Վստահության գինն Ադրբեջանում կամ կլանային պայքարի նշանակությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 28, 2011 10:50

Ադրբեջանում երեկ Caspian Information Centre-ը հրապարակեց իր կատարած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որում ասվում է, թե  Ադրբեջանի բնակչության 95%-ը վստահում է Իլհամ Ալիևին, 96%-ը կարծում է, որ նախագահը ճիշտ քաղաքականություն է վարում, իսկ 70%-ն էլ ճիշտ է համարում երկրում տարվող տնտեսական քաղաքականությունը:

Լրագրողների հարցին` արդյոք նման արդյունքներ այլ երկրներում ստանալ հնարավոր է, թե ոչ, բրիտանական «արմատներ» ունեցող այս կազմակերպության ղեկավար Ջերալդ Ֆրոստը ասել է, թե դժվար է համեմատություն անցկացնել, քանի որ ինքը «մոռացել է» այլ պետություններում անցկացված հարցումների արդյունքները: Ֆրոստի նման խուսափողական պատասխանը շատ ուղղակի մատնում է այն «մեթոդը», որով էլ ստացել են նման պատասխաններ, և  ընդամենն առավել ակնհայտ է դարձնում Ադրբեջան պետության տոտալիտար բնույթը, քանի որ ժողովրդավարական ուղի բռնած ու անգամ ամենաժողովրդավարական երկրներում նման բան հնարավոր չէ:

Ընդ որում, այս առնչությամբ մի շատ հետաքրքիր հանգամանք կա: Ադրբեջանում արդեն վաղուց Հեյդար Ալիևի ֆետիշացումը նորություն չէ: Սակայն սկսվել է նաև որդի Ալիևի` Իլհամի հերոսացման գործընթաց: Ադրբեջանի իշխող կուսակցության անդամ, Բաքվի համալսարանի դասախոս Թոֆիկ Հուսեյնովը Իլհամ Ալիևի 50-ամյակի կապացությամբ առաջարկել է նրան շնորհել ազգային հերոսի կոչում`պատշաճ գնահատելով երկրի ղեկավարի «արժանիքները»: Իսկ  «Ազադլըգ» թերթի թղթակից Նաթիգ Գյուլահմեդօղլուն, Նախիջևանով Թուրքիա կատարած իր եռօրյա այցի մասին պատմելով,  նշել է, թե Նախիջևանում հեյդարիզմին փոխարինելու է եկել իլհամիզմը: «Նախիջևանում Հեյդար Ալիևի նկարով որևէ պաստառ չկար, փոխարենը` ամենուրեք կարելի էր տեսնել Իլհամ Ալիևի դիմանկարները: Ասում են` Նախիջևանը ավտորիտարիզմի լաբորատորիա է: Ժողովրդին ճնշելու և բթացնելու համար Նախիջևանում հաջողությամբ կիրառված փորձը հետո ներդրվում է Ադրբեջանում»,-պատմել է թերթի թղթակիցը:

Արդբեջանում նախագահի նկատմամբ վստահության ապահովումն իրագործվում է խոսքի ազատության ճնշման, անգամ ամենամեղմ քննադատության դեպքում քաղաքական հետապնդումներ իրականացնելու և խաղաղ ու սակավամարդ ակցիաները բռնի ուժով ցրելու միջոցով: Ցանկացած այլախոհություն դիտվում է որպես դավաճանություն: Միայն վերջերս Ադրբեջանի Նավթային ակադեմիայի պրոֆեսոր, Ադրբեջանում հեղինակություն վայելող Ռաֆիկ Ալիևը հեռացվեց աշխատանքից միայն այն բանի համար, որ «համարձակվել» էր ելույթ ունենալ մտավորականների ֆորումում: Նա ասել էր, որ երկրի իշխանությանները պարտավոր են բարեփոխումներ անել քաղաքացիական դիմակայությունից խուսափելու համար, և կոչ էր արել ազատ արձակել ձերբակալված երիտասարդ ակտիվիստներին: Վերջերս ձերբակալվեց ու դատապարատվեց նաև Արդբեջանի ընդդիմադիր «Խուրալ» թերթի խմբագիրը իբր թե կաշառք վերցնելու, իսկ իրականում հենց իշխանություններին քննադատելու համար:

Ահա թե ինչ ասել է Ադրբեջանում վստահություն նախագահի նկատմամբ: Ուշագրավ է նաև, որ հրապարակված վերոհիշյալ հարցումներին զուգահեռ` այս շաբաթ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հանրայնացրեց իր զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ, որում խիստ քննադատություն կա` ուղղված Ադրբեջանի իշխանություններին:

Մասնավորապես, իրավապաշտպանները մեղադրել են նախագահ Ալիևին այս գարնանը տեղի ունեցած ընդդիմության ակցիաները բռնի ուժով ցրելու համար: Ինչպես նշվում է զեկույցում, ոգեշնչված արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխություններից` Ադրբեջանի ընդդիմադիրները փորձել են Facebook սոցիալական ցանցի միջոցով կազմակերպել հանրահավաքներ`պահանջելով ժողովրդավարական բարեփոխումներ: Ու չնայած այդ ակցիաները չեն եղել այնքան բազմամարդ, որ վտանգ ներկայացնեն իշխանության համար, անվտանգության ուժերը ծեծի են ենթարկել հավաքների մասնակցիներին, ինչպես նաև ձերբակալություններ իրականացրել (հիմնականում` «Ազգային ճակատ» ու «Մուսավաթ» կուսակցությունների անդամներին):  Հետևանքն այն է, որ դեռ 17 մարդ գտնվում է բանտում,  նրանք ազատազրկված են մինչև 3 տարի ժամկետով: Շատ հաճախ ձերբակալված ընդդիմադիրների դատական նիստերը տևել են ընդամենը 10-15 րոպե, և մեղադրանքները շինծու են եղել:

Իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում բանտերում գտնվող ընդդիմադիրներին անվանում է «խղճի բանտարկյալներ»:  Amnesty International-ի զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են լրագրողներին ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ փորձելով  ցույց տալ, որ «իշխող ռեժիմի դեմ հասարակությանը տրամադրելու ցանկացած փորձ կպատժվի իրենց կողմից»։

Կազմակերպությունը կոչ է անում եվրոպական երկրներին առավել գործուն միջոցներ կիրառել Ադրբեջանում մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների պահպանումն ապահովելու համար։ Ավելին` իրավապաշտպանները մեղադրում են արևմտյան երկրներին, քանի որ որոշ դեպքերում ադրբեջանական նավթն ու գազն ավելի կարևոր են դառնում, քան մարդու իրավունքների պաշտպանության հարցը:

Նկատենք, որ այս շաբաթվա ընթացքում նման մեղադրանք արևմտյան երկրների հասցեին հնչեցրին նաև Ադրբեջանի ընդդիմադիրներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԵՄ Անվտանգության ու արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հարավկովկասյան այցի ընթացքում`պնդելով, որ արևմտյան պետությունները հաճախ աչք են փակում Ալիևների դինաստիայի գործողությունների վրա` հանուն Ադրբեջանի էներգետիկ պաշարների: Ընդ որում, քանի դեռ Էշթոնը հանդիպումներ էր ունենում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու այլ խնդիրների շարքում բարձրացնում էր նաև Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ խնդիրները, փողոցում ոստիկանները փորձում էին բռնի ուժով ու մահակներով ցրել երիտասարդների` «Վերականգնել ազատ հանրահավաքների անցկացումը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով ընթացող երիտասարդական սակավամարդ բողոքի ցույցը:

Այլ կերպ ասած` Ադրբեջանում բնակչության 95%-ի «վստահությունը» վայելող Իլհամ Ալիևը վախենում է ցանկացած քննադատությունից, բողոքի ցույցից կամ ընդդիմադիր հավաքից, ամեն կերպ փորձում է ապալեգիտիմացնել ընդդիմությանը և ճնշել համարձակ կեցվածք ունեցող մտավորականներին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը իշխանության կողմից չվերահսկվող ընդդիմադիր ուժերին, գործիչներին ու լրատվամիջոցներին պարզապես անվանեց «հակաադրբեջանական կեցվածք ունեցող ուժեր, որոնք ուրախանում են  Ադրբեջանի անհաջողություններով»: Եվ այն, որ Ադրբեջանում արդեն երկար ժամանակ է`  շարունակվում է այս իրավիճակը, պայմանավորված է իշխանություն-հասարակություն երկխոսության բացակայութամբ ու հանրության օտարմամբ, սոցիալական սուր բևեռացվածությամբ ու կլանային պայքարով:

Ներկլանային պայքարը որոշիչ` սպասվող նախագահական ընտրություններում

Խնդիրն այն է, որ իշխանության որոշումները ոչ մի կերպ պայմանավորված չեն հասարակությունից եկող մեսիջներով ու պահանջներով: Այստեղ ներքին քաղաքականությունն ավելի շատ պայմանավորում է իշխանության ներսում առկա երկու` Նախիջևանի ու Բաքվի խմբավորումների միջև պայքարի արդյունքը:

«Իշխանական ամենաազդեցիկ խմբավորումներից մեկը` նախիջևանյանը, հանդես է գալիս բարեփոխումների անցկացման դեմ: Նրանք համոզված են, որ իշխանության պահպանման լավագույն ձևը ժողովրդին վախի մթնոլորտում պահելն է, իսկ բոլոր նրանց, ովքեր հանդես կգան իրենց դեմ, անհրաժեշտ է լռեցնել ամենադաժան մեթոդներով: Մինչդեռ ներիշխանական մեկ այլ, ոչ պակաս ազդեցիկ Բաքվի խմբավորումը կարծում է, որ բարեփոխումների անցկացումն ուղղակի անխուսափելի է: Այդ խմբավորման ներկայացուցիչները կարծում են, որ եթե իրենք չսկսեն բարեփոխումներ անցկացնել, ապա երկրում կարող է ժողովրդական լուրջ շարժում ծավալվել, ինչը չի փրկի ուժային մեթոդներով գործող համակարգը: Բաքվի խմբավորումը կարծում է, որ իշխող խմբավորումը պետք է փոխվի, և ի հայտ գան նոր դեմքեր»,- գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` հղում անելով իր ներիշխանական աղբյուրներին: Ապա հավելում է, որ այս պայքարը շատ ուղղակի ազդեցություն է ունենալու 2013 թ. սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ:

Ընդ որում, կանխատեսվում է, որ արաբական սցենարից խուսափելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չնայած սահմանադրությունում արված փոփոխություններին, որոնք թույլ են տալիս ցմահ պաշտոնավարել,  կարող է ընդհանրապես հրաժարվել իր թեկնածությունը առաջադրելուց: Եվ նախագահի հիմնական թեկնածուներ կարող են լինել նրա կինը` Մեհրիբան Ալիևան և արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը`որպես այս երկու հակամարտող խմբավորումների թեկնածուներ: Ու այս երկու խմբավորումների միջև ընտրությունների նախաշեմին պայքար է ծավալվում երկրի խորհրդարանի խոսնակի ու վարչապետի կարևորագույն պաշտոնները զբաղեցնելու համար:

Անգամ վերջերս տեղեկություն տարածվեց, որ արևմտյան ու տեղացի փորձագետների մի խումբ առանձին-առանձին աշխատում են Մեհրիբան Ալիևային վարչապետի պաշտոնում նշանակելու ծրագիր մշակելու ուղղությամբ, ինչը կարող է դառնալ ցատկահարթակ` նախագահ դառնալու համար: Ավելին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Ադրբեջան կատարած այցի ընթացքում Մեհրիբան Ալիևային ժողովրդվարական զարգացումներին նպաստելու համար շքանշան նվիրելը որակվեց որպես Արևմուտքի` Ադրբեջանի հաջորդ նախագահի ընտրություն: Եվ, բնականաբար, սա ավելի թեժացրեց Փաշաևների պայքարը Քեմալադին Հեյդարովի ղեկավարած նախիջևանյան խմբավորման դեմ:

Այս հակասություները որոշիչ են լինելու ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ երկրի քաղաքական ուղենշի հետագա ընտրության հարցում: Իլհամ Ալիևն իր հերթին ընտրության խնդիր ունի:

 

 

 

 

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply