Դերասանուհի Անի Երանյանն արդեն դիմել է ոստիկանություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 23, 2011 21:51

«Աննա» հեռուստասերիալի դերասանուհի Անի Երանյանն այսօր` նոյեմբերի 23-ին դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կիբեռհանցագործությունների դեմ բաժին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց «Աննա» հեռուստանովելի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը:

Վերջինս նշեց, որ այսօր, օրվա ընթացքում հայտնաբերվել է տվյալ տեսագրության լիամետրաժ տարբերակը, նաեւ տվյալներ, որ այն համացանցում առաջին անգամ տեղադրվել է մոտ երկու տարի առաջ, այնինչ այդ ժամանակ Անին ընդամենը 16 տարեկան էր: «Այդ տեսագրությունն ամբողջությամբ հերքում է Անիի մասնակցությունը, որովհետեւ տեսագրության մեջ պատկերված է մոտ 30 տարեկան, 20-30 սանտիմետրով ավելի բարձրահասակ ռուս կին: Օրիգինալի մեջ չկա Անի Երանյանի երգը, այլ զուտ ռուսերեն խոսակցություն` վերաբերող այդ ակտին»,- նշեց Ռուբեն Շահինյանը: Վերջինիս խոսքով, տեսագրությունն իրեն են փոխանցել պատահաբար, երբ գտնվել է Ռադիոտան իր աշխատասենյակում: Բոլոր նյութերն արդեն փոխանցվել են ոստիկանությանը:

Սերիալի պրոդյուսերը նաեւ տեղյակ չէր` արդյոք ոստիկանությունը կասկածյալ ունի՞ տվյալ գործով, թե` ոչ:

Հարցին, արդյոք իրենք եւ մասնավորապես Անի Երանյանը որեւէ մեկին կասկածո՞ւմ են տեսագրությունը տարածելու մեջ, Ռուբեն Շահինյանը պատասխանեց, թե անգամ նման մարդ չկա, որի վերաբերյալ կարող էին կասկած ունենալ: «Ոչ նախկին ընկեր, ոչ գործընկեր, ոչ բակից, ոչ դասարանից, ոչ կուրսից: Ինչ-որ մեկը չկա, որ կարող ենք ասել, թե արել է: Սա ինչ-որ պատուհասի արած բան է, վատություն ուղղակի: Միգուցե աղջկական նախանձով արված քայլ է: Չեմ կարող ասել: Ինչ-որ կենցաղային, ցածր մակարդակի բան է»,- նշեց նա:

Ինչպես արդեն նշել ենք, մի շարք լրատվամիջոցներ նախօրեին տեղեկություն էին տարածել, թե համացանցում պոռնկագրական բնույթի տեսահոլովակ է հայտնվել, որում պատկերված է «Աննա» հեռուստասերիալի հերոսուհին: Անի Երանյանի պրոդյուսերը երեկ NEWS.am-ին հայտնել էր, թե իրենք հասնելու են տեսագրությունը Անիի անունով համացանցում տարածողին, ինչպես նաեւ դերասանուհու անունն արատավորող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելուն:

 

NEWS.am

 

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply