի 19-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Վրաստանի Հիրսա քաղաքից 5 կմ հարավ: Այդ օրը Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդ օրը հետևել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում: Նոյեմբերի 21-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Գյանջա քաղաքից 31 կմ հարավ:
Պահպանվում է սեյսմիկ ակտիվությունը Թուրքիայի արևելյան հատվածում: Անցած շաբաթ գրանցվել է 195 հետցնցում, որից մեկը` 7 բալ ուժգնությամբ (5.0 մագնիտուդ): Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին Վան քաղաքից 69 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները թույլ զգացել են Երևանում (3 բալ):
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք ուժեղ երկրաշարժ: Նոյեմբերի 18-ին Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու արևելյան ափամերձ գոտում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ, որն ունեցել է 2 նախացնցում` 5.2 և 5.7 մագնիտուդերով: Նոյեմբերի 22-ին Բոլիվիայի հյուսիս-արևելքում` Տրինիդադ քաղաքից 60 կմ հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 6.6 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են խոշոր քաղաքներ Կոչաբամբեում և Լա-Պասում, նաև հարևան պետություններում` Չիլիում և Պերուում: Անվտանգության նպատակով Լա-Պասի որոշ վարչական շենքերից տարհանում է կատարվել: Նոյեմբերի 23-ին ճապոնական Հոնսյու կղզու արևելյան ափամերձ գոտում դարձյալ ուժեղ երկրաշարժ է գրանցվել, որն ունեցել է 6.1 մագնիտուդ, տուժածներ և ավերածություններ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
