Միքայել Արամյանցի սերունդները հանդիպում են տասնամյակներ անց. Արամյանց ազգանունն արդեն բրենդ է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 2, 2011 7:00

Հայ մեծ բարերար, նավթարդյունաբերող Միքայել Արամյանցի (1843-1922) հսկայական կարողությունը թալանվել ու ոչնչացվել է բոլշևիկների կողմից: Մնացել են միայն այն շենքերն ու շինությունները, որոնք նրա միջոցներով կառուցվել են Վրաստանում, Հայաստանում ու Արցախում: Թբիլիսին զարդարող ամենագեղեցիկ շինություններից մեկը` «Մաժեստիկ» հյուրանոցը, որն այսօր վրացիների «Մարիոթն» է, նույնպես Արամյանցն է կառուցել: Ցավոք, այդ հոյակերտ կառույցի վրա կառուցողի անվան հետքն իսկ չկա. վրացիները չափից դուրս ազգայնական են մշակութային այդ անգնահատելի ժառանգությունը հայի անվան հետ կապելու համար…

Հայաստանում Արամյանցի անունը դիտավորյալ մոռացության է տրվել խորհրդային տարիներին` որպես բուրժուազիայի ներկայացուցչի, իսկ անկախությունից հետո նրա մասին ուսումնասիրություններ մինչ վերջերս չէին արվել: Այս տարի լույս տեսավ Միքայել Արամյանցին նվիրված առաջին մենագրությունը, որի հեղինակը երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանն է: Գրքում հեղինակը բացահայտել է Արամյանցի կյանքի և գործունեության մինչ այժմ չլուսաբանված էջերը: Վահե Անթանեսյանը նաև յուրօրինակ կամուրջ է դարձել Արամյանցի` աշխարհով մեկ սփռված ժառանգների համար:

Նոյեմբերի 10-ին պատմաբանի նախաձեռնությամբ հանդիպեցին Միքայել Արամյանցի երկու եղբայրների` Եսայու և Աբրահամի ծոռները` Թամարա և Սերգեյ Արամյանները (Միքայել Արամյանցի մահից հետո «ց» ածանցը հանվել է որպես բուրժուազիայի մնացուկ):

Արդեն հասուն տարիքի պարոն Սերգեյն ու տիկին Թամարան, ապրելով Երևանում, երբեք չեն իմացել, որ երկու եղբայրների ծոռներ են: Այդ օրը նրանք հետաքրքիր շատ բան ունեին իրար պատմելու. «Պապս` Նիկոլայը, Արամյանցի եղբայր Եսայու որդին է եղել, բայց Արամյանցը նրան սեփական որդու պես  է սիրել ու շատ է կապված եղել,- պատմում է տիկին Թամարան:- Նա իր թևի տակ է առել Նիկոլային, ուսման տվել նախ Շուշիի ռեալական ուսումնարանում, ապա ուղարկել Ֆրանսիա, որտեղ գյուղատնտեսական ակադեմիան ավարտելուց հետո, պապս վերադարձել է Թիֆլիս և դարձել նրա կալվածքների գլխավոր գյուղատնտեսը»:

Այստեղ պատմաբանն ընդհատում է տիկին Թամարային և լրացուցիչ տեղեկություններ հաղորդում Նիկոլայի մասին. «Ախթալայում Միքայել Արամյանցի կառուցած շվեյցարական ոճի դղյակի տարածքում կիպարիսներ կան, որոնք Նիկոլայը Ֆրանսիայից է բերել և տնկել այնտեղ,- ասում է նա,- բացի այդ, պահպանվել է նաև Նիկոլայի կողմից հորեղբորը ուղարկված բացիկը, որի վրա պատկերված է եզները պարանով քաշող մի գյուղացի, իսկ բացիկի մեջ գրված է. «Միքայել ջան, տես, գյուղացին մնում է գյուղացի, կապ չունի` Կովկասում, թե Փարիզում…»:

Նիկոլայն ունեցել է 4 երեխա` 1 որդի, 3 դուստր: Որդին` Սարգիս Արամյանը, որ տիկին Թամարայի հայրն է, երկար տարիներ եղել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, ապա 20 տարի ղեկավարել է Ստեփանակերտի ժողկրթբաժինը: Տիկին Թամարան մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ է, սովորել է նախ Բաքվում, ապա Մոսկվայում,  բայց արդեն 20 տարի է` աշխատում է Հովհաննես Թումանյանի թանգարանում որպես ֆոնդապահ: Նա ծնվել է Ստեփանակերտում, ապա ամուսնացել և տեղափոխվել Երևան. «Խորհրդային տարիներին պապիս նշանակել են Հռիփսիմե վանքի վանքապատկան հողերի գխավոր գյուղատնտես, և նա ընտանիքով տեղափոխվել է Էջմիածին: Հետո տատիս եղբորը Ղարաբաղում ջարդերի ժամանակ թուրքերը սպանել են, և քանի որ տատս անսահման վիշտ է կրել, նրանք տեղափոխվել են Ղարաբաղ: Բացի այդ, պապիս այդ ժամանակ Ղարաբաղում աշխատանք են առաջարկել»:

Տատի եղբոր ընտանիքի պատմությունը ողբերգական է. Նախիջևանիկ գյուղից տատի եղբայրը հղի կնոջ և երեխայի հետ գնալիս է եղել  Ստեփանակերտ` գնումների: Նա կնոջն ու երեխային նստեցրել է էշի վրա, ինքը` սանձը բռնած գնացել: Ճանապարհն անցել է թուրքաբնակ մի գյուղի մոտով, որը հայտնի է եղել որպես ավազակների և հրոսակների գյուղ: Չնայած տատի եղբայրն իմացել է, որ այդ գյուղի մոտով անցնելը շատ վտանգավոր է, այնուամենայնիվ ռիսկի է դիմել, քանի որ այդպես ճանապարհն ավելի կարճ էր: Թուրքերը նրանց բռնել են և բոլորին մորթել` անգամ էշին:

Պատմաբանը հուշում է, որ դա հենց այն գյուղն էր, որ 1905 թ. Համազասպի գլխավորությամբ հայ ֆիդայիները վառել են որպես ավազակաորջ:

Ստալինյան ժամանակաշրջանում պապին «ժողովրդի թշնամի» պիտակով աքսորել են Շուշիի բերդ` մեղադրանք ներկայացնելով, թե իբր նա խաղողի տնկաշարերը դիտավորյալ իրար մոտ է տնկել, որպեսզի մեքենաները չանցնեն. «Հավանաբար Արամյանցի եղբորորդի լինելն էլ է նպաստել, որ նրան աքսորեն: Իսկ հայրս այդ ժամանակ ուսանող էր Բաքվի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում, և այդ տարիներին, եթե հորն աքսորում էին` երեխաներին էլ հեռացնում էին ուսումնական հաստատություններից: Սակայն հայրս այնքան փայլուն ուսանող է եղել, որ ռեկտորն անձամբ է միջամտել, որ նրան չհեռացնեն»,-պատմում է նա:

Տիկին Թամարայի պապը` Նիկոլայը, մահացել է Ստեփանակերտում 1961 թ. ` 74 տարեկան հասակում:

Հետաքրքիր է նաև տիկին Թամարայի հոր ամուսնությունը մոր` Հերսելիայի հետ, որ նույնպես ազնվատոհմ ընտանիքից էր: Բաքվում սովորելու տարիներին հայրը սիրահարվել է մի աղջկա և ծնողներին նամակով հայտնել, որ ուզում է ամուսնանալ նրա հետ: Նա գրել է, որ աղջիկը շատ գեղեցիկ է, խելացի, բայց մի թերություն ունի` չի լսում (փոքր ժամանակ մայրը հիվանդացել է տիֆով և 6-7 տարեկանում կորցրել լսողությունը): Պապը պատասխանել է. «Եթե դու նրան սիրում ես, ապա ով ուզում է լինի, ինչ ազգության էլ լինի, նա մեր թագուհին կլինի»: Պապի այդ նամակը մինչ օրս պահպանվում է նրանց տանը:

Պարոն Սերգեյը լսում է իր նորահայտ բարեկամուհու պատմածներն ու հուզմունքով պատմում իր պապի ու իր ընտանիքի մասին. «Ես թոռն եմ Սերգեյ Արամյանցի` Միքայել Արամյանցի եղբայր Աբրահամի որդու,- ասում է նա,- պապս էլ է եղել Միքայել Արամյանցի սիրելի եղբորորդին: Նա ապրել է Բաքվում, բայց երիտասարդ հասակում մահացել է»:

Երբ Մանթաշովն ու Արամյանցը միասին ստեղծել են Բաքվի նավթարդյունաբերական ընկերությունը, որի բաժնետերերն էին Մանթաշովը, Արամյանցն ու ռուսական բանկը, Սերգեյի պապը` Սարգիս Արամյանցը, եղել է այդ ընկերության գործերի կառավարիչը: Մի անգամ Բաքվում ընկերությանը պատկանող բանվորական հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Սերգեյն էլ է գնացել մարդկանց փրկելու: Այդ օրը նա սառը ջրերի մեջ է մնացել, մրսել, երկկողմանի թոքաբորբ ստացել ու մահացել` 4 երեխաների հոգսը թողնելով երիտասարդ կնոջ ուսերին. «Սակայն տատս պատմում էր, որ Բաքվում պապիս մահվանից հետո էլ իրենք շատ բարեկեցիկ կյանք են վարել, անգամ ծառայողներ ու կառքեր են ունեցել, իսկ երբ սկսվել են հայ-թուրքական խնդիրները, տատս երեխաներին վերցրել է ու տեղափոխվել նախ Կիրովական, ապա` Երևան»:

Պարոն Սերգեյը ցույց է տալիս պապից պահպանված իրերը. «Այս նարդին, որ մեկ դարից ավելի պատմություն ունի, պապինս է եղել: Տատս պատմում էր, որ այս նարդիով հաճախ են իրենց տանը խաղացել Արամյանցն ու Մանթաշովը,- ասում է պարոն Սերգեյը, ապա սեղանին լցնում սպասքի յուրօրինակ պարագաներ, որոնք ժամանակին օգտագործել են ազնվատոհմ ընտանիքները. նուրբ, բյուրեղապակյա հենակներ, որ նախատեսված են եղել դանակ-պատառաքաղի համար, որպեսզի դրանք չդիպչեն սփռոցին: Այնուհետև պարոն Սերգեյի կինը մեզ խմորեղեն է հյուրասիրում ամուսնու տատից մնացած ափսեներով:

Պապից նրանց են հասել նաև Շեքսպիրի և Շիլլերի հաստափոր հատորները, սակայն վատ տարիներին նրանք գրքերը հանձնել են որպես մակուլատուրա` հետագայում միայն գիտակցելով, թե ինչ են կորցրել…

Ի տարբերություն տիկին Թամարայի, պարոն Սերգեյն ավելի պասիվ է եղել և ժամանակ ու միջոցներ չի ունեցել` հետաքրքրվելու իր նախնիներով, այցելելու նրանց ծննդավայրը: Սակայն ասում է, որ տարեցտարի այդ միտքն ավելի ու ավելի է  իրեն տանջել: Տիկին Թամարան նրան խոստանում է եղանակները բացվելուն պես առաջին հերթին տանել Արցախ` Քյաթուկ գյուղ, որտեղ ծնվել է  իրենց մեծանուն նախնին` Միքայել Արամյանցը: Նրանք վաղեմի բարեկամների պես իրար հրաժեշտ են տալիս` կրկին հանդիպելու ակնկալիքով:

«Վերջին ժամանակներում, կարծես, Արամյան ազգանունը բրենդ է դարձել,-ասում է պատմաբանը,- գրքի տպագրությունից հետո շատերն են զանգահարել և ասել, թե Արամյանցի շառավիղն են: Անգամ մի մեծահարուստ հայ Մոսկվայից իր կայքէջում գրել էր, թե Արամյանցի թոռն է, սակայն պարզվեց, որ նրանք ազգակցական որևէ կապ չունեն: Ցավոք, մինչ օրս Արամյանցի թոռներից ու ծոռներից արձագանք չի եղել»:

Անթանեսյանը ծրագրում է 2013 թվականին Միքայել Արամյանցի 170-ամյակի առթիվ Քյաթուկ գյուղում համախմբել նրա ժառանգներին և մեծ տոնակատարությամբ նշել մեծ հայի հոբելյանը` հույս հայտնելով, որ մինչ այդ կհասցնի գտնել բոլորին:

 

Միքայել Արամյանցի մասին կարդացեքՈ՞վ է Միքայել Արամյանցը. երիտասարդ պատմաբանը փորձում է մոռացումից հանել մեծ հայի թողած ժառանգությունը

 

 

Դիտվել է 2012 անգամ:
Print Friendly

Leave a Reply