Սփյուռքահայ ներդրողին, ամենայն հավանականությամբ, «քցել» են

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 25, 2011 11:00

Էդմոնդ Խուդյանը 2004-ից Հայաստանում ներդրումներ է արել, բայց, իր հավաստմամբ, խաբվել է ու մացել առանց շահույթի, բազմաթիվ պարտքերով ու պարտավորություններով:

2004 թ. Խուդյանը ձեռք է բերում Մաշտոցի 33  հասցեում գտնվող 4-հարկանի շենք` այն Վլադիսլավ Մանգասարյանի հետ պայմանագրով արագ վերանորոգելու և վերավաճառելու պայմանով: Սկսվում է բարձրահարկի շինարարությունը, որի շինարարական աշխատանքները պետք է իրականացներ Մանգասարյանին պատկանող «Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ն: 2006 թ. հուլիսից հայտնվում է  Վլադիսլավ Մանգասարյանի վաղեմի գործընկեր Ղևոնդ Ղալումյանը, ներկայացնում, որ Մանգասարյանն իրեն պարտք է 1 մլն ԱՄՆ դոլար,  և ինքն այդ գումարը տվյալ շենքից պետք է ստանա:

2007-ից Խուդյանը գնորդներ է բերում Իրանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և նրանց հետ անձամբ կնքում նախնական առքուվաճառքի պայմանագրեր` գումարներն ամբողջովին Մանգասարյանին կամ շենքին տրամադրելով: Մի քանի ամիս հետո Ղևոնդ Ղալումյանը մտերմանում է Խուդյանի հետ և խոստանում օգնել շենքը ավարտելուն: Ղևոնդ Ղալումյանի հետ մասնակի համաձայնության են գալիս, պայմանով, որ նա հանձն առնի շենքին վերաբերող բոլոր խնդիրները (շինարարական, հաշվապահական-հարկային, փաստաթղթային և այլն) մինչև  վերջնական ավարտը: Պայմանավորվածությունն այն էր, որ նա կամ Մանգասարյանը օգուտ չեն ստանա, մինչև շենքին վերաբերող բոլոր խնիրները լուծվեն, գնորդները ստանան իրենց բնակարանները, իսկ Խուդյանը` որոշակի շահ: Խուդյանն իր հերթին պայմանավորվում է շենքը ներդնել ընկերությունում և իր 100% բաժնեմասերի 39%-ն անհատույց ընկերությանը տրամադրել: Ստեղծվում է «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն, և տնօրեն է նշանակվում Խուդյանի վաղեմի ընկեր Էդուարդ Եսայանը:

2009-ից սկսվում է, Էդմոնդ Խուդյանի կարծիքով, կեղծիքների ու խաբեությունների մի շղթա, որում մասնակցություն են ունենում Վլադիսլավ Մանգասարյանը, Ղևոնդ Ղալումյանը և Խուդյանի նախկին ընկեր Էդուարդ Եսայանը:

Նախ` մինչև «Արին կապիտալ» ընկերությանն անցնելը նորակառույցի վրա կատարված ծախսերը համարվել են անձնական պարտք Էդմոնդ Խուդյանին, որը պետք է մարվեր նորակառույցից օտարված տարածքներից ստացված միջոցներից: Բայց երբ այդ պարտքերը վերադարձրել են Էդմոնդ Խուդյանին, դրանք ձևակերպել են որպես փոխառություն, այսինքն` իբր ոչ թե իրենց պարտքն են վերադարձրել, այլ Խուդյանին պարտքով փող են տվել: Այդ գործարքները կազմել են 2 միլիոն 51 հազար դոլար: Դրա վերաբերյալ, ինչպես նշեց Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ և շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, կան պատշաճ ապացույցներ. 2007-2008 թթ. ժամանակահատվածում կազմվել  է 6 պայմանագիր, մինչդեռ առնվազն 3-ը ֆիզիկապես հնարավոր չէին, քանի որ Խուդյանը Հայաստանում չի գտնվել և չէր կարող հաստատել այդ պայմանագրերը:

