Ճգնաժամը շոու բիզնեսում. «հակաճգնաժամային» խմբային համերգները փրկում են աստղերին

ՄՇԱԿՈՒՅԹ | | September 15, 2009 17:36
arame1-copy

Արամեի մենահամերգը կլինի այն բացառիկներից, որ կարող է եկամուտ բերել:

Գիշերային ակումբներում երգող շոու բիզնեսի աստղերի եկամուտները 30-50 տոկոսով նվազել են: Գլխավոր պատճառն այն է, որ տնտեսական ճգանաժամի հետեւանքով նվազել են գիշերային ակումբների այցելուները, նաեւ ակումբներում ամենապահանջված կովկասյան շանսոնի ու երեւանյան ֆոլկի սիրահարները մեկնել են ամառային հանգստի:

Այնուամենայնիվ գիշերային ակումբներում երգողները կարող են գոյատեւել: Կախված անունից եւ ակումբների տերերի հետ ունեցած կապերից` օրավարձը տատանվում է 5-10 հազար դրամի սահմաններում, նաեւ պատվերներից, որոնք էլ արժեն 3-5 հազար դրամ: Սակայն երգիչների լուրջ եկամուտը համերգներն են: Անսպասելիորեն այս տարի մեծ տարածում ստացան «բազմաստղանոց» համերգային ծրագրերը, որոնք վատ առեւտրային գործարք չեն հայրենի շոուբիզնեսի ներկայացուցիչների համար: Մեկ երգչի հոնորարը նման համերգից հասնում է 500-1000 ԱՄՆ դոլարի:

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը զարմացած, սակայն մեծ գոհունակությամբ հաստատում է, որ այս ճգնաժամի պայմաններում հաճախ են լինում խմբային համերգներ, որոնցում նախորդ տարիների համեմատությամբ ընդգրկված են առավել մեծ թվով երգիչներ: Նա այդ ակտիվությունը վերագրում է կազմակերպիչընկերությունների մասնագիտական հմտություններին: Ասում է, որ համերգներն անցնում են լեփլեցուն դահլիճներում, չնայած երգիչները գրեթե միշտ նույնն են լինում: (Զուր չէ, որ հոգեբանները եզրակացրել էին, որ ճգնաժամային պայմաններում, որպես պաշտպանական միջոց, մարդկանց մոտ սրվում է զվարճանքի զգացողությունը): Կարապետյանն այս տարի մասնակցել է նման 10 համերգի: Միարժամանակ նա ընդգծում է, որ ճգնաժամից տուժել են շոուբիզնեսի ներկայացուցիչները` զրկվելով գաստրոլներից:

«Ես տարին գոնե 5 անգամ համերգների էի հրավիրվում եվրոպական երկրների հայ համայնքների կողմից, իսկ այս տարի առաջին արտասահմանյան համերգն ամենայն հավանականությամբ միայն հոկտեմբերին Լոնդոնում տեղի կունենա», – «Անկախին» ասաց երգչուհին:

Իսկ երգչուհի Սոնա Շահգելդյանը, չսրտնեղելով ճգնաճամից, ասում է, որ հաճախակի դարձած աստղաբույլերից բաղկացած համերգներին երգողներից ոմանք կենդանի երգել չեն կարողանում եւ այդպիսով կազմակերպիչները ճիշտ ընտրություն երբեմն չեն անում: «Երգիչների ընտրության հարցում չի գործում ոչ մի չափանիշ, – ասում է Շահգելդյանը, – կարեւոր չէ` կատարողները հիթային են, կամ կոմերցիոն, նրանք համերգի մասնակից են դառնում, քանի որ ամեն ինչ գործում է ծանոթության սկզբունքով»:

Համերգներ կազմակերպող «Վահե մյուզիքլ»-ի (նախկին` «Արմստրոնգ») տնօրեն Վահե Հարությունյանը հրաժարվեց պատասխանել, թե ինչ սկզբունքով են ընտրում երգիչներին, եւ տնտեսական անկման ժամանակ, որքանով է ձեռնտու համերգների կազմակերպելը:dsc_9105

Համերգներ կազմակերպող այլ ընկերության` «Շարմ» հոլդինգի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանը նշեց, որ իրենք առանց թեմայի եւ պատվիրատուի խմբային համերգներ չեն կազմակերպում:

Որքան էլ «բազմաստղանոց» համերգները մեծ պահանջարկ ունենան, իրադարձությունը երգչի կյանքում մենահամերգն է: Եթե հավատանք շոուբիզնեսի ներկայացուցիչների խոսքերին, ապա մեր երկրում մենահամերգ տվող արտիստը եկամուտ չի ակնկալում, մինչդեռ որոշ գնահատումներով, նորմալ մենահամերգ տալու համար երգչի ծախսը կազմում է մոտ 35 հազար դոլար:

Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային դահլիճում մենահամերգի պատրաստվող Արամեի պրոդյուսեր, «Սլայդ Արտ» պրոդյուսերական ընկերության տնօրեն Արտավազդ Ամիրյանն ասում է, թե մենահամերգից եկած եկամուտն իրենց չի հետաքրքրում, քանի որ այս պահին երգչին հուզող թիվ մեկ խնդիրը հանդիսատեսին գոհացնելն ու տպավորիչ շոու ցուցադրելն է, ինչը կապահովեն հայաստանյան լավագույն պարային խմբերի մասնակցությամբ:

468

Հասմիկ Կարապետյանն ուրախ է, որ խմբային համերգները բեմ դուրս գալու հնարավորություն են տալիս արտիստներին:

Ըստ շոու բիզնեսի ներկայացուցիչների` առանց գովազդային աջակցությանկամ հովանավորների մենահամերգները միայն տոմսերի վաճառքով չեն կարող շահութաբեր լինել: «Երգիչը մեկ ամիս շարունակ պետք է մենահամերգ տա, որպեսզի դահլիճի տոմսերի վաճառքով ծախսերի 50 տոկոսը ետ բերի», – ասում է Աննա Ավանեսյանը: Բայց Արամեի նախատեսվող համերգի հաշվարկի արդյունքներն այլ պատկեր են ներկայացնում: Այսպես, Ամիրյանն ասում է, որ Արամեի մենահամերգին կարող է լինել ամենաշատը 7000-7.100 հանդիսատես: Եթե այսքան մարդ ներկա լինի, ապա համերգի տոմսերի միջին գնի հաշվարկով տոմսերի վաճառքից կգոյանա ամենաքիչը 140 հազար դոլար (տոմսի միջին գինը` 7500 դրամ է, պրոդյուսերի ասելով տոմսերի գները կտատանվեն 2.500-15.000 դրամի սահմաններում: Սակայն այսօր արդեն խոսակցություններ կան, որ կան 150 հազար դրամանոց «գոլդ» տոմսեր): Համերգի ամենածախսատարմասի` մարզահամերգայինի դահլիճի (օրը` 7-8 միլիոն դրամ (մոտ 20 հազար դոլար), ինչպես նաեւ ձայնային եւ լուսային տեխնիկայի վարձակալման, բեմի ձեւավորման, գովազդային ակցիաների, պարային խմբերի եւ նվագախմբի հոնորարներն էլ ներառյալ, վարկանիշ ունեցող երգիչը միայն տոմսերի վաճառքից կարող է մենահամերգից շահույթ ակնկալել:

Որպես կանոն` խմբային համերգները լինում են Արամ Խաչատրյան դահլիճում, իսկ մենահամերգների առավել նախընտրելի սրահներն են Օպերայի թատրոնն ու Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճը: Ֆիլհարմոնիկ դահլիճի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշում է, որ այս տարի Մշակույթի նախարարության կողմից պլյուսային ֆոնոգրամայով (երբ երգիչը միայն բերանը բացում փակում է) համերգներն արգելելուց հետո եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով իրենց մոտ 2 անգամ պակասել են համերգները: Այստեղ վարձակալման մեկ օրվա գինը 350-600 հազար դրամի (1000-1600 դոլար) սահմաններում է:

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասում է, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով ընթացիկ տարում ընդամենը մեկ օրով կամ մի քանի ժամով են վարձակալության հանձնել դահլիճը: Նա ասում է` քանի որ պետությունն իրենց ծախսերի 75 տոկոսն է ապահովում, ապա դահլիճը վարձակալման տալով նրանք իրենց մնացած ծախսերն են կարողանում փակել: Այստեղ դահլիճի վարձակալությունը 2-4 անգամ ավել է ֆիլհարմոնիայից` 1.5 մլն դրամ(մոտ 4 հազար դոլար): Հովհաննիսյանը նշում է, թե հազվագյուտ է պատահում, որ վարձակալողները հնարավորություն ունենան վճարել այդ գումարը, եւ իրենք ստիպված են լինում գնալ զիջումների:

Օպերայի դահլիճի վարձակալման բարձր գինն ամենեւին չի վհատեցնում Սոնա Շահգելդյանին, ով սեպտեմբերհոկտեմբեր ամիսներին նույնպես պատրաստվում է այստեղ ներկայանալ մենահամերգով: Երգչուհին կարծում է, որ կենդանի երգեցողությամբ մենահամերգ ունենալու համար իրեն բավարար է անգամ 20 հազար ԱՄՆ դոլարը: «Ես ոչ մի հովանավոր չունեմ, ինձ աջակցելու է իմ ընտանիքը, այդ պատճառով ճոխությունների հետեւից չեմ ընկնելու եւ պատրաստվում եմ 1-1.5 ժամ բեմում անընդհատ շարժվել, պարել ու երգել, – ասում է Շահգելդյանը, – այսօր ոմանք խոսում են 50-100 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մենահամերգների մասին, ինչն ինձ մոտ պարզապես ծիծաղ է առաջացնում»:

Դիտվել է 1805 անգամ:
Print Friendly

Leave a Reply