Իրականում ո՞վ էր նա` կոմս Դրակուլան
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | November 28, 2011 7:00
Նրա անունը շատերի մեջ սարսափ է առաջացնում: Նրա համբավին կնախանձեին պատմական շատ գործիչներ: Անգամ նրա ժամանակակիցը` Ֆրանսիայի մարշալ Ժիլ դե Ռեն իր արյունարբու նախճիրներով մնաց ստվերում: Այս սարսափազդու անունը շատերի կարծիքով սոսկ իռլանդացի գրող Բրեմ Ստոկերի երևակայության արդյունք է:
Անձամբ Բրեմ Ստոկերը «Սև լուսաբաց» աղանդավորական կազմակերպության անդամ էր, որը զբաղվում էր միստիկ, սատանայապաշտ գործունեությամբ: Այնուամենայնիվ Դրակուլա անվամբ մարդ եղել է, չնայած որևէ աղերս չի ունեցել վամպիրների հետ…
Լինելով իրական պատմական կերպար` նա նվիրված էր իր հայրենիքին, իր ժողովրդի արժանի զավակն էր և իսկական հերոս էր: Սակայն պատմությունը միշտ չէ, որ արդարացի է գտնվել իր հերոսների նկատմամբ, նրանց կերպարը հաճախ աղճատվել է մտացածին, գուցեև իրական, բայց չափազանցեցված պատմություններով:
Իրականում ո՞վ էր նա` կոմս Դրակուլան
Ռումինացի իշխան Վլադ Տեպեշը ծնվել է 1430 թ. Տրանսիլվանիայի Սիգիշոար փոքրիկ քաղաքում: Նա Վալախիայի Վլադ II Դրակուլ (Դրակոն) իշխանի կամ Վլադ Բեսարաբցու ավագ որդին էր: Դրակուլա նշանակում է Դրակոնի (Վիշապի) որդի, իշխան Վլադ II-ն այդ անվանումը ստացել է 1408 թ. Սիգուզմունդ Լյուքսեմբուրգցուց, երբ մտել է Դրակոնյան օրդեն: Օրդենի մտած ասպետները Վիշապապատկեր վզնոց էին կրում: Այս օրդենի հիմնադիրը Հունգարիայի թագավորն էր, որ իր շուրջը հավաքեց հայրենասեր ասպետների` երկիրը թուրքական գերությունից ազատելու համար:
Փոքրիկ իշխանազնին ծանր մանկություն ու պատանեկություն է բաժին հասել: Վալախիան և Տրանսիլվանիան հեծում էին թուրքական լծի տակ: 1443 թ. թուրքերը պարտության մատնեցին Վլադ II-ին և պատանդ տարան նրա պատանի որդուն: Իշխանազն Վլադ Տեպեշը չորս տարի անցկացրեց թուրքական գերության մեջ:
1448 թ. վարձկանները սպանեցին Վլադ II Դրակուլային, և երիտասարդ իշխանազունը վերադարձավ թուրքական գերությունից: Սկզբնական շրջանում հուսահատությունը նրան վանք նետեց, ուր փորձեց ճգնությամբ անցկացնել կյանքը, սակայն որոշ ժամանակ անց ուշքի գալով` լծվում է գործի: Ո՞վ գիտի, միգուցե իշխան Դրակուլան նախապես էր քավում ապագա մեղքերը…
Իր գահակալության օրն իսկ նա խորամանկությամբ իր մոտ է հրավիրում հոր և եղբոր սպանության մեղավորներին ու ձերբակալելով 500 հոգու` ընտանիքներով հանդերձ դատապարտում է տանջալից մահվան:
Նա դիրքավորվեց Բրան ամրոցում և անմիջապես ձեռնամուխ եղավ Ռումինիայի ազատագրման գործին: Իր պայքարում նա հենվում էր հասարակ ժողովրդի վրա և վայելում էր նրա սերն ու աջակցությունը: Նա զինում էր գյուղացիներին, քաղաքաբնակներին, պատրաստում նրանց պայքարի ու ապստամբության:
Սակայն բոլորը չէ, որ սիրում էին Դրակուլային: Նրա դաժանությունն ու մեթոդները, իհարկե, որևէ տրամաբանության չէին ենթարկվում: Իր կալվածքում մարդկանց թշվառությունից և աղքատությունից ազատելու համար նա հրամայեց դղյակ հրավիրել բոլորին և սպանեց նրանց` այրելով դղյակում:
1461 թ. իշխան Վլադ III Դրակուլան հրաժարվեց վճարել տարեկան հարկերն ու ապստամբության դրոշ բարձրացրեց Օսմանյան Թուրքիայի դեմ: Հաջորդ` 1462 թ. նա ջախջախեց Վալախիայի վրա արշավող սուլթան Մեհմեդ II-ի զորքերը: Սակայն թուրքական նենգությունն ու նուրբ դիվանագիտությունն արեց իր սև գործը. Վլադ Դրակուլայի դաշնակիցները, կուրացած թուրքական ոսկու փայլից, փորձեցին մատնել նրան թշնամու ձեռքը: Իշխանն ստիպված էր փախուստի դիմել Հունգարիա: Սակայն նրա պայքարը թուրքերի և հայրենիքի դավաճանների դեմ շարունակվեց:
Իր պայքարում նա կանգ չէր առնում միջոցների առջև: Բնածին ատելությունը դեպի թուրքերը և հայրենիքի դավաճանները Դրակուլային մղում էին ծայրահեղ քայլերի. հրապարակային մահապատիժներ, կտտանքներ, խմբակային սպանություններ, որոնց կնախանձեր արյունարբու ոսոխն անգամ: Դրակուլան թուրքերի դեմ պայքարում էր թուրքական մեթոդներով: Չէր վարանում անգամ կանանց և երեխաների սպանդ սարքել:
Նա սիրում էր տանջաքննության ենթարկել կասկածելի մարդկանց և իր ձեռքով կտտանքի էր ենթարկում նրանց: Հաճախ էր ողջակիզում, քառատում և դրանից մեծագույն հաճույք էր ստանում: Որպես կանոն` նա իր դատավճիռներն իրականացնում էր զանգվածաբար:
Մի անգամ նա հրամայեց մեխել չալմաները… թուրքական դեսպանների գլխին, որոնք հրաժարվել էին գլուխ խոնարհել Վալախիայի տիրակալի առջև: Նա իրոք հաճույք էր ստանում` տեսնելով թշնամիների տառապանքը և ժամանակակիցների հուշերում մնացել է որպես աշխարհի ամենաարյունարբու տիրակալ: Դրակուլայի դաժանությունը հասնում էր այն աստիճանի, որ նա կարող էր անգամ ճաշել իր թշնամիների դիակների վրա նստած:
Ընդ որում, Դրակուլան դաժանորեն հաշվեհարդար էր տեսնում բոլորի հետ, ով մեղանչում էր, անկախ տարիքից, սեռից, սոցիալական դրությունից: Նրա սիրած զբաղմունքն էր մահապատժի ենթարկել հազարավոր թուրքերի և հիանալ այդ տեսարանով:
Բոլոր դեպքերում Դրակուլայի մեթոդները տվեցին իրենց արդյունքը: Վալախիայից վերացավ ավազակությունն ու գողությունը: Ավանդությունը պատմում է, որ նրա կառավարման տարիներին աթոռանիստ Տիրգովիշիտ քաղաքի հրապարակում մեծ ոսկե գավաթ էր դրված, որով յուրաքանչյուրը կարող էր ջուր խմել: Եվ Վալախիայի ահեղ տիրակալի ահից ոչ ոքի մտքով չէր անցնում գողանալ այդ գավաթը:
Դրակուլան նաև ուղղափառ եկեղեցու հետևորդն ու պաշտպանն էր: Նրա կառավարման տարիներին ոչ ոք Ռումինիայում չէր համարձակվում իսլամ ընդունել: Ավելին` կաթոլիկ միսիոներներն էլ հեռու էին փախչում իշխան Դրակուլայի տիրապետությունից` լավ իմանալով, թե ինչ է սպասում իրենց Վալախիայում հոգեորսության համար:
Վլադ Դրակուլայի մեթոդներն արդյունավետ էին նաև աղանդավորության դեմ պայքարում…
Չնայած անմարդկային դաժանությանը` իշխան Վլադ Տեպեշ Դրակուլան վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը. նա իր ժողովրդին տվել է ամենակարևորը` ազատություն թուրքական լծից և արդար կառավարում: Վլադ Դրակուլան դաժան էր, բայց և արդարադատ:
Իսկ այն, որ Դրակուլային վամպիրություն են վերագրում, սոսկ գեղարվեստական ստեղծագործության արգասիք չէ: Բանն այն է, որ իր ժամանակակիցների և մեր պատկերացումները վամպիրների մասին տրամագծորեն տարբեր են. Դրակուլայի ապրած ժամանակներում վամպիր անվանումն ունեցել է նաև արյունարբու իմաստ: Հետևաբար, ժամանակակիցները Վլադ Դրակուլային անվանելով վամպիր, նկատի են ունեցել, որ նա արյունարբու և դաժան տիրակալ էր:
Հայտնի է, որ Դրակուլան ամուսնացած է եղել:
Երիտասարդ իշխան Վլադ Դրակուլան Հունգարիայում ծանոթանում է իշխանուհի Լիդիայի հետ, որն ուզում էր կուսանոց մտնել: Սիրահարվելով նրան` Դրակուլան համոզում է փոխել որոշումը: Եվ ամուսնանում են: Սակայն շուտով Լիդիային թուրքերը սպանում են: Ողջ կյանքում Լիդիայի մասին հիշողությունները տանջեցին իշխանին, և նա առիթը բաց չէր թողնում` դաժանաբար լուծելու իր վրեժը թուրքերից:
Սակայն հիշատակություններ կան նաև նրա դժբախտ սիրո մասին, որոնք դարձյալ արյունալի դրվագներ են:
Ասում են` մի անգամ, երբ իշխանի սիրուհին կատակով ստում է, թե հղի է, Դրակուլան, իմանալով ճշմարտությունը, իր ձեռքով սրախողխող է անում նրան:
1476 թ. նրա դեմ դարձյալ դավ նյութեցին հայրենակիցները: Տասը հոգով շրջապատելով իշխանին ` սրերով հարձակվեցին: Վլադ Դրակուլան ֆիզիկապես ուժեղ էր և հմուտ էր սրամարտում: Նա կարողացավ տապալել իր ոսոխներից հինգին: Բայց ուժերն անհավասար էին…
Հաղթանակած դավադիրները Դրակուլայի գլուխն ի ցույց դրեցին ժողովրդին, ապա մեղրով զմռսելով` ուղարկեցին թուրքական սուլթանին:
Իշխանուհի Լիդիան Վլադ Դրակուլային հասցրեց երկու որդի պարգևել: Նրանցից ավագը` Վլադ Մոնախը հեզաբարո մարդ էր: Հոր եղերական մահից հետո իշխանազնը, որ մենակյաց էր վանքում, ժառանգեց իշխանությունն ու կառավարեց 1481-1507 թթ.: Նրա մահից հետո Վալախիայի իշխանության գահն անցավ Դրակուլայի կրտսեր որդուն` Միխնյա Չարին, որն իր գործելաոճով հոր արժանի ժառանգն էր…
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
