Երբ մշակույթի գործիչը չունի արժեքավոր բան ասելու, սկսում է էժանագին բաներով զբաղվել. Գիսանե Պալյանն` «աստղային» սկանդալների մասին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 24, 2011 10:36
Վերջին շրջանում հայտնի անձանց` այսպես ասած «սեռական» բնույթի սկանդալների կենտրոնում հայտնվելը մտահոգվելու տեղիք է տալիս: Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարների տարածումից եւ դրանից հետո առաջացած մեծ աղմուկին հաջորդեց «Աննա» հեռուստասերիալի դերասանուհի Անի Երանյանի անվան շուրջ ստեղծված աղմուկը:
Այս երեւույթի շուրջ զրուցեցինք «Էմփիրեյ» խմբի անդամ Գիսանե Պալյանի հետ: «Եթե մշակութային գործիչները զբաղված լինեն իրենց գործով, երաժիշտը երգի կամ նվագի, դերասանը խաղա թատրոնում, նկարիչը` նկարի, եթե իսկապես ասելիք ունենան իրենց հանդիսատեսին, անհրաժեշտություն ու ժամանակ չի լինի նման պատմություններ հորինելու կամ էժանագին բաներով զբաղվելու համար: Եթե ասելիք չեն ունենում, սկսում են քննարկել իրենց անձնական կյանքը, ում հետ քնեց, ում հետ զարթնեց: Երբ մշակույթի գործիչը չունի արժեքավոր բան ասելու, սկսում է սեւ PR-ով զբաղվել, որպեսզի ինչ-որ մի ձեւով իր վրա ուշադրություն գրավի»,- նշեց նա:
Գիսանեի խոսքով, լինելով զարգացման փուլում գտնվող հասարակություն, մենք Արեւմուտքից սովորում ենք ամենավատ բաները, մինչդեռ այնտեղ այնքան լավ բաներ կան սովորելու: «Մշակութային արժեքներն այնքան հետ են մղված, որ ի հայտ են գալիս էժանագին բաներ: Մարդիկ չեն զարմանա, որ օրինակ` մի երեխա գնաց «գրան պրի» շահեց մի դժվար մրցույթում, գիտական հայտնագործություն արեց, բայց զարմանում են, որ ինչ-որ մեկը տկլորացել է: Այսօր մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք տափակ բաներ, օրինակ` սեքսի հագնվող աստղերի հիթ-շքերթ: Չեն ասում` ամենալավ երգող, ամենալավ երգը, ասում են` ամենասեքսի, ամենագլամուր տղա վարող: Ինձ թվում է` ցանկացած հասարակություն, երբ այլընտրանք չունի եւ լավ բան չես առաջարկում, ինքը վատ բանն է վերցնում, հիմա մեզ մոտ այդ վիճակն է»,- նշեց նա:
Գիսանեն ճիշտ է համարում սկանդալի կենտրոնում հայտնվելու դեպքում ձեռնպահ մնալ որեւէ մեկնաբանություն տալ: Նրա կարծիքով` սխալ են անում, երբ սկսում են արդարանալ: Ամեն դեպքում, ըստ երաժիշտի, եթե դու ճանաչված մարդ ես, մի քիչ պետք է զգույշ լինես անձնական կյանքումդ, քանի որ երկիրը փոքր է, բոլորն իրար գիտեն:
«Էմփիռեյ»-ի երաժիշտի ներկայացմամբ, ըստ ամենայնի, անելիքներ կան նաեւ կիբեռհանցագործությունների դեմ պայքարում: Իսկ թե ինչու է հասարակությունը այդպես բուռն արձագանքում նման սկանդալներին եւ մեծ հետաքրքրություն ցուցաբերում, ապա Գիսանեի կարծիքով, դա կապված է մեր հասարակության մակարդակի հետ: Եւ հետո, մարդիկ անգործ են եւ դրա համար էլ սկսում են անիմաստ բաներով զբաղվել, այնինչ դրանք «հորինած պրոբլեմներ են»:
Նա նշեց, որ անձամբ չի հետեւում այդ սկանդալներին, քանի որ նախ ժամանակ չունի եւ հետո` հետաքրքիր էլ չէ:
Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ նախօրեին տեղեկություն էին տարածել, թե համացանցում պոռնկագրական բնույթի տեսահոլովակ է հայտնվել, որում պատկերված է «Աննա» հեռուստասերիալի հերոսուհին, որն արագ հերքվեց, քանի որ տեսանյութում բոլորովին այլ աղջիկ է: Անի Երանյանի պրոդյուսերը NEWS.am–ին հայտնել էր, թե իրենք հասնելու են տեսագրությունը Անիի անունով համացանցում տարածողին, ինչպես նաեւ դերասանուհու անունն արատավորող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելուն:
Իսկ դրանից առաջ «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում նկարահանվող դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարներն էին տարածվել համացանցում: Այս գործով ձերբակալված Կարեն Արայանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:






Facebook
Tweet This
Email This Post
