Ադրբեջանում սննդամթերքի որակը մտահոգիչ մակարդակի վրա է գտնվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 23, 2011 14:40

Առողջապահության նախարարության`սննդամթերքի վերաբերյալ սահմանած խիստ չափանիշներն անտեսվում են:

«Ես սարսափելի սննդային թունավորում եմ ստացել եւ անաֆիլակտիկ շոկ տարել», – պատմում է Ադիլա Ալիեւան`նկարագրելով մատչելի գնով խավիար գնելու հետեւանքները:

«Երկար ժամանակ հիվանդանոցում անցկացրեցի`մեծ դժվարություններ կրելով եւ մեծ գումար ծախսելով: Սակայն այդպես էլ չբողոքեցի, պարզապես ուրախ եմ, որ ողջ մնացի», – ասում է նա:

Դեպի Կասպից ծով ելք ունեցող Ադրբեջանում ձկան խավիարը լայնորեն տարածված է, սակայն սննդամթերքի այլ տեսակների նման, այն պետք է պարտադիր կերպով որակի վկայական ունենա:

Ադրբեջանցի շատ այլ սպառողների նման, Ալիեւան երբեք այդ վկայականը չի պահանջում`կասկածելով, որ մթերքի որակի վերաբերյալ բողոք ներկայացնելը կարող է որեւէ արդյունք տալ:

Փոխարենը, նրա խոսքերով`«այդ օրվանից այլեւս խավիար տեսնել անգամ չեմ կարող»:

Ադրբեջանի առողջապահության նախարարության կողմից որակի համապատասխան վկայական չստանալու դեպքում, սննդամթերքի վաճառքն անօրինական է, բացի այդ, մթերք արտադրողները նաեւ պետք է համապատասխան վկայագիր ստանան էկոնոմիկայի նախարարությունից: Սակայն սննդամթերք արտադրողների եւ այն վաճառողների մեծամասնությունը պարզապես անտեսում են այս կանոնները`պնդելով, որ դրանք նպաստում են մթերքի թանկացմանը:

«Երեք-չորս կիլոգրամ խնձորը վաճառում եմ մեկ մանաթով (մեկ ու կես դոլար): Եթե խնձորի համար վկայագիր ստանամ, էլ ո՞վ այն կգնի: Այն շատ թանկ կլինի… ոչ ոք էլ նման բան չի անում: Խնձորը շատ լավն է, ես երբեք էլ վատը չեմ վաճառում», – ասում է Բաքվի շուկայում միրգ վաճառող Անվար Մամեդովը:

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, սակայն, պնդում է, որ սննդամթերքի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է գտնվում: Նախարարության հիգիենայի ու համաճարակների հանրապետական կենտրոնի սննդի հիգիենայի վարչության պետ Իմրան Աբդուլլաեւը նշում է, որ միայն այս տարվա հուլիսին Ադրբեջանում 75 ընկերություններ են տուգանվել սննդամթերքի արտադրության, փոխադրման եւ պահպանման հետ կապված նորմերը խախտելու համար:

«Սննդամթերքի բոլոր տեսակներն այստեղ են որակի համապատասխան վկայական ստանում: Եթե մթերքն առանց վկայականի է հայտնվում վաճառասեղանին, ապա սպառողը պետք է մեզ դիմի, եւ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք», – ասում է Աբդուլլաեւը:

Պաշտոնյանի խոսքերով`հուլիսին նաեւ սննդային թունավորման 114 դեպք է գրանցվել:

Ադրբեջանի ազատ սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովը նշում է, որ իր կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ադրբեջանում սննդամթերքի 80 տոկոսը վաճառվում է առանց համապատասխան որակի վկայականների:

«Սա մեծ ու բարդ խնդիր է: Արտադրողն ունի երկու տարբերակ`կամ լինել ազնիվ, որակյալ սննդամթերք արտադրել եւ վկայական ստանալ կամ մոռանալ այդ մասին եւ կաշառք տալ ամեն անգամ, երբ իր արտադրանքը ստուգելու կարիք լինի: Ցավոք, շատերը երկրորդ տարբերակն են ընտրում», – ասում է Հուսեյնովը:

Ազատ սպառողների միության նախագահը նշում է, որ իրենց կազմակերպությունը բավական հաջող արշավ է իրականացրել վաճառվող մսի որակի վերաբերյալ`բարելավելով իրադրությունը «Բաքվում, որտեղ մի քանի տարի առաջ հաճախ շատ վատ որակի, փչացած միս էին վաճառում»:

Հուսեյնովն, այնուամենայնիվ, խոստովանում է, որ խնդիրն ամբողջությամբ չի լուծվել եւ ավելի է սրվել կաշառակերության պատճառով, որն այստեղ զսպիչ գործոն է հանդիսանում [սննդամթերքի հիգիենայի] նորմերի ազնիվ պահպանման համար:

«Շատ դժվար է դատարանում որեւէ բան ապացուցելը, քանի որ փաստաթղթերը կեղծ են լինում, իսկ դատարաններում կաշառակերություն է տիրում: Կարելի է [կեղծ] որակի վկայական գնել: Իսկ եթե չեք խախտում օրենքներն ու վկայական ձեռք բերում արտադրված սննդամթերքի համար, ապա բարձրացնում եք դրանց գները», – հավելում է Հուսեյնովը:

Տնտեսական հետազոտություններով զբաղվող «REAL» կազմակերպության համահիմնադիր Նաթիգ Ջաֆարլին նշում է, որ կաշառակեր պաշտոնյաները պարբերաբար խախտում են օրենքները նաեւ ներկրված սննդամթերքը մաքսազերծելու ժամանակ:

«Եթե ողջ գործընթացն օրինական լիներ, ապա մթերքի մեծ մասը պարզապես վաճառքի չէր հանվի», – հավելում է Ջաֆարլին`նշելով, որ սննդամթերքի շուկայի մի շարք հատվածներ գտնվում են որոշ ձեռնարկությունների ձեռքում:

«Այստեղ որեւէ սահմանափակում չի գործում, նրանք կարող են ցանկացած որակի սննդամթերք վաճառել: Ոչ մի տեսուչ չի համարձակվի որեւէ պաշտոնյանին պատկանող խոշոր բիզնեսին մարտահրավեր նետել, նա պարզապես կվախենա նման քայլ անելուց», – ասում է նա:

Ջաֆարլիի խոսքերով`շուկայի ներկայիս կառուցվածքը հակասում է անկախ արտադրողների շահերին, որովհետեւ սննդամթերքի որակի վկայականի արժեքն առավելապես ազդում է հենց նրանց արտադրանքի գնի վրա:

«Բոլոր խանութներում նախ հայտնվում է մենաշնորհային ընկերությունների, նոր միայն`տեղական արտադրողների արտադրանքը», – պարզաբանում է նա:

Իսկ շարքային քաղաքացիները, նրա խոսքերով, որակյալ սննդամթերք գնելու ավելի հեշտ ուղի են ընտրել:

«Շուկայում մարդիկ մթերքը գնում են իրենց ծանոթներից: Ահա թե ինչպես են նրանք լուծում սննդամթերքի որակի հետ կապված խնդիրը», – ասում է նա:

 

Մահարրամ Զեյնալով, Կովկաս

Կովկասյան լրատու # 618

Մահարրամ Զեյնալովն ազատ լրագրող է Ադրբեջանում:

 

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply