Երկու առարկաների քննական թեստերը շտեմարանների հիման վրա կկազմվեն
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | November 23, 2011 13:33
Առաջիկա շաբաթվա ընթացքում վաճառքում կհայտնվեն ԳԹԿ-ի կողմից հրատարակված «Մաթեմատիկա» ու «Հայոց լեզու և գրականություն» առարկաների շտեմարանների առաջին մասերը: Իսկ մինչև դեկտեմբերի վերջը պատրաստ կլինի նաև դրանց 2-րդ մասը: Առաջիկա միասնական ընդունելության քննությունների թեստերը կազմվելու են բացառապես շտեմարանում ընդգրկված առաջադրանքներով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Նրա խոսքով` վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է, որ ընդունելության քննությունները պետք է լինեն հնարավորինս հեշտ, իսկ ընթացքը` կանխատեսելի: Այդ իսկ պատճառով էլ որոշվել է շտեմարաններ հրատարակել: Իսկ քանի որ դա երկարատև գործընթաց է, այս տարի շտեմարաններ կլինեն միայն նշված երկու առարկաներից, իսկ մյուս տարի մասնագիտական խումբը հավանաբար կսկսի աշխատել բնագիտական ուղղության առարկաների շտեմարանների վրա: Իսկ այս տարվա շտեմարաններում ընդգրկված է 5-6 հազար առաջադրանք, որոնք հետագայում ամեն տարի կլրացվեն:
Խաչատրյանը նշում է, որ չնայած շտեմարանների առկայությանը, քննական մեծածավալ թեստերը կտպագրվեն Լոնդոնում` կոռուպցիոն ռիսկերից ու հնարավոր արտահոսքերից խուսափելու համար:
ԳԹԿ տպագրած շտեմարանների վրա գրված է հրատարակչի անունը` Գնահատման և թեստավորման կենտրոն, իսկ առաջին էջը կնքված է: Այս ամենը արվել է` խուսափելու շուկայում հայտնված այլ նմանակ շտեմարանների հետ գիրքը շփոթելուց:
Իսկ թե ինչ կարժենա շտեմարանը, դեռևս հայտնի չէ. շտեմարանի վերջնական գինը պետք է որոշի կառավարությունը, սակայն, ըստ Խաչատրյանի, գինը 2000-2500 դրամի շրջանակներում կլինի:
Շտեմարանը կտեղադրվի նաև համացանցում, սակայն, միայն ծախսերը փակելու համար բավարար քանակությամբ օրինակների վաճառքից հետո:
Պատրաստ են նաև քննական առարկաների ուղեցույցները, որոնք շուտով կառաքվեն դպրոցներ: ԳԹԿ տնօրենը նշում է, որ ուղեցույցներում փոփոխություններ գրեթե չեն եղել, միայն «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դեպքում որոշակի հստակեցումներ են կատարվել:
Ուսումնական տարվա ավարտին դպրոցները կունենան շուրջ 40 հազար շրջանավարտ, սպասվում է, որ 17 հազարի չափ էլ դիմորդներ կլինեն: Դիմորդների թիվը կհստակեցվի, երբ փետրվարից սկսվի քննական հայտերի ընդունման գործընթացը:






Facebook
Tweet This
Email This Post
