Մորեխի դեմ օգտագործվող թունաքիմիկատներից թունավորվել են հայ և ադրբեջանցի զինվորները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | June 9, 2009 17:16

9ԼՂՀ Մարտակերտի շրջանում հայտնված մեծ քանակով մորեխների դեմ պայքարում ներգրավված զինվորները «վարակվել են» հազով, ոմանք նույնիսկ թունավորվել են:

Ինչպես տեղեկացրել էր ԼՂՀ շրջվարչակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի պետ Աշոտ Ղուկասյանը, մորեխներով վարակված գոտի էր ներկրվել համապատասխան տեխնիկա և թունաքիմիկատներ, իսկ պայքարի աշխատանքներում մոտակա համայնքների բնակիչներից բացի, ներգրավված են եղել նաև պաշտպանության բանակի զինվորները:

Արդեն մի քանի ամիս է` զինվորները ոչ միայն խրամատներից ու արտերից պարկերով մորեխ են հավաքում ու վառում, այլև թունաքիմիկատներ են լցնում մորեխների օջախների տարածքում:

Մարտակերտի զորամասի զինծառայողներն ասում են, որ զինվորներին ստիպողաբար են լծել այդ գործին, առանց հատուկ անվտանգության միջոցներ հատկացնելու:
«Մեր կողմից արդեն մի քանի հոգի թունավորվել են, կան թունավորվածներ նաև ադրբեջանական կողմից, բայց անհամեմատ ավելի շատ` մոտ 200 հոգի»,-պատմում է զորացրված զինվորներից մեկը`շեշտելով, որ ադրբեջանցիները նույնպես օգտագործում են թունաքիմիկատներ` իրենց կողմի օջախները վերացնելու համար:

Ադրբեջանից Ղարաբաղ ներխուժած մարոկկոյան մորեխների դեմ արդեն մի քանի ամիս է` պայքարում են տեղի իշխանությունները: ԼՂՀ Բույսերի պաշտպանության ծառայությունը բացատրում է, որ մորեխների շատանալը կապված է անժամանակ շոգ եղանակի ու վառող արևի հետ:

ԼՂՀ Գյուղերի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը հատկացրել է 15 մլն դրամ` համապատասխան տեխնիկայի ու թունաքիմիկատների միջոցով միջատների դեմ պայքարելու համար, որը, ինչպես հայտարարել էր նախագահ Բակո Սահակյանը, բավարար չէր:

ԼՂՀ Գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանի խոսքերով` մորեխները հատկապես Մարտակերտի շրջանում են ու ամենից շատ վնաս են հասցնում արտերին:

«Հարձակման» վերջին թիրախը Մարտակերտի շրջանի Այգեստան եւ Լեոնարխ գյուղերի գյուղատնտեսական հանդերն էին։ Մորեխի նոր տեսակ է հայտնաբերվել նաև Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի տարածքում, եւ անմիջապես ոչնչացվել է օջախը:

ԼՂՀ Գյուղնախարար Արմո Ծատրյանը դժվարանում է ասել, թե նոր թշնամիներից ինչքան ցանքատարածություն է տուժել: Ասում է` դեռեւս ճշտվում են վնասի չափերը, իսկ վտանգը մեծապես կանխված է:

Մորեխներին ծուղակը գցելու եւ վերացնելու համար հատուկ ջրանցքներ են փորվում: Պայքարը շարունակվելու է մինչեւ սեպտեմբեր:

Դիտվել է 2518 անգամ:
Print Friendly

Leave a Reply