Վեց ուղեգիր` ձախողումներից հետո

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 27, 2011 15:00

Օրերս Փարիզում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեր  երկրի ներկայացուցիչների մրցելույթները տխրեցրին: Երկաթախաղի Հայաստանի ծանրորդների ներուժը մեծ է, սակայն այս անգամ սպասելիքները չարդարացան: Մինչդեռ ստուգատեսը կարևոր էր ոչ միայն այն առումով, որ մեդալներ էին խաղարկվում, այլև որոշվում էր, թե ամեն երկիր քանի մասնակից է ունենալու 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում: Ուշագրավն այն է, որ առաջնության ավարտից հետո պարզվել է, որ Հայաստանը օլիմպիական խաղերում  մրցահարթակ է հանելու 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը հայտնեց, որ իրենց համար ևս անակնկալ էր դա, քանի որ  դա լավ հնարավորություն է: Պարզապես մյուս երկրների ներկայացուցիչներն էլ անհաջող են հանդես եկել: Ի վերջո, երբ ամփոփվել են արդյունքները, պարզվել է, որ Հայաստանի  տղամարդկանց և կանանց հավաքականներն ունեն 131 և 98 միավոր  ու 18-րդ և 21-րդ տեղերում են: Իսկ դա նշանակում է, որ մեր երկու թիմերն էլ վերջինն են 4  և 2 մասնակից ունեցողների մեջ: Հայտնի է, որ ապրիլին Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում ևս օլիմպիական խաղերի ուղեգրեր են վիճարկվելու: Բայց  այդ ստուգատեսում մերոնք արդեն այդ առումով անելիք չեն ունենալու, քանի որ  ուղեգրերի համար պայքարելու են միայն այն երկրների ներկայացուցիչները, որոնք դեռևս ոչ  մի ուղեգիր չունեն: Ընդ որում, անզիջում մրցակցություն է սպասվում, քանի որ անհաջողակների պայքարում թիմը պետք է լավագույն արդյունքը ցույց տա, որպեսզի մեկ ուղեգրի տիրանա:

Չնայած, մերոնց բախտը ուղեգրերի առումով բերել է, հետաքրքիր է, թե ինչու էին այդ պատասխանատու ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչների ձախողումներն այդքան շատ:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ կատարվածից բոլորն են տխրել, քանի որ մեր երկրի ներկայացուցիչներն այդպիսի մրցելույթներ նախկինում չեն ունեցել: Չցանկանալով արդարացումներ փնտրել, նա նշեց, որ կան լուրջ պատճառներ: Հիմնականում խանգարել են վնասվածքները: Հնարավորություն չի եղել պարապմունքների ժամանակ  նորմալ ծանրաբեռնվածությամբ մարզվել:

Նշվեց, որ Տիգրան Մարտիրոսյանը լավ մարզավիճակում էր, սակայն ուսի ցավը զգացնել է տվել, և նա չի կարողացել վարժությունները լիարժեք կատարել: Այդուհանդերձ, նա պոկում վարժությունում դարձել է մեդալակիր: Ինչ վերաբերում է Ռուբեն Ալեքսանյանին, ապա, մասնագետի կարծիքվ, մրցավարները ճիշտ են վարվել, որ չեն գրանցել նրա բարձրացրած արդյունքը, քանի որ ոտնաթաթը հարթակից դուրս է բերել, նաև ծանրաձողը ճիշտ չի իջեցրել: Ի դեպ, մարզիչները համարձակ քայլի են դիմել` մեր մարզիկին առաջարկելով բարձր կիլոգրամներ հաղթահարել: Նրա մրցելույթից  թիմի ընդհանուր արդյունքր չէր փոխվելու, մինչդեռ  մեդալներ նվաճել հնարավոր էր:

Պողոսյանը հայտնեց, որ դժվարությունները սկսվել են մինչև առաջնության մեկնարկը, երբ չի հաջողվել մարտական կազմով  հավաքական կազմել:  Նախավերջին` Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքից առաջ Ալեքսանյանին կրկին սկսել է անհանգստացնել ձեռքի նախկինում ստացած վնասվածքը: Առաջնությունից մի քանի օր առաջ` մարզումների ժամանակ, ծնկի լուրջ վնասվածք է ստացել Արա Խաչատրյանը: Նրան անմիջապես ուղարկել են Մոսկվա` վիրահատության: Առաքել Միրզոյանն էլ թևի կոտրվածք է ունեցել և այդ վիճակում էլ մասնակցել է: «Լուրջ խնդիրների առաջ էինք կանգնել, այդ  6 ծանրորդներին կարողացանք հավաքագրել և առաջնության տանել: Ընդ որում,  հույս ունեինք, որ նրանք առնվազն մեկական արդյունավետ մոտեցում կկատարեն, և օլիմպիական խաղերի ուղեգրերի հարցը կլուծենք: Եվ մեր բախտն այն առումով բերեց, որ մեր մրցակիցներն էլ չկարողացան լիարժեք իրենց հնարավորություններն օգտագործել: Իսկ մեր ունեցած 4 ուղեգիրն արդեն լուրջ ձեռքբերում է: Փաստորեն, կարող ենք օլիմպիական խաղերում ունենալ մարզիկներ, ովքեր կարող են մեդալների հավակնել: Մնում է, որ օլիմպիական խաղերին նախապատրաստվելիս նոր անցանկալի իրադարձություններ չլինեն»,- ասաց Պողոսյանը:

Աշխարհի առաջնությունում սպասելիքները մեծ էին մեր մարզուհիներից: Հետաքրքիր է, թե ինչն է խանգարել նրանց: «Սպորտում այդպիսի բաներ լինում են: Օրինակ` Հռիփսիմե Խուրշուդյանը լավ մարզավիճակում էր: Եթե նա անգամ մեկական արդյունավետ մոտեցում կատարեր, ապա առնվազն բրոնզե մեդալակիր կդառնար: Նա վարժությունը ճիշտ կատարեց, ուղղակի վեր բարձրանալիս անճշտություն թույլ տվեց: Հռիփսիմեն պետք է ուսերով  վեր բարձրանար, սակայն արմունկը կտրուկ ձգեց, և ծանրությունը ետ շարժվելով արմունկը տեղից «պոկեց»,- ասաց Պողոսյանը:

 

 

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply