Իրավապաշտպանն արդար և ազատ ընտրությունների մասին խոսելն անմտություն է համարում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 24, 2011 14:30

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հրավերով հոկտեմբերի 27-28-ը Եվրախորհրդի տարածքի իրավապաշտպանները Ստրասբուրգում կլոր սեղանի շուրջ քննարկել են ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների խնդիրները: Հայաստանից կլոր սեղանին մասնակցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Մենք հանդիպեցինք իրավապաշտպանի հետ և զրուցեցինք ինչպես քննարկված հարցերի, այնպես էլ Հայաստանում առաջիկա ընտրությունների շուրջ:

Պարոն Իշխանյան, ի՞նչ հիմնական հարցեր քննարկվեցին այդ հանդիպման ընթացքում:

– Սա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված երրորդ հանդիպումն էր վերջին 2 տարվա ընթացքում, որի նպատակն էր տեղեկանալ ու վերլուծել Եվրախորհրդի անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, մարտահրավերներն ու գլխավոր հանձնակատարի դերն այդ ոլորտում: Քանի որ Թոմաս Համարբերգի պաշտոնավարման ժամկետը եկող տարվա մարտ ամսին լրանում է, այս հանդիպումն ինչ-որ իմաստով նաև հաջորդ հանձնակատարին խնդիրների փոխանցման նպատակ ուներ: Ի դեպ, Համարբերգը բավական հեղինակավոր անձնավորություն է, և շատ կարևոր է, որ նա իր կուտակած փորձը փոխանցի հաջորդին:

Մյուս կողմից` այս հանդիպումը փոքր-ինչ տարբերվում էր նախորդներից: Եթե նախկինում եվրոպական կառույցների ուշադրությունը միշտ սևեռված էր հետխորհրդային հանրապետություններում մարդու իրավունքների խնդիրների վրա, և մեր մեջ էլ այնպիսի տպավորություն կար, որ Արևելյան կամ հատկապես Արևմտյան Եվրոպայում այդ խնդիրներն առանձնապես հրատապ չեն, այս հանդիպման ժամանակ  պարզվեց, որ այդպես չէ: Մարդու իրավունքների հետ կապված բավական լուրջ խնդիրներ կան նաև Եվրոպայում: Օրինակ, ինչպես ներկայացվեց, Արևելյան Եվրոպայում բավական լուրջ խնդիր է ազգայնականության զարթոնքը, ինչպես նաև` գնչուների իրավունքները: Արևմտյան Եվրոպայի երկրներում խնդիրներ կան` կապված հատկապես միգրանտների և կրկին գնչուների իրավունքների հետ:

Հայաստանյան ի՞նչ խնդիրներ ներկայացրիք այդ հանդիպման ընթացքում:

– Ինչպես միշտ, ես նորից անդրադարձա Հայաստանը որպես ոչ իրավական պետություն լինելու հանգամանքին, դատարանների կախվածությանը, որից էլ ածանցվում են բոլոր իրավունքների խախտումները. խոսքը վերաբերում է հատկապես ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումներին, վատ վերաբերմունքին, քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին, կրոնական անհանդուրժողականությանը, ընտրություններին` ուղղակի ժողովրդավարությանը, որը չի գործում Հայաստանում:

Ի՞նչ խնդիրներ ներկայացրին հարևան երկրները:

– Վրաստանի իրավապաշտպանները բավականին խիստ ներկայացրին իրենց երկրում մարդու իրավունքների վիճակը` նշելով երկրում ձևավորված ավտորիտար իշխանական համակարգը, ասելով, որ դատարաններում արդարության հասնելը համարյա բացառված է, արդարացման վճիռները գրեթե զրոյական են, խախտված են մարդկանց հավաքներ անելու իրավունքները, և ցանկացած փոքր հավաք շատ ուժեղ ճնշվում է իշխանությունների կողմից: Այսինքն` այն, որ Վրաստանը ժողովրդավարական ճանապարհի վրա է, ընդամենը պատրանք է: Իհարկե, նրանք օբյեկտիվորեն նշեցին նաև որոշ ոլորտներում առկա առաջընթացը, օրինակ` զգալի նվազումը կոռուպցիայի ցածր մակարդակում, բայց միաժամանակ ավելացրին, որ հաջողությունը հենց այդտեղ էլ կանգ է առել, և մնացած հարցերում հետընթաց է տիրում: Ադրբեջանը ներկայացնող իրավապաշտպանները ևս շատ խիստ ներկայացրին իրենց երկրում մարդու իրավունքների խնդիրները` շեշտելով, որ Ադրբջանը բռնապետական, մաֆիոզ երկիր է: Իրավապաշտպան Լեյլա Յունուսը խոսեց իրենց գրասենյակի վրա հարձակումների ու ավերման մասին (hիշեցնենք, որ օգոստոսի 11-ի երեկոյան Ադրբեջանում, առանց նախազգուշացնելու և առանց հաշվի առնելու մարդկանց առկայությունը,  քանդել են այն շենքը, որտեղ տեղակայված են եղել մի քանի ՀԿ-ներ, այդ թվում` Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը, որի ղեկավարը Լեյլա Յունուսն է-հեղ.): Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ շատ լուրջ խնդիրներ կան Ռուսաստանում` կապված հատկապես խտրականության, խոշտանգումների և այլ բնագավառներում մարդու իրավունքների ոտնահարման հետ:

Կարելի՞ է ենթադրել, որ մարդու իրավունքների ոլորտում հետխորհրդային երկրների խնդիրները հիմնականում նույնն են:

– Հետխորհրդային երկրներում այդ առումով ծանր վիճակ է, այդպես էլ չի լուծվում ուղղակի ժողովրդավարության և իրավական համակարգի հարցը: Այո, հիմնախնդիրները նույնն են` ավտորիտար համակարգ, դատական իշխանությունների կախվածություն գործադիր իշխանությունից, իսկ մնացած խնդիրները տարբեր երկրներում տարբեր ձևով են արտահայտվում` մեկում ավելի մեղմ, մյուսում` ավելի խիստ:

Ի՞նչ առաջարկներ եղան, և ե՞րբ են դրանք ամփոփվելու:

– Իմ կողմից, օրինակ, առաջարկ եղավ, որ Եվրոպայի խորհուրդը նորից պահանջի Հայաստանի իշխանություններից լուրջ քննարկման առարկա դարձնել և պարզել մարտի 1-ի 10 զոհերի մահվան պատճառները, բացահայտվեն մեղավորները, և ոչ թե ձևական քննություն կատարվի, ու վերջ: Իսկ ընդհանրապես առաջարկվեց, որ  հանձնակատարն ավելի հաճախ այցելություններ կատարի երկրներ և բացի հիմնական զեկույցներից, նաև միջանկյալ զեկույցներ ներկայացնի, քանի որ մինչ նախատեսված այցն ու զեկույցը կարող են բազմաթիվ խնդիրներ ի հայտ գալ, որոնք արագ արձագանքման կարիք ունեն, բացի այդ, շատ դեպքերում հանձնակատարը տեղեկությունները ճշտելու խնդիր ունի, ուստի նախընտրելի է, որ նա անձամբ այցելություններ կատարի: Առաջարկ եղավ, որ հանձնակատարը ներկայացուցիչներ ունենա հատկապես խոցելի երկրներում, բայց պարզվեց, որ դա ֆինանսական խնդիր է Եվրոպայի խորհրդի համար: Մի խոսքով, այդ ամենը դեռևս ամփոփման փուլում է, և հուսով ենք, որ մինչև տարեվերջ հանդիպման արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն մասնակից երկրներին:

Իսկ դրական տեղաշարժերի մասին խոսք եղա՞վ:

– Երբ խոսվեց, օրինակ, խաղաղ հավաքների մասին, ես ներկայացրի, որ այդ հարցը Հայաստանում ինչ-որ առումով բարելավվել է, մանավանդ որ խաղաղ հավաքների մասին նոր օրենք ընդունեցին, որը շատ ավելի առաջադեմ է, քան նախկին օրենքը: Միաժամանակ շեշտեցի, որ ժամանակաշրջանն էլ է կարևոր. եթե համեմատաբար կայուն ժամանակահատված է, ընտրությունները հեռու են, ապա լուրջ խնդիրներ չեն առաջանում, սակայն այդ իրավունքի պաշտպանությանը կարելի է գնահատական տալ միայն նախընտրական և հետընտրական ժամակաշրջանում, կոնկրետ օրինակով: Իսկ այսօր գնահատել` ապահովված է խաղաղ հավաքների իրավունքը, թե ոչ, այնքան էլ օբյեկտիվ չի լինի:

Առաջիկայում խորհրդարանական և նախագահական ընտրություններն են. նախընտրական իրավախախտումներ նկատո՞ւմ եք:

Արդեն որոշակիորեն ուրվագծվում է, թե ինչ ուղղությամբ են գնում իշխանությունները:  Ճիշտ է, նրանք կաշխատեն, որ գոնե քվեարկության օրը ակնհայտ խախտումներ ջրի երես դուրս չգան, բայց մինչև ընտրությունները ամեն ինչ կանեն: Ընտրություններ կոչվածը միայն քվեարկությունը չէ, դա ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում հավասար մրցակցության ապահովումն է, բիզնեսի հավասարությունը, սեփականության երաշխավորված լինելը և այլն: Արդեն տեղեկություններ կան դպրոցների տնօրեններին հանրապետական կուսակցության անդամ դարձնելու, մասսայական անդամատոմսեր բաժանելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ արդեն իսկ հավասար պայմաններ չեն ապահովվում, իշխանություններն օգտագործում են իրենց ռեսուրսներն ու լծակները` նախանշելով այն միտումները, թե ինչպես են անցնելու ընտրությունները:

Փաստորեն, արդար ընտրությունների ակնկալիք չունե՞ք:

Այո, ես որևէ պատրանք չունեմ, որ առաջիկա գոնե 10 տարում Հայաստանում կանցկացվեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Եթե բիզնեսը հովանավորության տակ է, և գործարարը չի կարող ազատ ընտրել իր նախընտրած կուսակցությունը, եթե սեփականությունն ու բիզնեսը պահելու միակ ձևն իշխանության մեջ լինելն է, և եթե վախ կա, որ իշխանափոխության դեպքում դրանք կվերաբաշխվեն, ապա առաջիկայում խոսել ազատ և արդար ընտրությունների մասին, առնվազն անմտություն է:

 

Զրույցը վարեց Անի Գասպարյանը

 

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply