Կոպենհագենում բացվել է ՀՀ դեսպանատունը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 24, 2011 11:03

Նոյեմբերի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանեց Դանիա:

ԱԳ նախարարի այցելության օրակարգի առաջին կետն էր Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը բարձրացրեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Այնուհետեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը կտրեցին կարմիր ժապավենը:

Ելույթ ունենալով բացման արարողությանը` նախարար Նալբանդյանը նշեց. «Բարձրացնելով Հայաստանի դրոշը Դանիայի մայրաքաղաքում` մենք նաեւ բարձրաձայնում ենք մեր հավակնությունն որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու երկկողմ հարաբերությունները»:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հայ-դանիական պատմական առնչություններին, Հայոց ցեղասպանության տարիներին դանիացի միսիոներների կողմից հայ գաղթականների եւ որբերի հանդեպ ցուցաբերած մարդասիրությանը, 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանին Դանիայի կողմից ցուցաբերած օգնությանը, ինչպես նաեւ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  վստահություն հայտնեց, որ դեսպանությունն իր լուրջ ներդրումը կունենա բարեկամ Դանիայի հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում:

ՀՀ դեսպանության բացման արարողությանը ելույթ ունեցավ նաեւ Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը: Իր խոսքում նախարար Վամենը նշեց, որ սա յուրահատուկ օր է, քանի որ  դեսպանություններ ամեն օր չեն բացվում, իսկ վերջին անգամ Կոպենհագենում նման իրադարձություն տեղի էր ունեցել 2007թ.: Նա բարձր գնահատեց Դանիայում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը: Նիկոլայ Վամենն եւս իր խոսքում անդրադարձավ հայ-դանիական  պատմական կապերին, դանիացի միսիոներների մարդասիրական գործունեությանը, գոհունակություն հայտնեց այսօր ակտիվորեն զարգացող Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում կապրեն:

 

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply