Հայերը թերագնահատում են տարեցների պոտենցիալը. ՄԱԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2011 15:03

Այս օրերին Ժնևում անցկացվում է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի հովանու ներքո գործող Տարեցների հարցերով աշխատանքային խմբի նստաշրջանը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` 2047 թվականին աշխարհում ծեր մարդկանց թիվը կգերազանցի երեխաների թվին:

ՄԱԿ-ը կոչ է անում օգտագործել տարեցների պոտենցիալը հանրության բարեկեցության համար: ՄԱԿ-ի հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են ապրում հայ տարեցները:

«Հայաստանում 1980-ականներից սկսած` 65-ն անց տարիքի մարդկանց թիվը կրկնապատկվել է: Նրանց սոցիալական պաշտպանվածությունը «փլուզվեց» ԽՍՀՄ–ի հետ միասին, որից հետո նրանք սկսեցին ապրել աղքատության մեջ»,- ասվում է ռեպորտաժում:

Նշվում է, որ Հայաստանում ծերերին շատ հաճախ օգնում են իրենց հարազատները, սակայն նրանցից ոչ բոլորն ունեն ընտանիք, որի օգնության վրա կարելի է հույս դնել: «Նրանց մեծ մասը լքել է երկիրը աշխատանք գտնելու համար, քանի որ իրենք պետք է հոգ տանեն իրենց մասին: Նրանք չեն ցանկանում գնալ ծերանոցներ, որոնք , ի դեպ, այդքան էլ շատ չեն երկրում: Չնայած տարիքին` նրանք դեռ կարող են օգտակար լինել հանրությանը, սակայն հայերը թերագնահատում են նրանց պոտենցիալը»:

Ռեպորտաժում նշվում է, որ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ`Հայաստանի կառավարությունը «ճանապարհային քարտեզ» է մշակում` ինչպես երկիրը պետք է հարմարվի դեմոգրաֆիական իրականությանը:
Հանձնաժողովի ազգաբնակչության բաժնի ներկայացուցիչ Վիվիեն Բրյունը նշել է. «Մենք կողմ ենք, որպեսզի բոլորը մասնակցեն խնդրի լուծմանը` գործատուները, քաղաքացիական հասարակությունը, արհմիությունները, գիտնականները, ԶԼՄ-ները: Թող բոլորը կիսվեն իրենց գաղափարներով ու գիտելիքներով`ինչումն է խնդիրը և ինչպես կարելի է դա լուծել»:

Ռեպորտաժում նշվում է, որ «Ճանապարհային քարտեզում» նշված շատ միջոցառումներ լրացնում են արդեն գոյություն ունեցող նախաձեռնությունները: «Արդեն հիմա, օրինակ, ցերեկային սոցկենտրոններում թոշակառուները կարող են ստանալ խնամք և զբաղվել տարբեր գործերով, որպեսզի չկորցնեն կապն արտաքին աշխարհի հետ և իրենց միայնակ չզգան: Այսօր կատարած կառուցողական բարեփոխումները թույլ կտան խուսափել վաղվա ծախսերից: Օրենսդիրները պետք է գիտակցեն, որ տարեցները, թեև խնամքի կարիք ունեն, միևնույն ժամանակ հանրության համար թանկ ռեսուրս են»,- ասված է ռեպորտաժում:

Tert.am

 

Դիտվել է 692 անգամ:
Print Friendly

Leave a Reply