Թուրք լրագրողը ներկայացնում է թուրքական քաղաքներում հայերի մասին պատմող բացիկներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 15, 2009 18:00

Թուրք լրագրող Օսման Քյոքերը «Սիրելի եղբայրս. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսի բացմանը

Թուրք լրագրող Օսման Քյոքերը «Սիրելի եղբայրս. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսի բացմանը

«Մեր քաղաքում էլ նախկինում հայեր կային»,- սա  Ստամբուլում բացված` 1900-1910 թթ. թուրքահայերի մասին պատմող բացիկների` «Սիրելի եղբայրս» ցուցահանդեսում ամենաշատ ասված արտահայտությունն էր:

Ստամբուլյան ցուցադրումից 4 տարի    անց  Մոսկվա կինոթատրոնում `սեպտեմբերի 15-28-ը,   բացվել է  ցուցահանդես, այս անգամ` «Սիրելի եղբայրս. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» խորագրով,  որը ներկայացնում է թուրք լրագրող Օսման Քյոքերը:

Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում ապրող հայերի կյանքը, մշակույթը, գործունեության ոլորտները ներկայացնող շուրջ 4 հազար փոստային բացիկների ու ծրարների հավաքածուն պատկանում է իտալացի Օռլանդո Կալումենոյին, ում մայրը ազգությամբ հայ է: 2005 թ-ից մինչ օրս, բացիկներից   մոտ 500-ը`  թուրք լրագրող Օսման Քյոքերի ջանքերով ցուցադրվում է տարբեր երկրներում:

Առաջին անգամ հավաքածուն ցուցադրվել է 2005-ի հունվարին` Ստամբուլում, որին`  11 օրվա ընթացքում 7 հազար մարդ է այցելել,  և նույն տարի երկրորդ ցուցադրությունն էլ է եղել:

«Դա վերջին տարիներին Թուրքիայում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- ասում է Քյոքերը:

Հավաքածուն ցուցադրվել է նաև Մյունխենում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում, Վալենսիայում, Ժնևում:

2005-ին Քյոքերը նաև հրատարակում է «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը, ուր տպված են բացիկները և դրանց մասին տեղեկություններ: Այս գրքի համար Քյոքերը ստիպված է եղել հիմնել սեփական «Բիրզամանլար» հրատարակչությունը,  քանի որ ոչ ոք չի ցանկացել տպագրել Օսմանյան կայսրությունում հայերի զգալի ներկայության և մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի մասին պատմող գիրք:

Քյոքերն ասում է, որ Թուրքիայում պատմությունը ներկայացվում է թուրքերի տեսանկյունից: Դպրոցներում`  3-րդ դասարանից սկսած,  դասավանդվում է «Մեր քաղաքների պատմությունը» առարկան, որի շրջանակներում երեխաներին սովորեցնում են, որ թուրքական բոլոր քաղաքները հիմնադրել են թուրքերը, անունները թուրքական ծագում ունեն` հաշվի չառնելով, որ շատ քաղաքներ հիմնադրվել են թուրքերի` Անատոլիա գալուց շատ առաջ:

Քյոքերն ասում է, որ դասագրքերում թուրքիայի ոչ մուսուլման բնակչությանն անդրադառնալիս նրանց բացասական երանգով են ներկայացնում, չի նշվում, թե ինչ տնտեսական, մշակութային դերակատարություն են ունեցել քաղաքի պատմությունում: «20-րդ դարասկզբին միանգամից ի հայտ են գալիս այլակրոն ժողովուրդներ, համագործակցում են թշնամու հետ, թիկունքից հարվածում թուրքերին: Կարծես բոլորովին չեն ապրել, միայն դավաճանել են թուրքերին»,- թուրքական կրթական ծրագիրն է բնորոշում Քյոքերը:

Ըստ Քյոքերի, այս «պատմությամբ» դաստիարակվում է սերունդ, որը արհամարհելու է այլ ժողովուրդների:

«Իմ նպատակն է ցույց տալ, որ 100 տարի առաջ հայեր են ապրել Թուրքիայում,- ասում է Քյոքերը,- նրանց մասին ճշմարիտ տեղեկություն տալ»:

Քյոքերը նշում է, որ հայերի հեռանալու պատճառով` թուրքերը  մեծ կորուստ են ունեցել: «Հայերի գնալուց հետո Թուրքիայում եղավ մշակութային, արտադրողական կորուստ, նկատվեց քաղաքակրթական մակարդակի անկում: Այն ժամանակ նկատված բացասական ազդեցությունը Թուրքիայում գործում է մինչ օրս: Կառավարական օղակը, որ գործում էր 1915-ին, շարունակում է գործել նաև այս օրերին»:

Կենտրոնում` «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյան

Կենտրոնում` «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյան

Հայաստանում ցուցահանդեսի կազմակերպումը նախաձեռնած «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի խոսքերով, ցուցահանդեսը նախատեսել էին դեռևս անցյալ  տարվա նոյեմբերից և միայն պատահականություն է, որ բացումը համընկել է  հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հասարակական քննարկմանը:

«Օգտակար համընկնում է»,- ասում է Ղազարյանը:

Սակայն Քյոքերը մտադրություն չունի  արձանագրությունների քննարկման ժամանակահատվածում Թուրքիայում ևս մեկ անգամ այս բացիկները ներկայացնել. «Հիմա դա անիմաստ է, դրա պահանջը չկա»:

Ազգային գրադարանի աշխատակից Անահիտն ասում է, որ հենց իմացավ ցուցահանդեսի մասին, գալու ցանկություն ունեցավ. «Նախ` իմ նախնիները Պոլսահայեր են եղել և շատ կուզենայի իմանալ, թե ինչ միջավայրում են ապրել, ինչ կյանք ու կենցաղ են ունեցել: Բացի այդ, Ազգային գրադարանում էլ նման բացիկներ և նամականիշեր կան և շատ հետաքրքիր է համեմատել ներկայացվածի հետ, իմանալ, թե  մեր ունեցածից բացի, ինչ կա»:

Բառարանագիր Քեյթի Գունդակչյանն ասում է, որ այս ցուցահանդեսը պետք է հայերի մեջ ամոթի զգացում առաջացնի. «Այս ցուցահանդեսը հստակ ցույց է տալիս, թե ինչպես քոչվորական թուքրերը եկան ու չեղած տեղից իրենց հայերնիք ստեղծեցին, իսկ մենք մեր չնաշխարհիկ երկիրը զիջեցինք նրանց»:

Դիտվել է 1966 անգամ:
Print Friendly

Leave a Reply