Աբել Աբելյան. «Ես սիրում եմ Ավետին, սկզբում էդքան լավ չէի հասկանում իրան, հետո կապվեցի իմ կերպարի հետ»

Շաբաթվա լուր | | September 15, 2009 17:44

img_4370Օdnoklassniki.ru-ի «Կյանքի գինը» սերիալին նվիրված խմբի աղջիկներն իրենց լուսանկարները ֆոտոշոպով մոնտաժում են ու իրենց կողքը տեղադրում Ռուբինյանի թիկնապահ Ավետին: Խմբում կարելի է տեսնել դերասանների լուսանկարներ, քննարկել, թե որ դերասանն է ավելի լավ խաղում, կամ ինչպես է վերջանալու սերիալը: Աբելի կերտած Ավետին սիրում են բոլորը. այսպիսի մի հարց կա «Ավետ, թե՞ Սյոմ», տասնյակ մարդիկ գրել են՝ «իհարկե Ավետ»:

«Կյանքի գինը» սերիալի հզոր դերասաններ Սամվել Սարգսյանի (Բարխուդարով), Ալեքսանդր Խաչատրյանի (Ռուբինյան), Վյաչեսլավ Շամիրյանի (Սրապ) կողքին երկրորդական դերասանների շարքից առաջին պլան է մղվել եւ փորձառու դերասաններին չի զիջում իր խաղով Ռուբինյանի թիկնապահ Ավետը` Աբել Աբելյանը: Սցենարիստները, հաշվի առնելով դերասանի ընդունակությունները, նրա փոքր դերն աստիճանաբար մեծացրեցին, եւ այժմ Ավետը սերիալի մեխ կերպարներից է դարձել:

Ես ճանաչում եմ նրան Թատերական ինստիտուտից. դեռ ուսանողական տարիներին Աբելը տարբերվում էր մեզնից իր լրջությամբ ու հավասարակշռությամբ: Եթե որեւէ որոշում կայացներ, ապա էլ երբեք հետ չէր նայում` փոշմանելու, կամ քննարկելու արածը: Նրա համակուրսեցի Զավենն ասում է. «Աբելը միշտ գիտի` ինչ է ուզում ու ինչ պիտի անի ուզածին հասնելու համար: Երբ որեւէ լուրջ խնդիր ունենա, ինքը մտածում ա, շատ լավ հասկանում, թե ոնց լուծի խնդիրը` իր համար ամենահեշտ տարբերակով»:

Աբել Աբելյանն ունի բոլոր նախադրյալները Հայաստանի փեսացուների մեջ լավագույնը լինելու համար` ունի սեփական գործ, տուն, մեքենա, մաքրասեր է, աշխատասեր, հյուրասեր, բարի:

29-ամյա Աբելը ծնվել է Կշեռք համաստեղության տակ Երեւանում: Սովորել է թիվ 71 դպրոցում, զբաղվել է դյուդոյով, ավարտել է Երեւանի Կինոյի եւ Թատրոնի պետ. ինստիտուտը: Նկարահանվել է Գոռ Վարդանյանի «Խավարման օրը», «Չգրված օրենք» ֆիլմերում: Աբելն ասում է. «Նկարահանվել եմ նաեւ «Սվոլոչի» ֆիլմում, փոքր դեր եմ խաղացել, բայց այդ ֆիմը կարեւոր էր, որ շփվեցի դրսի ֆիլմարտադրության հետ, տեսա որքան համեստ են ռուս հանրաճանաչ դերասանները, ինչքան պարտաճանաչ են ու համբերատար: Տեսա նաեւ, թե ոնց է աշխատում ռեժիսորը` իր չորս օգնականներով ու տեխնիկներըչգիտեմ որն ասեմ, ապշելու բան էր: Կարծես զավոդ լիներ, էնքան ամեն ինչ ու ամեն մարդ իր տեղում էր»: Աբելի հետ խոսեցինք նաեւ «աստղային հիվանդության» մասին, որով տառապում են բազմաթիվ հայ արտիստներ. «Աստղայինով ես հիվանդացել էի, երբ նոր էի սկսել նկարահանվել ֆիլմերում, հետո հասկացա, որ ահավոր հիվանդություն ա, որի վերջն օղու շիշն ա, երբ ճանաչումը վերջանում է, աստղ կոչեցյալին էլ ոչինչ չի մնում անելու, բացի խմելուց: Ինչոր տեղ չեմ մեղադրում երիտասարդներին, ովքեր հիվանդանում են, որովհետեւ փողոցում ամեն րոպե մոտենում են մարդիկ ու ասում, որ դու ես ամենատաղանդավորն ու ամենալավը, դե կարելի ա երեւի հավատալ ու գլուխը կորցնել: Չգիտեմ…, բայց ես գիտեմ, որ հիմա իմ բախտն ա բերել, վաղը ուրշինը կբերի: Մեր թատրոններում ինձնից շնորհքով դերասաններ կան, ովքեր 30.000 դրամ եմ աշխատում.. մարդ պիտի միշտ հիշի, որ ամեն ինչ ժամանակավոր ա»: Աբելն առավոտից մինչ ուշ գիշեր աշխատում է, նա բացի հեռուստասերիալից, աշխատում է նաեւ ԱՐ հեռուստաընկերությունում. «Փոքր քաղաքի մեծ մարդիկ» հաղորդաշարն եմ անում, Արը ասես փոքր կղզի լինի իմ համար, որտեղ հանգիստ ստեղծագործում եմ. շատ շնորհակալ եմ պրոդյուսեր Մանուկ Հայկազյանից, որ տվել է ինձ այդ հնարավորությունը: «Կյանքի գնի» անձնակազմին էլ եմ շատ սիրում, շատ լավ տղեք կան տեսախցիկի հետեւում, որ հսկայական գործ են անում»:

Աբելը 2007 թվից բացել է «Casting school» հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդավարներիուսումնական կենտրոնը: Բացի տնօրենի պարտականություններից, նաեւ դասավանդում է կենտրոնումՄոտ քսան շրջանավարտ ունեմ, ովքեր արդեն աշխատում են այս բնագավառում: Մեր կենտրոնը դասախոսական ուժեղ անձնակազմ ունի` բեմական խոսքի ամենալավ մասնագետ Աննա Հեքեքյանը, հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը, ԱՐ հեռուստաընկերության լրատվական բաժնի պատասխանատուԱլիկ Հակոբյանը»: Տնօրեն Աբելի աշխատասեղանը չափազանց կոկիկ է. սեղանի մեջտեղում եռագույնն է, մի քիչ աջ` կլոր, թափանցիկ գլոբուսն է, չնայած նրան, որ դերասանը հաճախ ծխում է` մոխրամանը միշտ մաքուր է: Նույնիսկ կոմպյուտերի էկրանին որեւէ նկար չկա: Տնօրեն Աբելի բնավորության գծերի մեջ կարելի է տեսնել թիկնապահ Ավետին: Իսկ ամուսնության հարցում ինչպես Ավետը, այդպես էլ Աբելը դեռ չեն կողմնորոշվել, չնայած Աբելն ասաց, որ արդեն կարելի է լրջանալ ու մտածել:img_37061

«Ես սիրում եմ Ավետին, սկզբում էդքան լավ չէի հասկանում իրան, հետո հասկացա ու կապվեցի իմ կերպարի հետ», – ասում է Աբելը, – չափից ավելի նվիրված, չափից ավելի հավատարիմ, չափից ավելի ճիշտ»:

Աբելի մայրը` ռեժիսոր Ադա Աբելյանը, դասավանդել է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում եւ Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի ընդունելության քննությունից կտրված տղային «դասավորել» իր մոտ: «Սկզբում չէի ուզում, բայց երեւի լավն էլ դա էր», – հիշում է Աբելն ու շեշտում, որ անիծված մաթեմատիկա լավ գիտեր, բայց կտրվեց: Դեռ վեց տարեկանից Աբելը խաղացել է մոր բեմադրած ներկայացումներում (մայրը մահացել է երկու տարի առաջ). «Շատ եմ խաղացել թատրոնում, մամայիս ներկայացումներն անգիր գիտեի, լինում էր, որ մի ներկայացումը հինգ անգամ նայում էի օրվա մեջ, երբ որեւէ դերասան բացակայում էր, ինձ հագցնում էին նրա շորերն ու բարձրացնում բեմ: Թատերականում սովորելու ընթացքում էլ խաղացել եմ, բայց թատրոնի պատերն անընդհատ նեղ էին թվում ինձ, անընդհատ ուզում էի դուրս պրծնել»: Ինստիտուտն ավարտելուց հետո Աբելի կյանքում սկսվել է, ինչպես ինքն է ասում, «փակ դռների շրջանը»: «Մի շրջան կար, որ ընդամենը մեկ տարի աշխատելով Շողակաթ հեռուստատեսությունում` անընդհատ ասում էի` «հոգնել եմ աշխատելուց», ինձ թվում ա ճակատագիրն ասեց` «Դե, տես ոնց ես հանգստանալու», ուր գնում էի չէին մերժում, բայց գործի չէին ընդունում, շա~տ երկար դա տեւեց: Հիմա ես այսքան զբաղված եմ, չէ՞, բայց երբեք այդ արտահայտությունը չեմ անում, հենց բերանս բացում եմ, որ ասեմ` լեզուս կծում եմ»:

Հենց այս պահին էլ ծեծեցին Աբելի աշխատասենյակի դուռը` ուսանողուհին էր, ամաչելով բարեւեց, ասաց, որ կսպասի եւ ուշիմ հայացքով նստեց անկյունում: Պատկերացրեցի, թե ինչպես է ծանոթներին ասում. «Իմ դասատուն «Կյանքի գինը» սերիալի միջի Ավետն ա, ու բոլորը պտասխանում են` «ա~»»:

Դիտվել է 5385 անգամ:
Print Friendly

Leave a Reply