Մեկ այլ դրվագում, նախնական պայմանագրերով վաճառելով «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող տարածքներ, Վլադիսլավ Մանգասարյանը ստացված գումարները ոչ թե մուտքագրել է ընկերության հաշիվներին, այլ ներկայացրել է որպես ընկերությանը տրամադրված փոխառություն. իբր պարտքով փող է տվել ընկերությանը:

«Մեզ մոտ կան որոշ փաստաթղթեր, որոնցից երևում է, որ ընկերությունը վաճառել է տարածքներ և այդ գումարները չի մուտքագրել ընկերության հաշվին: Այս գործում կա նաև միևնույն տարածքների կրկնակի վաճառքի փաստ: Խուդյանը, մինչև «Արին կապիտալ» ներդրումային ընկերության հիմնումը հանդիսանալով այդ վիճահարույց տարածքների սեփականատերը, որոշ տարածքներ նախնական պայմանագրերով արդեն իսկ վաճառած է եղել տարբեր անձանց: Հետագայում այդ տարածքները վաճառվել են արդեն հիմնական պայմանագրերով ուրիշ անձանց: Ընկերության հիմնման ժամանակ այդ բոլոր փաստաթղթերն անցել են ընկերությանը, և գործադիր տնօրեն Էդուարդ Եսայանը քաջատեղյակ է եղել այդ փաստաթղթերին»,- նշեց Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ըստ եղած փաստաթղթերի` ընկերությունը տարածքների վաճառքից ստացված գումարներից մոտ 10 միլիոն դոլար չի մուտքագրել:

Խուդյանի և շենքի խաբված գնորդների դատերից խուսափելու համար Եսայանը, Մանգասարյանն ու Ղալումյանը գնացել են կանխամտածված սնանկության, խոշոր փոխառություններ են վերցրել և չեն վճարել: Իրականում փոխառության որոշ պայմանագրեր կնքվել են, բայց որևէ գումար ընկերությանը չի փոխանցվել:

«Իրականում ոչ մի գումար էլ չի եղել, որի  պատճառով ընկերությունը չի կարողացել կատարել իր հարկային և այլ պարտավորությունները ու գնացել է սնանկության»,- բացատրեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ի դեպ, այս տարվա մայիսին ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ: Սակայն հուլիս ամսից այն տեղից չի շարժվում: «Ես կարծում եմ, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կազմակերպված ինձ քցելու և գումարները յուրացնելու միտում են ունեցել: Իմ մասնակցությունը պետք է ավարտված լիներ 2006 թ. մայիսին, բայց ամեն ինչ արվել է,  որ իմ մասնակցությունը չավարտվի: Եվ սա առաջին հերթին կազմակերպված էր Վլադ Մանգասարյանի կողմից»,- ասաց Էդմոնդ Խուդյանը:

Վլադիսլավ Մանգասարյանի հետ զրուցելու, առավել ևս` հանդիպելու մեր բոլոր ջանքերն անցան ապարդյուն, քանի որ մեծ ճիգերով գտած բոլոր հեռախոսահամարները, որոնք ենթադրաբար պետք է նրանը լինեին, կա՛մ անջատված էին, կա՛մ գոյություն չունեին: Մենք ցանկացանք կապ հաստատել «Արին կապիտալ» ներդրումային կազմակերպության գրասենյակի հետ, բայց «Սփյուռ» տեղեկատուից հայտնեցին, որ հեռախոսահամար գրանցված չէ, իսկ կազմակերպության գրանցման հասցեն Մաշտոցի 33-ն է, այսինքն` խնդրո առարկա նորակառույցի հասցեն: «Վ.Մ.Գ գրուպ» ՓԲԸ-ն «Սփյուռում» ընդհանրապես գրանցված չէ: Գնացինք շենք, բայց պահակից  չկարողացանք պարզել թե՛ Վլադիսլավ Մանգասարյանի և Էդուարդ Եսայանի հեռախոսահամարները, թե՛ նրանց գտնվելու վայրը: Մինչդեռ ցանկալի էր, որ նրանք ևս իրենց տեսակետները հայտնեին այս հարցի կապակցությամբ:

 

 

 

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply