էլեկտրամագնիսական իմպուլսի հարվածը շարքից կհանի ԱՄՆ-ն

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 15, 2009 17:33

Պատկերացրեք մի այնպիսի իրավիճակ, երբ չի գործում ո՛չ հեռուստացույցը, ոչ ինտերնետը, ոչ հեռախոսը, եւ մնացած ամեն բան, ինչն աշխատում է էլեկտրականությամբ: Այսպիսի իրավիճակ կարող է ստեղծել ցանկացած միջուկային զենք ունեցող երկիր կամ տեռորիստական խումբ` էլեկտրամագնիսական իմպուլսի հարված հասցնելով այս կամ այն երկրին:

Էլեկտրամագնիսական իմպուլսը (EMP) միջուկային պայթյունի ստեղծած էլեկտրամագնիսական ռադիացիայի բռնկում է, էլեկտրամագնիսական էներգիայի բարձր լարմամբ բռնկում: EMP-ն կարող է լինել նաեւ ոչ-միջուկային հիմքից, որի հասցրած վնասը չափազանց ցածր է ատոմածին EMP-ի հարվածի համեմատությամբ:

2001թ. սեպտեմբերի 11-ի տեռորիստական ակտից հետո, արդեն միջուկային զենքի պայթյունից ստեղծվող EMP-ի սպառնալիքի մասին են ահազանգում ամերիկյան հետազոտական ինստիտուտները, կառավարական հանձնաժողովներն ու հետախուզական կենտրոնները, որոնց հրապարակումների մեջ կա «EMP-ը դամոկլյան սրի պես կախված է Միացյալ Նահանգների գլխին» համոզմունքը:

ԱՄՆ կոնգրեսի կողմից ստեղծված «ԱՄՆ-ի դեմ EMP-ի սպառնալիքի գնահատման հանձնաժողովը» 2008թ. ապրիլին իր զեկույցում զգուշացնում է, որ ԱՄՆ-ը EMP-ի «ռիսկի տակ է», որը կարող է հասցնել կա՛մ տեռորիստական որեւէ խումբ, կա’մ միջուկային երկիր` նպատակադրված ոչնչացնելու Միացյալ Նահանգների հիմնարար ինֆրաստրուկտուրաները:

«Կենսական ազգային ինֆրաստրուկտուրաների վերաբերյալ» EMP հանձնաժողովի զեկույցում ասվում է. «Ժամանակակից էլեկտրական տնտեսությունը կկանգնի, եւ Ամերիկան կվերածվի «ավելի վաղ տնտեսություն ունեցող մի երկրի` հիմնվածհին ապրանքափոխանակման սկզբունքի վրա»: Եթե նույնիսկ պարզ միջուկային զենք պայթի Երկրից վեր` 40-ից 400 կմ հեռավորության վրա ցանկացած վայրում, հաջորդ վայրկյանում այն կծնի EMP, որը կխաթարի ռազմական եւ քաղաքացիական տիպի բոլոր հաղորդակցությունները` էլեկտրականություն, տրանսպորտ, սնունդ, այլ ինֆրաստրուկտուրաներ»:

EMP հանձնաժողովի նախագահ Ուիլյամ Գրահամն անցյալ օգոստոսին ասում է, որ բնակչության 70-90 %-ն աշխատունակ չի լինի այս տեսակի հարձակումից հետո. մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում մարդիկ կսկսեն մահանալ, իսկ հիվանդանոցներում նրանք կլինեն ամենից վատթարագույն վիճակում, քանի որ նրանցից շատերի կյանքը կախված է էլեկտրականությունից:

«Բոլոր ֆինանսական ինստիտուտները կփակվեն, փողն արագորեն կդառնա անարժեք, – վերջերս ահազանգեց Գրահամը, – օրենքի գերակայությունը միանգամից կփոխարինվի անարխիայի: Զենքերն ու զենք կրող հանցագործները կսփռվեն ամենուր: Մի սպասեք, որ ոստիկանության ավտոմեքենան կգա ձեզ օգնության, մի մոռացեք, որ ավտոմոբիլները չեն աշխատի այլեւս. ամեն ոք արդեն հիմնականում կքայլի»:

EMP-ի հարվածն Ամերիկան կդարձնի «երրորդ աշխարհի» երկրների մակարդակից էլ ցածր: ԱՄՆ-ի այդ կարգավիճակը վերլուծաբան Դեյվիդ Շենքը նկարագրում է հետեւյալ կերպ. «Աշխարհի գերտերությունը կարող է վերածվել 19-րդ դարի մոմ-տերություն թանգարանի» («Slate» ամսագիր, 2006թ., սեպտեմբեր):

Հոգեբանական վերլուծական կենտրոնները նշում են, որ երբ խոսքը գնում է ԱՄՆ-ի դեմ հարձակման մասին, ամերիկացիները սովորաբար պատկերացնում են 2 հնարավոր սցենարներ. 1-ին` հարձակում միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներից, 2-րդ` միջուկային զինատեսակի օգտագործումով տեռորիստական հարձակում, որից կոչնչանա ընդամենը մի մեծ քաղաք:

Բայց կա մեկ այլ` 3-րդ տարբերակը, որն ամերիկացու պատկերացման մեջ դեռ չկա, ինչպես որ չկար 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի մասին պատկերացումը դրանից առաջ: Այդ 3-րդ սցենարն ատոմածին EMP-ի հարվածն է, որը կարող է ոչնչացնել էլեկտրամագնիսական համակարգերը եւ ատոմակայաններն` անջատելով բոլոր հեռուստացույցներն ու ռադիոները, փողոցային լույսերը, համակարգիչները եւ այլն:

Նմանատիպ սպառնալիքի մասին խոսելիս պետք նշել, որ Միացյալ Նահանգների վնասներն ավելի աղետալի կլինեն, եթե EMP հարված հասցվի ԱՄՆ հյուսիսային նաhանգներին, որտեղ երկրի մագնիսական դաշտն ուժեղ է ու դա, ըստ ուսումնասիրությունների, նպաստում է EMP-ի ուժի մեծացմանը:

Ամերիկացիներն առավելագույնս են կախված տեխնիկայից ու էլեկտրականությունից, ուստի վնասը կզգա անգամ ամենահասարակ ամերիկացին:

Անցյալ ամռանն իրար հետեւից The Wall Street Journal-ը եւ Washington Times-ը հրապարակեցին հոդվածներ, որոնք ասում են, որ ԱՄՆ կառավարությունն անհապաղ պետք է EMP-ի տիպի սպառնալիքների կանխարգելման միջոցառումներ ձեռնարկի: Խոսելով սպառնալիքի չափից` պարբերականներն ահազանգում են, որ բոլոր տիպի համակարգչային ինֆրաստրուկտուրաները կոչնչանան, ու 48 նահանգների էլեկտրական համակարգերն ահռելի վնաս կստանան: 2-ն էլ հենվում էին EMP հանձնաժողովի վերոհիշյալ զեկույցի վրա:

Washington Times-ը նշում է, որ Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան այն երկրներն են, որ «ամենայն հավանականությամբ հենց իրենք, կամ իրենց հովանավորած ԱՄՆ-ի պոտենցիալ թշնամիները կարող են շուտով ունենալ EMP-ի հարված հասցնելու տեխնոլոգիական ունակություն»: Թերթը, հղում անելով EMP հանձնաժողովին, ապա պաշտպանության քարտուղարի օգնական Ջեյմս Շինին, որոշակիացնում է սպառնալիքի աղբյուրը. «Չինաստանն այժմ աշխատում է EMP զենքի ստեղծման վրա: Իսկ մենք, ինչպես գիտեք, ու Չինաստանը նույնպես գիտի, ուժեղ կախվածության մեջ ենք բարդ (էլեկտրական) հաղորդակցություններից»:

Միեւնույն ժամանակ ազգային անվտանգության մասին լուրերի ամերիկյան հեղինակավոր աղբյուրը` «National Terror Alert»-ը, ասես, լրացնելով Washington Times-ին, Չինաստանի կողքին մատնացույց է անում նաեւ Իրանն ու Հյուսիսային Կորեան` որպես EMP իրական սպառնալիքի աղբյուր:

«Նրանք, ովքեր հայտարարում են, որ Իրանի կամ Հյուսիսային Կորեայի կողմից նվազ վտանգ կա, քանի որ նրանք կարող են ունենալ միայն մեկ կամ երկու միջուկային զենք, արհամարհում են այնպիսի սպառնալիքի աղետալի հետեւանքներն, ինչպիսին է EMP-ը, որը կարող է առաջանալ հենց մեկ կամ երկու միջուկային զենքից»:

Նշենք, որ Իրանն արդեն իրականացրել է EMP-ի համարժեք հզորության Շահաբ-3 բալիստիկ հրթիռի բարձր-լարվածության փորձարկումներ: Չնայած արեւմտյան մամուլն իրանական այս փորձարկումներն անվանեց ձախողված, իրանական կառավարությունը վստահորեն հայտնեց, որ այն հաջողված է: ՍՄՆ ԿՀՎ-ն, իր հերթին փորձը որակեց որպես իրական վտանգ` Իսրայելի ու Պարսից ծոցում ամերիկյան ուժերի համար:

Իրանը նաեւ հաջողությամբ փորձարկել է Կասպից ծովում նավից «Scud» հրթիռի արձակումը: Իրանական ռազմագիտական մի շարք հետազոտական կենտրոններ, հղում անելով այդ իրադարձությանը, նշում են, որ այդպիսի միջուկային հարված կարող է հասցվել ԱՄՆ-ի ռազմական ուժերին. «Մենք կարող ենք դա օգտագործել հաղորդակցությունների եւ տեղեկատվական հավաքագրիչ սատելիտների, ինքնաթիռների եւ այլ տեխնիկայի դեմ; Եթե մի անգամ հարվածես թշնամու հաղորդակցային ցանցին, կարող ես նաեւ անջատել թշնամու ղեկավարման ու որոշումների ընդունման կենտրոնը: Ավելին, եթե այսօր դու հաղորդակցությունների կանգնեցման միջոցով անընդունակ ես դարձնում մի երկրի ռազմականղեկավարումը, արդյունքում դու կարող ես կանգնեցնել այդ երկրի բոլոր տիպի հարաբերությունները», – գրում է իրանական Թեհրան, «Նաշրիեհ-ե Սիասի Նազամալ» քաղաքական-ռազմական ամսագիրը 1999թ. հունվարի հոդվածում` վերնագրված «Էլեկտրոնիկան կորոշի ապագապատերազմների ճակատագիրը»:

Իրանական սպառնալիքը`EMP հարվածը կանխարգելելու միակ լուծումը կլինի Իրանում միջուկային արտադրության կետերի ոչնչացումը, քանի որ, ինչպես նշեցինք, EMP-ն աղետալի հետեւանքներ կարող է բերել, միայն երբ ատոմածին է:

Այս հարցադրումից ելնելով, շատ փորձագետներ նշում են, որ եթե Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից հարձակում իրականացվի Իրանի ուրանի հարստացման կետերին, Իրանը կարող է հակահարված հասցնել Իսրայելին հենց EMP-ով:

2001թ. Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին հայտարարեց. «Միջուկային զենքի օգտագործումը Իսրայելի դեմ, կոչնչացնի Իսրայելն ամբողջովին, իսկ Իրանի դեմ նման հարձակման դեպքում սոսկ վնասներ կլինեն: Այդպիսի սցենարն անիրատեսական չէ»:

Նման հարվածի անգամ կանխարգելման դեմ ԱՄՆ-ը թերեւս չունի մեխանիկական արձագանքման-պաշտպանական համակարգ: Երբ Իրանը 1998թ. գարնանն իրականացրեց «Scud» հրթիռի արձակման 1-ին փորձը, «ԱՄՆ-ի դեմ բալիստիկ հրթիռների սպառնալիքի գնահատման հանձնաժողովը» դրա մասին տեղեկացավ միայն որոշ ամիսներ անց: Այդպիսի համակարգ չունի նաեւ Իսրայելը: Այս տարվա փետրվարի 16-ին «Jerusalem Post»-ը հրատարակեց «Իսրայելը EMP-ի հարվածից պաշտպանվելու կարիք ունի» վերնագրով հոդվածը, որում հստակ խոսվում է EMP-ի սպառնալիքի մասին. «Կառավարությունը ոչ մի ուշադրություն չի դարձրել աճող այդ սպառնալիքի նկատմամբ: Եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա EMP-ով, Իսրայելըկհայտնվի անպաշտապանության եւ թշնամու հայեցողության տակ»:

Իսկ մեկ շաբաթ առաջ` օգոստոսի 20-ին, Իսրայելի հրթիռային պաշտպանության ծրագրի նախկին ղեկավար Ուզի Ռուբինը հայտարարեց, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում Իրանը պատրաստ կլինի բալիստիկ հրթիռով հարված հասցնել նաեւ Եվրոպային: Հղում անելով Իրանական կառավարության հայտարարությանը, թե մայիսի 20-ին փորձարկված Սեջջիլ 2 հրթիռի հնարավորությունը մինչեւ 2000 կմ է, Ռուբինը նշում է, որ մի քանի տարի հետո իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունն արդեն կհասցվի մինչեւ 3900 կմ-ի, «բավարար` Լոնդոնին հարվածելու համար»:

Բազմիցս ԱՄՆ հանրապետականներն, անվտանգության հարցերովկառույցները, մասնավորապես EMP հանձնաժողովն առաջարկել են ստեղծել միջուկային պաշտպանության մի «հովանոց», որը կոչված կլինի կանխարգելելու նմանատիպ սպառնալիքը ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ԱՄՆ ալիանսների համար: EMP հանձնաժողովը 20 մլրդ. $ է ուզում ԱՄՆ ադմինիստրացիայից` 4-5 տարվա ընթացքում պաշտպանական նման համակարգ ստեղծելու համար:

Սակայն, Օբամայի ադմինիստրացիան հրաժարվում է նման չափի գումարներ հատկացնել EMP-ից պաշտպանվելու համար: Տակավին սենատոր եղած ժամանակ Օբաման հայտարարել էր, որ «դեմ է այդպիսի համակարգի ստեղծմանը», սակայն անցյալ տարի իր նախագահական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ հակա-հրթիռային պաշտպանության համար Պենտագոնից կխնդրի 10 մլրդ. $: Սակայն նախագահ ընտրվելուց հետո, ինչպես պնդում են Օբամայի քննադատները, Օբաման իր այդ խոստումը չի կատարում: Ավելին, այս տարի Սպիտակ տունը խնդրել է Պենտագոնին 2010 հրթիռային պաշտպանության բյուջեից կրճատել մոտ 2 մլրդ. $ (20 տոկոսը): (Ռոյթերս, 2009թ., փետրվարի 13): Եվ հենց վերջերս Պաշտպանության նախարար Ռորբերտ Գեյթսը հրթիռային պաշտպանության բյուջեից արդեն կրճատել է 10 տոկոս: (Ներկայումս այդ ոլորտի համար ԱՄՆ-ը ծախսում է ընդամենը 9 մլրդ. $):

Փաստորեն, այս հարցում եւս, ներկայիս դեմոկրատական ադմինիստրացիան իր «Soft Power» քաղաքական կուրսով տարբերվում է նախկին` Հանրապետականի «Hard Power»-ի կուրսից:

Դրա պատճառով, սակայն, Օբամայի ընդդիմադիրների թիվն ավելանում է, որոնք, հաճախ արտաքին հարցերը կապելով ներքինի հետ, փորձում են բացասականորեն ազդել նախագահի «հանրային իմիջի» վրա: Օրինակ` EMP-ի սպառնալիքի հարցում «համոզված» վերլուծաբաններից Քեթրին Գեյնսը հունիսի 29-ին հայտնի Human Events պարբերականում գրում է, թե ներկայիս դեմոկրատական ադմինիստրացիան ձախողվել է, քանի որ բավարար քայլեր չի ձեռնարկում EMP-ի կանխարգելման դեմ…Կառավարությունը չի կատարում իր գլխավոր խնդիրը` քաղաքացիների պաշտպանությունը:

Այսօրինակ քննադատություններին զուգահեռ, Իրանն իր հերթին շարունակում է ուրան կուտակել միջուկային զենքի արտադրության համար: Ինչպես նշվում է ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության) «գաղտնի զեկույցում», Նաթանզայի միջուկային համալիրում կուտակված է 1339 կգ ցածր հարստացված ուրան, ինչը դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պահանջներին: Իրանը նաեւ թույլ չի տալիս` անցկացնելու իր միջուկային օբյեկտների ավելի մանրամասն ստուգում:

Օբամայի ադմինիստրացիան չի շտապում «կոշտ» մեթոդների դիմել Իրանի նկատմամբ` հայտարարելով, որ «միջուկային խնդրի առնչությամբ Իրանի պատասխանին է սպասելու մինչեւ այս տարվա սեպտեմբերի վերջը»:

«21-րդ դարում միջազգային համագործակցություն» հռչակած ամերիկյան կառավարությունը շարունակելու է ղեկավարվել «բանակցությունների սկզբունքով»` թերեւս իսպառ մերժելով «ռազմականի» կիրառումը մոտ ապագայում:

Դիտվել է 3269 անգամ:
Print Friendly

Leave a Reply