«Կինոերկխոսություններ». ամփոփվեցին հայ և ադրբեջանցի երիտասարդների համատեղ աշխատանքի արդյունքները
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Անի Գասպարյան | November 23, 2011 19:29
Այսօր «Կինոերկխոսություններ» ծրագիրն ամփոփվեց աշխատանքները: Ինչպես նշում են ծրագրի պատասխանատուները, նպատակը հայ և ադրբեջանցի երիտասարդներին միմյանց լսելու և հասկանալու հնարավորություն տալն է: «Փաստորեն, երկու ազգերի մեջ սերունդ է մեծանում, որը մի կողմից հայերին է պոզով-պոչով պատկերացնում, իսկ մյուս կողմից`ադրբեջանցիներին»,-ասում է «Ինտերնյուս» ՀԿ-ի արտադրության բաժնի ղեկավար Հարություն Մանսուրյանը:
Ծրագրի շրջանակներում արցախցի և ադրբեջանցի 30 երիտասարդների մասնակցությամբ նկարահանվել է 21 վավերագրական ֆիլմ, որոնք ներկայացնում են հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով տուժած մարդկանց ճակատագրերը: Արտադրությունը սկսվել է 7 տարի առաջ, տևել 4 տարի: Հայաստանում ֆիլմերը ցուցադրվել են 23 բնակավայրերում` տարբեր լսարանների առաջ:
Մանսուրյանն ասաց, որ ցուցադրություններից հետո մասնակիցներից շատերն իրենց են մոտեցել և ասել, թե իբր իրենք (ծրագրի պատասխանատուները) ուզում են, որ հայերն ադրբեջանցիների հետ բարեկանմանան: «Ամենևին, մեր նպատակը դա չէ: Մենք պարզապես ուզում ենք, որ երկու երկրներում էլ հասկանան, որ իրենց դիմաց նույնպես սովորական մարդիկ են, և որ կարևոր է իմանալ, թե ադրբեջանցին ինչ է մտածում մեր մասին կամ նրանք իմանան, թե մենք ինչ կյանքով ենք ապրում և ինչ ենք մտածում, որովհետև ադրբեջանական այսօրվա պրոպագանդան այնպիսին է, որ մարդկանց պատկերացումները դիմացինի մասին, մեղմ ասած, խեղաթյուրված են»:
Ըստ Մանսուրյանի, իրենց նպատակն է նաև, որ ֆիլմերից հետո մարդիկ սկսեն մտածել, իսկ թե ինչ եզրակացության կգան, դա արդեն իրենց խնդիրն է: «Քարոզչությունը մարդիկ ենթագիտակցորեն կլանում են, բայց չեն ցանկանում մտածել, քանի որ դա դժվար է»,-կարծում է նա:
Մանսուրյանն անդրադարձավ նաև հայ և ադրբեջանցի երիտասարդների համատեղ աշխատանքին` ասելով, որ հատկապես սկզբնական փուլում նրանց շփումը շատ դժվար է եղել. «Օրինակ, ունեինք մի մասնակից, որը մրցույթում անցավ, բայց կատեգորիկ հայտարարեց, որ չի ուզում մասնակցել ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպմանը, քանի որ չի պատկերացնում, որ կարող է հանգիստ կողք-կողքի գտնվել, բայց ի վերջո համաձայնեց,-պատմում է նա-առաջին պահին սեղանի շուրջ նստած նա ուղղակի դողում էր, իսկ երկրորդ օրն արդեն հանգիստ զրուցում էր, սուրճ խմում, քննարկում»:
Ծրագրի ավարտին ցուցադրվեց 2 ֆիլմ` «Բոլոր ֆիլմերն էլ սիրո մասին են…» և «Շուշին վրանի տակ»: Առաջին ֆիլմը հայ ամուսնու և ադրբեջանցի կնոջ մասին է, որոնք ապրում են Արցախում և պատմում իրենց համատեղ երկար, տառապալի, սակայն սիրով լի կյանքի մասին: Ֆիլմի ամենահուզիչ պահն այն էր, թե ինչպես են ամուսիններն այգուց վարդեր քաղում և տանում-դնում հակամարտության ժամանակ զոհված իրենց որդու և սպանված դստեր գերեզմաններին:
Ծրագրի հեղինակներն ասում են, որ այդ ֆիլմը հայաստանյան գրեթե բոլոր լսարաններում դրական արձագանք է գտել, և բացասաբար չի քննարկվել այն հանգամանքը, որ Արցախում ապրող հայկական այդ ընտանիքի մայրն ադրբեջանցի է:
Նրանց խոսքով, բոլոր ֆիլմերի ցուցադրություններից հետո հանդիսատեսը հիմնականում ընդունել է մի բան. մարդկային կյանքը կարևոր արժեք է, իսկ խաղաղությունը` դրա կարևորագույն երաշխիքներից մեկը:
Ի դեպ, դեռևս հայտնի չէ, թե ինչ արձագանք են գտել ֆիլմերն Ադրբեջանում: Առաջիկայում լույս կտեսնի ձեռնարկ, որտեղ կամփոփվեն և´ ադրբեջանական, և´ հայաստանյան ցուցադրությունների արդյունքները:






Facebook
Tweet This
Email This Post
