Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 23, 2011 15:54

“Անհրաժեշտ է, որ մարդու բոլոր արաքներն ու մտքերը ներծծված լինեն մերձավորի նկատմամբ տածած համերաշխության ու սիրո զգացումով: Եվ մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու հանդուրժողականությունը ամենագեղեցիկ ծառերն են անտառում”:

Ֆրիտյոֆ Նանսեն

 

Հայ ժողովրդի դարավոր պատմությունը հերոսների և հերոսապատումների պատմություն է, որի ընթացքում եղել են անհատներ, որոնց անուններն արձանագրվել են ազգի հիշողության մեջ:

Պատմաքաղաքական, տնտեսական վայրիվերումները օրհասական էին դարձրել հայության վիճակը: Հայն այսօր վերընձյուղվել և շտկվել է, սակայն երբեք չի մոռանա մոլորակի քաղաքացու` Ֆ. Նանսենի անունը, որը դարձավ հայի մեծ բարեկամը: Պարենային  օգնություններ, ֆինանսական օժանդակություններ, որբանոցներ, իսկ ամենակարևորը` հոգևոր սատար: Բառեր և ձևակերպումներ, որոնց քողի տակ մեծ հայասերի, մարդասերի մեծ գոհունակությունն է:

Լրանում է Նանսենի ծննդյան 150-ամյակը: Եվ այս յուրօրինակ ցուցահանդեսը նվիրված է մեր բարեկամի հիշատակին:

Աշխարհի հայ նկարիչների միավորումը, կազմակերպելով այս արժանահիշատակ միջոցառումը, հայ ժողովրդի հարգանքի տուրքն է մատուցում իր մեծ բարեկամին:

Նոյեմբերի 22-ին հայության մեծ բարեկամ Ֆ. Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված էին տարբեր սերունդների և տարբեր գեղարվեստական ուղղություններ որդեգրած արվեստագետների, տարբեր ժանրերի ստեղծագործություններ: Բոլոր մասնակիցներն էլ իրենց գործերով նվիրված են աշխարհի մեծագույն անհատներից մեկի` Նանսենի հիշատակին:

Աբստրակտ պատկերներ, ռեալիստական գործեր, հորինվածքներ, քանդակներ` բոլոր հոբելյարինն են, մեծ հայասերին ուղղված երախտագիտության սրտաբուխ արտահայտություններ են:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին վարպետներ, արվեստագետներ, սիրված ու ճանաչված անձիք, երիտասարդ արվեստասերներ: Նանսենի հոբելյանական ցուցահանդեսին մասնակցած արվեստագետների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Հակոբ Հակոբյանը, Ռոբերտ Էլիբեկյանը: Ցուցահանդեսին մասնակցեց նաև Բաժբեուկ-Մելիքյանների գեղարվեստական ընտանիքի ներկայացուցիչ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը: Մկրտիչ Պապոյան արվեստագետը Նանսենին ասպետ է համարում, պայքարող մարտիկ և արդար կարիքավորների օգնական ուժ: Եվ հենց այդ պատճառով էլ նա ցուցահանդեսին ներկայացրեց ասպետի սիմոլիկ պատկերը:

Այս ցուցահանդեսի և պատկերագրքի, ինչպես նաև բազմաթիվ նմանօրինակ միջոցառումների ժամանակ “Աշխարհի հայ նկարիչներ” միավորմանը սատար կանգնեց Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմը` արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի օրհնությամբ և օգնությամբ: Գլխավոր և միակ հովանավորն էր “Բիլայն” ընկերությունը` Իգոր Կլիմկոյի ղեկավարությամբ: Ցուցահանդեսին աջակցեց նաև “Ակադեմիա” պատկերասրահը` ի դեմս տնօրեն Գոռ Վարդանյանի:

«…Այրեցեք ձեր թողած նավերը, քանդեցեք ձեր հետեւում կամուրջները: Միայն այդ դեպքում ձեզ եւ ձեր ուղեկիցների համար այլ ելք չի մնա, քան միայն առաջ շարժվելը»:

Ֆրիտյոֆ Նանսեն

 

Անժելա Շահումյան

 

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply