ԵԽԽՎ-ն օրակարգից հանել է Հայաստանին վերաբերող բանաձևերը. «Ժառանգությունը» այն վերագրում է հայ-թուրքական արձանագրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2009 17:02

18ԵԽ-ն ունի քաղաքական որոշում` այս պահին չանդրադառնալ Հայաստանին և հայերին վերաբերող որևէ հարցի, քանի որ ընթացքի մեջ է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը: Սակայն այն, ինչ հիմա ներկայացված է որպես նախաստորագրված արձանագրություն, անընդունելի է հայերի համար. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փաստանջյանը:

Սեպտեմբերին, ինչպես տեղեկացրեց Փոստանջյանը, ով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է, պետք է տեղի ունենաին ԵԽԽՎ Մարդու իրավունքների և Մոնիտորինգի հանձնաժողովի նիստերը:

Փոստանջյանը, չնայած Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ չէ, սակայն հրավիրված է եղել և 2 անգամ մասնակցել է նիստերին: «Սեպտեմբերյան նիստից առաջ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահն ինձ նամակով տեղեկացրեց, սակայն, թե ՀՅԴ-ից, որպես ընդդիմություն, անդամ կա ընդգրկված հանձնաժողովում, հետևաբար ընդդիմությունից 1 ներկայացուցիչը բավարար է, և ես չպետք է մասնակցեմ հանձնաժողովի նիստին»,- ասում է Փոստանջյանը:

Նիստին Հայաստանի վերաբերյալ հարցը չի քննարկվել, մինչդեռ պետք է քննարկեին, թե ինչպես է ընթանում Հայաստանում ԵԽԽՎ-ի առաջարկած բանաձևի իրականացումը:

Փոստանջյանն ասում է, որ ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունվել էր բանաձևի նախագիծ և զեկույց, որը վերաբերում էր Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքներին և մարդու իրավունքներին և որտեղ շոշոփվում էին նաև հայերի իրավունքները: Բանաձևի այս նախագիծը ներառված էր լիագումար նիստի օրակարգում, ինչը ևս հանվել է:

Անդրադառնալով Ժառանգությունում ընթացող իրադարձություններին, Փոստանջյանն ասաց, որ դա սովորական երևույթ է և կարող է տեղի ունենալ ցանկացած կուսակցության հետ.«Մենք գրեթե հաղթահարել ենք այդ իրավիճակը»: Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ ասում է, որ կուսակցության պառակտման մասին խոսք լինել չի կարող. «Կուսակցությունից հեռացվել է ընդամենը 6 անդամ, որևէ անդամ դիմում չի ներկայացրել` կուսակցությունից հեռանալու համար»:

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply