Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 23, 2011 16:35

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի անցած չորս տարիների գործունեությունը, որը  Նախագահի խոսքով, եղել է ակտիվ և արգասաբեր` նպաստելով Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Այդ ամենի արդյունքում, ըստ Հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ են ստեղծվել երկրում սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Նախագահի հրամանագրով,  Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել և պարոն Ռաուլ դե Լուցենբերգերին է հանձնել պետական պարգևը` հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ շարունակելու է մնալ մեր երկրի բարեկամը, որտեղ էլ հետագայում պաշտոնավարի:

Դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը շնորհակալություն է հայտնել իր գործունեության ընթացքում մշտապես ցուցաբերված աջակցության, համագործակցության և աշխատանքին տրված գնահատականի համար: Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի փոփոխություններ են կատարվել, երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում, ինչը ԵՄ-ում ևս գերիշխող կարծիք է: Ռաուլ դե Լուցենբերգերը  հաջողություններ է մաղթել այդ բարեփոխումներին, որոնք, նրա հավաստմամբ, առավել կամրապնդեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու կխորացնեն համագործակցությունը:

 

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply