«Թումո». այլընտրանքային մտածողության կենտրոն` հայ պատանիների համար

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 29, 2011 8:00

Տրամադրող  երաժշտություն, շարժական սեղաններով և համակարգիչներով դեսուդեն սլացող հարյուրավոր աշակերտներ, կենտրոնացած դեմքեր և խմբային քննարկումներ, ընդարձակ սրահում  անցուդարձ անող երիտասարդ մասնագետներ. անծանոթ աչքն առաջինը նկատում է դասի համար մեր իրականությունում  անսովոր մթնոլորտը և պայմանները:

13-ամյա Էլլա Գիլոյանը մեկն է այստեղ սովորող 5000 աշակերտներից և «Թումոյի» մասին իմացել է կենտրոնի բացմանը նվիրված համերգի շնորհիվ:

«Որոշեցի, որ նման հնարավորությունը չպետք է բաց թողնել: Շատ գոհ եմ որոշմանս համար: Այս ընթացքում ծանոթացել եմ համակարգչային տարբեր ոլորտների, ընկերական մեծ շրջապատ եմ ձեռք բերել, շատ լավ ա: Ակնկալում եմ վեբ դիզայնի  ուղղությամբ գնալ, եթե լավ ստացվի` գուցեև շարունակեմ և երկրորդ հարկ բարձրանամ,- ասում է Էլլան ու ժպտալով հավելում,- ընտրածս մասնագիտությունը, սակայն, կապ չունի «Թումոյի» հետ, ուզում եմ դիվանագետ դառնալ»: Զրույցի  պահին Էլլան խաղերի ստեղծման ոլորտի առաջադրանքն էր կատարում. «Այժմ գտնվում եմ փոքր կղզում, պետք է գնամ մեկ այլ կղզի»:

«Անկախի» թղթակցի`  «Թումո» կատարած այցի ընթացքում  13-ամյա Թաթուլն ու Վահանը փորձում էին բերանով երաժշտություն ստանալ ու ձայնագրել հատուկ ծրագրով: Թաթուլի նախընտրելի ուղղությունն անիմացիան է, առաջադրանքները մեծ հաճույքով է կատարում, իսկ կենտրոնի դասերին որոշել է հաճախել պարզապես համակարգչին լավ տիրապետելու համար, վստահ է, որ ապագա տնտեսագետին համակարգչային հմտությունները շատ կօգնեն:

Նույն կերպ է տրամադրված նաև ապագա լրագրող Վահանը. «Վստահ եմ, որ հետագայում, անկախ մասնագիտությունից, մեր գիտելիքները մեզ պետք կգան»: Աշակերտները, համեմատելով դպրոցը և «Թումոն», ընդամենը երկու նմանություն են մատնանշում. երկու տեղում էլ ստուգում են ու գնահատում, ի տարբերություն դպրոցի, «այստեղ խիստ չեն, բայց հետևում են, որ առաջադրանքները կատարենք, սխալի դեպքում նորից են թեման բացատրում և սխալը շտկելու հնարավորություն  տալիս»:

Դասավանդող Անի Թադևոսյանը ևս փաստում է, որ «Թումոն» դպրոց չէ, այստեղ աշակերտներն ազատ են անելու ինչ ուզում են, դասի ժամին կարող են միմյանց հետ խոսել, քննարկել, տեղաշարժվել. «Երբ առաջին անգամ են գալիս, լարված են, երբ միմյանց հետ խոսում են ու դասավանդողը մոտենում է, միանգամից քարանում են ու լռում: Բայց քիչ-քիչ հասկանում են, որ սա այն տեղը չէ, որ պիտի կաշկանդված լինեն: Սովորելու պարտադրանք էլ չկա, նրանք ազատ են ամեն ինչում, ինտերնետը բոլորի համար բաց է, բայց հազվադեպ է, որ ինչ-որ կայք այցելեն, որը «Թումոյի» հետ կապ չունի, դա էլ վկայում է, որ հետաքրքրված են այն ամենով, ինչ այստեղ անում ենք»:

«Թումոյում» ամեն դասին  12-18 տարեկան մինչև 350 աշակերտ է  հաճախում: Ուսուցումն այստեղ անվճար է, ընդունելության համար էլ քննություն կամ գիտելիքների ստուգում չի պահանջվում. սովորելու հնարավորություն ընձեռվում է բոլորին: Առաջին վեց ամիսներին աշակերտներին տրվում են ընդհանուր գիտելիքներ, որից հետո նրանք կարող են ընտրել դասավանդվող չորս ուղղություններից մեկը` անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա: Ուսումնական ծրագրի ավարտին լավագույնները հնարավորություն կունենան ուսումը շարունակելու կենտրոնի երկրորդ հարկում` «Թումո» լաբորատորիայում, որտեղ էլ կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները:

Կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը պատմում է, որ նման կենտրոն հիմնելու գաղափարը երկար պատմություն ունի: «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հիմնադիր, լիբանանահայ  Սեմ Սիմոնյանը դեռ 19 տարեկան հասակում այցելել է այն ժամանակ Խորհրդային Հայաստան ու հիացել հայրենիքով. «Նրա մտքում միշտ եղել է այդ գաղափարը, որ եթե կարողանա, կվերադառնա Հայաստան ու մի լավ բան կանի իր հայրենիքի համար»: Դեռ 2000-2001 թթ. Հայաստանում 20 մլն դոլար ներդրում կատարելու պայմանագիր է կնքվում, որի մի մասն էլ կրթական ծրագիրը պիտի դառնար. «Նա հաջողել էր IT ոլորտի մեջ և կուզեր, որ Հայաստանն էլ հաջողության հասնի այդ ոլորտում:  ժամանակը եկել էր, որ իր երազանքը իրականացներ»: Սկզբնապես նախատեսվում էր հիմնել ինտերնետ ակումբ, որը կմիավորեր երիտասարդներին ու համացանց դուրս գալու հնարավորություն կտար: Սակայն արդեն 2005-ին պարզ դարձավ, որ ինտերնետ ակումբի գաղափարը բավարար չէ. «Քննարկումների արդյունքում որոշվեց,  որ պետք է ունենալ արտադպրոցական ծրագիր, որով աշակերտները կկարողանան ստանալ գիտելիքներ, որոնց կարիքը ունեն, և որոնք առօրյա կյանքում չեն մատուցվում Հայաստանում»:

«Թումոյի» տնօրենը նշում է, որ  այսօր աշխարհն արագ է զարգանում, և նրանք, ովքեր տեխնոլոգիաների մեջ են առաջ գնում, հավանաբար ամենաուժեղը կլինեն. «Եթե ուժեղ հիմք չպատրաստենք, շատ ուշացած պիտի լինենք»: Ըստ Փափազյանի` Հայաստանի հարստությունը մարդկային ռեսուրսներն են, իսկ ընտրված ոլորտի զարգացումը համեմատաբար մատչելի է. «Այս ոլորտը չի պահանջում հսկայական ռեսուրսներ, ընդամենը համակարգիչ և լավ ծրագրեր: Եվ սա հնարավորություն կտա աշխատանքը կատարելու հենց Հայաստանում, առանց Նյու Յորք կամ Լոս Անջելես մեկնելու»:

Ամփոփելով «Թումոյի» նպատակները` Փափազյանը նշում է. «Մեր նպատակը մասսայական մասնագետներ ստեղծելը չէ, այլ հավասարակշռված, ճկուն և այսօրվա աշխատանքային պայմաններին հարմարված, շուկայի պահանջներին պատրաստ քաղաքացի ձևավորելը: Մենք երեխաներին սովորեցնում ենք մտածել, ստեղծագործել, ոչ թե 100 տոկոս գիտելիք ենք տալիս, օրինակ, անիմացիայի մասին: Այստեղ պատանիները  կարող են կարդալ, շփվել միմյանց հետ և նոր գաղափարների ծանոթանալ:  Մենք կայծն ենք տալիս, հող նախապատրաստում»:

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մարզերի պատանիներն էլ ընդգրկվեն ծրագրում, Փափազյանը նշում է, թե դեռ հետագա ծրագրերի ու զարգացումների մասին խոսելը վաղ է.  «Կանուխ է ասել, որ այս փորձը հաջողված է, ժամանակ է հարկավոր փորձարկելու և արդյունքները գնահատելու համար: Եթե փորձը հաջող լինի, կմտածենք նաև մարզերի երեխաներին ընդգրկելու մասին, սակայն թե ինչ ֆորմատով, դեռևս հայտնի չէ:  Հնարավոր է, որ մարզերում փոքր կենտրոններ ստեղծվեն»:

Իսկ ուսուցումը կենտրոնում, տնօրենի հավաստմամբ, հետագայում էլ կշարունակի լինել անվճար, քանի որ նպատակը «բիզնես անելը չէ»:

Դիտվել է 3723 անգամ:
Print Friendly

Leave a Reply