Քաղաքականությունը` պսեվդոքաղաքականություն, ժողովրդավարությունը` պսեվդոժողովրդավարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 24, 2011 16:49

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին շրջանի զարգացումներին`այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բանավիճեցին քաղաքական մի շարք երևույթների շուրջ: ՀՀկ-ական պատգամավորի կարծիքով բնական ու հասկանալի է, որ Հայաստանում քաղաքական իրադարձությունները աստիճանաբար ավելի ինտենսիվ, ավելի նոր երանգներ են ստանում:

«Միաժամանակ նաև շատ իրադարձություններ լրատվական գործունեության արդյունքում կամ տարբեր վերլուծաբանների կամ տարբեր քաղաքական գործընթացները սպասարկող կազմակերպությունների, նկատի ունեմ սոցիոլոգիական հետազոտությունների ակտիվությունը, հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ փորձում են իրենց խնդիրները բարձրացնել ու առաջիկայում բերել քաղաքական օրակարգ: Սրանք, իհարկե, քաղաքական կուսակցությունների մրցապայքարում լինելու են վիճարկվող, մրցակցային, լայն ննարկումների առարկա: Հայաստանի Հանրապետությունը, մաս կազմելով տարածաշրջանին, գլոբալ զարգացումներին, պատասխանատու լինելով իր ներսում հասարակական տարբեր շերտերի բնականոն զարգացման փուլերին և իշխանությունների կողմից հայտարարված և իրականացվող բարեփոխումների ընթացքին, բնականաբար առաջիկա նախընտրական գործընթացները 2012-13 թվականներին լինելու են ակտիվ պայքարի փուլում գտնվող գործընթացներ: Լինելու են քաղաքական, գաղափարական, ծրագրային պայքարը նկարագրող, բնորոշող գործընթացներ, և այսուհետ, կարծում եմ, մեր քաղաքական գործիչներն էլ և քաղաքական կառույցներն էլ բոլոր քննարկումները, բոլոր դիրքորոշումները, դիտարկումներն իրականացնելու են հենց այդ լույսի ներքո»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Ներկայումս ընթացող պրոցեսները ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը տեղավորում է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում: Նա ընդգծեց, որ մեր հասարակության, քաղաքական իրողությունների և ներքին կյանքի վերաբերյալ շատ հայտարարություններ, մեր իրականության նկատմամբ գնհատականներ` ավելի խիստ են, քան նույնիսկ ընդդիմությունն է անում:

«Այսինքն գնհատականներ, որոնց առումով, նույնիսկ, ընդդիմադիր պատգամավորներն ավելի մեղմ են լինում: Բայց ինձ համար որևէ արժեք չունեն այդ գնհատականները, դրանք շարունակում են մնալ կեղծ բարոյախոսության շարքում, եթե դրան չեն հետևում համապատասխան գործողություններ: Երբ 2008-2012 թվականների կառավարության ծրագիրն էր ներկայացնում մեր վարչապետը` շնորհալիական բարեպաշտության մասին էր խոսվում: Բայց ըստ էության մեր կյանքում ոչինչ չի փոխվել, բոլորովին էլ մեր իրականությունը մարդակենտրոն չի, ինչպես այս անգամ փորձեց վարչապետը հայտարարել` բյուջեի ներկայացման ժամանակ: Ես չեմ հավատում, որովհետև մենք ապրում ենք կեղծ իրականության մեջ, հայտարարված ժողովրդավարություն` ամրագրված սահմանադրությամբ  պսեվդոժողովրդավարություն, որտեղ չկա մարդ, որտեղ չկա սոցիալական երկիր, որտեղ մենք գնալով ցուցանիշային անկում ենք արձանագրում` տնտեսության, ժողովրդավարության և այլ բնագավառներում: Եվ Հայաստանում իրականում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ, որոնք  իրենց պսեվդոքաղաքականությամբ ոչ իրենց բովանդակությամբ, ոչ էլ էությամբ, քաղաքականության հետ կապ չունեն»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

 

 

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply