Ո՞ր դատարաններն են իրավասու քննելու վարչական գործեր

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | December 3, 2011 7:00

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` «Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի»:

Վարչական դատարանը, ըստ էության, քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

Վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով: Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում վարչական դատարանը կայացնում է դատական ակտեր, որոնք վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:

Վարչական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ: Վարչական դատարանի միջանկյալ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանվում են դատավարական օրենսդրությամբ:

Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուuափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման վարչական վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:

Վարչական դատարանը գործում է դատարանի նախագահի և 16 դատավորի կազմով: Վարչական դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երևան քաղաքում: Վարչական դատարանն ունի այլ նստավայրեր մարզերում:

Վարչական դատարանի նախագահն օժտված է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորություններով:

Վարչական գործերը վերաքննության կարգով վերանայվում են վերաքննիչ և վճռաբեկ ատյանների կողմից: Այսպես, վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը:

Վարչական վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը:

Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան՝

1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը,

2) վերաքննիչ քրեական դատարանը,

3) վարչական վերաքննիչ դատարանը:

Վարչական վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով: Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

Վճռաբեկ դատարանն ունի երկու պալատ՝

1) քրեական պալատ.

2) քաղաքացիական և վարչական պալատ:

Քաղաքացիական և վարչական պալատը կազմված է պալատի նախագահից և 9 դատավորից:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 2300 անգամ:
Print Friendly

Leave a Reply