Պրահայում բացվել է ՀՀ դեսպանությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 23, 2011 12:15

Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարները պայմանավորվեցին հավելյալ ջանքեր գործադրել երկկողմ համագործակցության առավել ամրապնդման համար:

Նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Կարել Շվարցենբերգը շնորհավորեց Պրահայում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ` ընդգծելով, որ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով իր չեխ գործընկերոջը ջերմ  ընդունելության համար` նախարար Նալբանդյանը ասաց. «Շուրջ երեք տարի առաջ իմ այցելության ընթացքում մենք ընդգծեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք մեր հարաբերությունների զարգացման համար։ Այսօր մենք գոհունակությամբ կարող ենք նշել, որ մեր հարաբերություններն որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել»։

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ` Պրահայում Հայաստանի դեսպանության բացումը վկայում է Չեխական Հանրապետության հետ բարեկամական գործընկերությունը խորացնելու եւ ընդլայնելու հայկական կողմի նպատակադրվածության մասին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն հավելեց նաեւ. «Հաճելի է նշել, որ անցած մի քանի տարիների ընթացքում իրական առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության ակտիվացման,  բարձրաստիճան այցերի կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ։ Անցած երեք տարիներին Հայաստանի Նախագահը, վարչապետը եւ արտաքին գործերի նախարարն այցելել են Պրահա։ 2008թ. Հայաստանում հյուրընկալվել են Չեխիայի Սենատի նախագահը, Չեխիայի վարչապետը, ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը, ակտիվացել են միջխորհրդարանական կապերը»։

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ վերջին երեք տարվա ընթացքում երկկողմ ութ համաձայնագրեր են ստորագրվել:

Հայաստանի եւ Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից խոսեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների մասին:

Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը անդրադարձան առեւտրատնտեսական համագործակցության ներուժի օգտագործմանը,  ներդրումների խրախուսման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մշակութային փոխանակումների ակտիվացմանը:

Չեխիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Նախարարները քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությունը, Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերը։

Միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման ենթատեքստում նախարարները պայմանավորվեցին ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների ծրագիր մշակել եւ համագործակցություն ծավալել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ  Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջեւ:

Էդվարդ Նալբանդյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը ներկա գտնվեցին Պրահայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Պրահայում հավատարմագրված դեսպաններ, Չեխիայի խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Չեխիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի նախագահի առաջին տեղակալ Պրեմիսլ Սոբոտկայի եւ Սենատի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող սենատորների հետ:

Չեխ սենատորները բարձր գնահատեցին Պրահայում ՀՀ դեսպանության հիմնադրումը՝ վստահություն հայտնելով, որ մշտական դիվանագիտական ներկայացուցչությունը լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

Հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Սենատորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Նոյեմբերի 22-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չեխիայի Միջազգային հարաբերությունների ասոցիացիայում:

Օրվա ավարտին Հայաստանի արտգործնախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ Չեխիայի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց բազմաթիվ հարցերին:

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տվեց չեխական առաջատար «Լիդովե Նովիցի» թերթին:

 

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply