Նոր հեծանվահրապարա՞կ, թե՞ կիսակառույց

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 26, 2011 7:00

Սեպտեմբերի 15-ին  մեծ շուքով տեղի ունեցավ Երևանի նոր հեծանվահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Տևական ժամանակամիջոց է անցել, սակայն պարզվում է, որ նոր մարզաբազայում հեծանվորդները չեն կարող պարապել: Պատճառը մեկն է` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները կարծում են, որ իտալական «Ռենկո» ընկերությունը լիովին չի կատարել իր պարտականությունները և պետք է  վերացնի մի շարք շինարարական թերություններ: «Ռենկոյի» ներկայացուցիչներն էլ պնդում են, որ արդեն զգալի ծախսեր են կատարել և այլևս անելիք չունեն: Թե ինչով կավարտվեն այս տարաձայնությունները, դժվար է ասել:

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում` կրկեսի հարևանությամբ գտնվող Երևանի հեծանվահրապարակը, որը պատկանում էր «Հայաստան» մարզական միությանը, վերջինս նվիրաբերել է Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետարանն էլ տարածքը տրամադրել է «Ռենկո» ընկերությանը, որը որպես փոխհատուցում  Ծովակալ Իսակովի պողոտայում կառուցել է նոր հեծանվահրապարակ: Ամեն բան արդեն ավարտվել է, հին հեծանվահրապարակն էլ քանդվում է, բայց քանի որ նոր հեծանվահրապարակը չի հանձնվել «Հայաստան» մարզական միությանը, ստացվում է, որ տուժում են երեխաները, փորձառու հեծանվորդները, քանի որ նրանք այս ընթացքում պարապելու վայր չեն ունեցել:

Ստեղծված իրավիճակի մասին հարցրինք «Հայաստան» մարզական միության հեծանվահարապարակի տնօրեն, Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանին: «Կազմվել է հանձնաժողով, որի կազմում նաև ես եմ ընդգրկված: Կան մի շարք թերություններ, որոնք աստիճանաբար վերացվում են: Միայն այդ ամենը կատարվելուց հետո կտեղափոխվենք»,- ասաց նա:

Ի դեպ, Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան նախապես ներկայացրել էր իր պահանջները, թե ինչպիսին պետք է լինի նոր հեծանվահրապարակը:  Բայց կան բաներ, որոնք պարզապես չեն արվել: Մասնավորապես, նոր հեծանվահրապարակը պետք է ունենար էլեկտրոնային ցուցատախտակ, սակայն չկա: «Ռենկո» ընկերության ներկայացուցիչներն էլ առարկում են, թե նախագծով ցուցատախտակի տեղադրումը նախատեսված չի եղել: Հայտնի չէ` ճի՞շտ են ասում նրանք, թե՞ ոչ:  Թերևս չլիներ այդպիսի անորոշ վիճակ, եթե վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունում, տարբեր վարչություններում պաշտոնյաների փոփոխություններ չկատարվեին:

Փաստորեն, «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչներն էլ նվիրաբերություն կատարելուց հետո այլևս չեն խառնվել իրադարձությունների հետագա ընթացքին: Այժմ հարցեր են ծագել, և խնդիրը միայն լուսատախտակը չէ: Պետք է սարքավորվեն և տեղադրվեն մրցավարական հարթակ, մեկնարկային բլոկներ, հեծանվորդների հաղթահարած շրջանները ցույց տվող էլեկտրոնային հաշվիչներ, համապատասխան համակարգչային տեխնիկական սարքավորումներ և այլն:

Ուշագրավն այն է, որ նախատեսված էր կառուցել 2-րդ կարգի հեծանվահրապարակ: Ընդ որում, նախկին հեծանվահրապարակը 1-ին կարգի էր և համապատասխանում էր միջազգային չափանիշներին: Իսկ նոր հեծանվահրապարակը բացումից հետո ստացել է 3-րդ կարգ: Բայց զարմանալի է, որ այժմ այն փաստաթղթերով 2-րդ կարգի է: Մեր մասնագետներն այն կարծիքին են, որ դա  2-րդ կարգի հեծանվահրապարակ չէ:

Ինչ վերաբերում է նոր սարքավորումների տեղադրմանը, ապա դրանց համար պահանջվում է 1 մլն 700 հազար դոլար:

Պարզաբանենք, որ ներկայումս բոլոր մարզական կառույցներն ունեն  գնահատման միավորների համակարգ, նաև` հեծանվահրապարակների պարագայում: Հաշվի է առնվում, թե այն քանի նստատեղ ունի, սենյակ, կից կառույց, օժանդակ հարմարություններ, էլեկտրոնային համակարգ, ծածկով է, թե կիսածածկ և այլն: Եվ ըստ ստացած կարգի է որոշվում, թե ինչպիսի մրցումներ են հնարավոր: Ներկայումս էլ այդ խնդիրներն են, որ  քնարկվում են «Ռենկոյի» ներկացուցիչների հետ:

Միայն կնճռոտ հարցերի լուծումից հետո Երևանի քաղաքապետարանը կընդունի հեծանվահրապարակը և սեփականաշնորհման վկայականով կնվիրաբերի «Հայաստան» մարզական միությանը:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մարզակառույցը պատրաստ լինելուց հետո ուրիշ տեր ունենա, Խաչատրյանը հայտնեց, որ իրավական առումով դա  կարելի է չբացառել, սակայն դեպքերի այդպիսի զարգացում չի կարելի սպասել: «Կոպիտ ձևով ասած` մեր տունը քանդել են, փոխարենը նորն են տալու»,- ասաց Խաչատրյանը:

Որ փոխզիջումային տարբերակ կգտնվի, Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները կասկած չունեն, մտահոգողը մեկ այլ բան է:

Փաստորեն, ժամանակակից հեծնվահրապարակը նաև նոր խնդիրներ է առաջադրում, որոնք կապված են կառույցի շահագործման հետ: Նախկինում հեծանվահրապարակի ղեկավարությունը, տարածքներ վարձակալության տալով, կարողանում էր հոգալ կառույցի պահպանման ծախսերը: Պետությունը միայն ֆինանսներ էր տրամադրում հեծանվահրապարակի աշխատակիցների աշխատավարձի համար: Իսկ տեղափոխվելուց հետո ծախսերը բազմապատկվելու են: Ըստ նախնական հաշվարկի` հեծանվահրապարակի սպասարկման համար տարեկան 48-50 մլն դրամ է  պահանջվելու: Միայն էլեկտրաէներգիայի ծախսն ամիսը կազմում է 580 հազար դրամ: Բանն այն է, որ եթե ձյուն է տեղում, ապա տանիքի համապատասխան համակարգը մեխանիկորեն միանում է և ձյունը վերածվում է ջրի, անձրևից հետո էլ ինքնուրույն ջրահեռացում է կատարվում: Այդ ամենը ծախսատար է` էլեկտրաէներգիա է վատնվում:

Խաչատրյանը հայտնեց, որ բաներ կան, որ լավ են, կան նաև խանգարող հանգամանքներ: «Լավը ժամանակակից կառույց  ունենալն է: Իսկ վատն այն է, որ նորն արդեն շարքից դուրս է գալիս: Վերջին 5 տարին ուսումնասիրել ենք մի շարք նոր հեծանվահրապարակների վիճակը: Նոր հեծանվահրապարակի չափորոշիչները միջազգային են, վազքուղու երկարությունն էլ 250 մ է, վազքուղու փայտե ծածկի հարթության շեղումը 4 մմ-ից ավելի չէ և այլն: Իսկ խանգարում է այն, որ վազքուղին ամբողջովին ծածկված չէ, չկան որոշ սարքավորումներ: Ի վերջո, փայտը բետոնին փոխարինել չի կարող: Մինչդեռ սկզբում որոշված էր, որ ծածկը պետք է բետոնից լինի: Իսկ փայտե վազքուղի էր նախատեսվել այն պայմանով, որ հեծանվահրապարակն ամբողջովին ծածկած լինի: Փայտե ծածկը պահպանման համար պահանջում է 40-60 տոկոս խոնավություն և 12-18 աստիճան ջերմություն, որը  եղած պայմաններում ապահովել հնարվոր չէ: Իսկ շեղումները բացասական ազդեցություն կունենան, հեծանվահրապարակն արագորեն շարքից դուրս կգա»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է պարապմունքներին, ապա հայտնեց, որ  քանի դեռ կառույցի ընդունման ակտը չկա, իմաստ չունի, որ նոր հեծանվահրապարակում մարզումներ կազմակերպվեն:Հեծանվորդները ներկայումս ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը բարելավող պարապմունքներ են անցկացնում «Սպարտակ» մարզահամալիրում:

Սպասվում է, որ առաջիկայում ամեն բան կկարգավորվի, արդեն վերացվել են տանիքի հետ կապված որոշ թերություններ, այն ամրացվել է: Ավելի մեծածավալ աշխատանքների կատարման հարցը քննարվում է: «Ռենկոյի» ներկայացուցիչներն իրենց որոշ թերացումներն ընդունում են, այդուհանդերձ ցանկանում են, որ մի շարք խնդիրներ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան կարգավորի:  Սակայն վերջինիս ֆինանսական հնարավորությունները սուղ են: Փաստորեն, փոխզիջումային տարբերակ պետք է գտնվի:

 

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply