Լևոն Հայրապետյանը ոչ մի նորություն չասա՞ց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 24, 2011 16:24

«Չենք լռելու» նախաձեռնությանը Լևոն Հայրապետյանի տված հարցազրույցը առանձնապես չի ոգևորում կամ մտահոգում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Օրինակ` Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նմանատիպ հայտարարությունները և տեսակետները ընկալում է, որպես նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և առանցքային դեմքերի ակտիվանալու ու Հայաստանի ներքին գործընթացներում դերակատարում ունենալու փորձ:

«Չի կարելի ասել, որ այնտեղ չկան օբյեկտիվ իրականություններ և չի կարելի ասել, որ ամեն ինչ վերցված է պարզ իրողություններից: Կան բազմաթիվ վիճելի դրույթներ, որոշակի չափազանցեցված մոտեցումներ, բայց, իհարկե կան առօրյա, առարկայական խնդիրներ ներկայացված, որոնք նորություն չեն, որոնք բազմիցս իշխանությունների և իշխանություններ ներկայացնող քաղաքական գործիչների կողմից մատնանշվել են, որոնք գտնվում են օրակարգային լուծում պահանջող խնդիրների շարքում, որոնք ունեն արդեն իսկ հրապարակված, ճանաչված լուծման գործընթացներ, դրա համար ռեսուրսներ»,- կարծիք հայտնեց Արտակ Զաքարյանը:

Իհարկե, այդ բոլոր հայտարարությունները, որոնք վերաբերում են գործարարության ու քաղաքականության սերտաճմանը, կոռուպցիային, օլիգոպոլիաներին, երկրի տնտեսական ու ազգաբնակչության սոցիալական վիճակին և այլն, նորություններ չեն: Առավել ևս, որ լրատվամիջոցները, տարբեր մարդիկ, ժողովուրդը գրեթե ամեն օր նման հայտարարություններ ու կարծիքներ արտահայտում են: Այստեղ կարևոր է, թե ով է արել հայտարարությունը, ինչքանով է անկեղծ եղել և ճշմարտության քանի տոկոսն է արտահայտել: Այս առումով, ինչ խոսք, հայտնի գործարարի և բարերարի հայտարարությունը աննախադեպ էր:

«Ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանի հարցազրույցին, ես կասեի անկեղծության մի պոռթկում, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը: Ես ավելի կհարգեի, եթե այնտեղ, այնուամենայնիվ, անուններ հնչեին: Ինձ չի զարմացնում, ոչ էլ առանձնապես հետաքրքրում է, ես դա կարող եմ բացատրել նախընտրական տրամաբանության մեջ, բայց ես գերադասում եմ ողջ ճշմարտությունը, քան կեղծ ճշմարտությունը: Բայց ես գնահատում եմ, որ մարդը, ով ներդրումներ է անում Արցախում, ով զբաղվում է բարերարությամբ, այնուամենայնիվ, այդ համարձակությունն ունեցավ ասելու կես ճշմարտությունը, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում քաղաքական և տնտեսական ռեպրեսիաները հանդես են գալիս միասին»,- այս առումով ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Եթե բոլոր գործարարները, բարերարներն ու հասարակական-քաղաքական գործիչները ունենան այդ համարձակությունը և չվախենան նման ռեպրեսիաներից, արդեն հաջորդ ընտրություններում, հնարավոր է, Հայաստանում ինչ-որ բաներ փոխված լինեն` դրական միտումով:

 

 

 

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply