Ալեքսանդր Երիցյան.մասնագիտությամբ տնտեսագետ, հրապուրված` հնագիտությամբ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 1, 2011 7:00

Անվանի պատմաբան, հնագետ և ազգագրագետ Ալեքսանդր Երիցյանը ծնվել է 1841 թ. հոկտեմբերի 4-ին, Թիֆլիսում, Լոռու Սանահին գյուղից գաղթած պետական աստիճանավոր Դավիթ Երիցյանի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում, ապա` ռուսական գիմնազիայում, սակայն այստեղ ուսումը կիսատ է թողնում վատառողջության պատճառով: Ալեքսանդր Երիցյանը ոչ բարեկեցիկ ընտանիքից էր և դեռ ուսման տարիներին զանազան աշխատանքներ էր կատարում` ընտանիքի հոգսը թեթևացնելու համար: Ուսումնառության ավարտին նա ծառայության է անցնում Թիֆլիսի պետական կալվածքների նահանգային վարչությունում:

Ալեքսանդր Երիցյանը նաև լրագրությամբ էր զբաղվում` թղթակցելով Կոստանդնուպոլսի «Մասիս» թերթին: Ապա թղթակցում է «Կռունկ Հայոց աշխարհի», «Փորձ», «Տարազ», «Արձագանք», «Մեղու Հայաստանի» պարբերականներին, տպագրում գիտական, հրապարակախոսական հոդվածներ: Շուտով 25-ամյա երիտասարդն ինքն է ձեռնամուխ լինում հրատարակչական գործին և Թիֆլիսում  հրատարակում «Վաճառական» շաբաթաթերթը:

Այս տարիներին Ալեքսանդր Երիցյանը նաև հեղինակում է «Ընթերցարան հայ երեխաների համար» դասագիրքը, որ հետագայում երեք անգամ վերահրատարակվել է:

Մասնագիտությամբ նա տնտեսագետ էր, բայց պատանեկության տարիներից հրապուրված էր հնագիտությամբ: Նրա մասնագիտական կողմնորոշմանը նպաստել է Կովկասում Ա. Բերժեի հիմնած Կովկասյան հնագիտական կոմիտեն, ուր աշխատանքի բերումով հաճախ էր լինում նա: Այս կոմիտեի հետ ապագա հնագետը հաճախ էր  պեղումների մեկնում` ձեռք բերելով մասնագիտական հմտություններ:

1871 թ. արդեն Երիցյանն ինքնուրույն պեղումներ է կատարում Լոռվա ձորում` Ակներ գյուղի տարածքում, որոնք, ի դեպ, Հայաստանի տարածքում և Անդրկովկասում կատարված առաջին մասնագիտական հնագիտական պեղումներն էին: Փաստորեն, 30-ամյա գիտնականը հնագիտության հիմնադիրը դարձավ Հայաստանում:

Այս պեղումների արդյունքում Երիցյանը բրոնզեդարյան հուշարձաններ հայտնաբերեց և իր հայտնագործությամբ նոր խոսք ասաց հնագիտության բնագավառում:

1877 թ. սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, և երիտասարդ գիտնականը զորակոչվում է բանակ: Նա ծառայության է անցնում գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովի, ապա գեներալ Բեհբութ Շելկովնիկովի մոտ որպես հատուկ հանձնարարությունների գծով պաշտոնյա: Պատերազմող բանակի հետ լինելով Արևմտյան Հայաստանում` Ալեքսանդր Երիցյանը տեղում հնարավորինս ուսումնասիրում է հնավայրերը և հարուստ նյութ հավաքում հետագա ուսումնասիրությունների համար:

1880-ից նա ծառայության է անցնում պետական կալվածքների նախարարությունում, սակայն շուտով առողջական խնդիրների պատճառով իսպառ թողնում է պետական ծառայությունն ու իրեն նվիրում գիտությանը:

Իր ուսումնասիրությունները Երիցյանը հանրությանն է մատուցում Թիֆլիսում տպագրվող «Кавказская старина» ազգագրական, պատմահնագիտական հանդեսում, որի խմբագիրն է եղել մի կարճ ժամանակ:

Ալեքսանդր Երիցյանի աշխարհայացքը և ուսումնասիրությունների թեմաները ընդգրկուն էին: Նա տարբեր առիթներով անդրադարձել է հայոց պատմությանը, հնագիտությանը, թատրոնին, քաղաքականությանը, բանահյուսությանը…

Նրա  հրատարակել է «Պատմություն 75-ամյա գոյության Ներսիսյան հայոց հոգևոր դպրոցի, որ է Թիֆլիս», «Ներսես Ե Աշտարակեցին վարդապետ ժամանակ», «Ամենայն հայոց կաթողիկոսությունն ու կովկասահայությունը XIX դարում», «Վենետիկի Մխիթարյանք» և այլ գրքեր: Նա ևս մի արժեքավոր աշխատություն գրեց` «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դարի վերջում և XIX դարի սկզբում» չորս հատորից բաղկացած ժողովածուն, որը, սակայն, միջոցներ չունենալու պատճառով չկարողացավ հրատարակել: Ցավոք, այդ ժողովածուն չի պահպանվել և մեզ չի հասել:

Պետք է նշել, որ մեծանուն գիտնականն իր հնագիտական պեղումները և ուսումնասիրությունները կյանքի կոչեց` ունենալով ազդեցիկ ու մեծահարուստ հովանավոր` հանձին Ալեքսանդր Մանթաշյանցի, որը ոչ միայն ֆինանսավորում էր Երիցյանի ուղևորություններն ու գործունեությունը, այլև ամսական կայուն թոշակ էր նշանակել նրան:

Ցավոք, մեծահամբավ գիտնականի կյանքը վաղաժամ ընդհատվեց. նա տառապում էր սրտի արատով և թոքախտով: 1902 թ. փետրվարի 21-ին Ալեքսանդր Երիցյանը վախճանվեց:

Երիցյանի մարմինն ամփոփեցին Խոջիվանքի գերեզմանատանը: Ողջ Թիֆլիսն էր ներկա նրա թաղմանը: Եկել էին Ամենայն հայոց կաթողիկոսը, անվանի Կյուրոն եպիսկոպոսը, Ղրիմի խանության վերջին գահակալի որդին` Սուլթան Ղրիմ Գիրեյը, վրաց պատմաբան Ջանաշվիլին, գեներալ Պոտտոն, այլ անձինք…

Նա, որ համալսարանական կրթություն երբևէ չէր ստացել, համարվում էր Կովկասի ամենակիրթ և ամենագրագետ մարդկանցից մեկը և իր կյանքով ապացուցեց, որ ինքնակրթությամբ ու աշխատանքով մարդը կարող է մեծ բարձունքներ նվաճել:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

Դիտվել է 1767 անգամ:
Print Friendly

Leave a Reply